Կլինի՞ ասուլիս, թե՞ ոչ

Կլինի՞ ասուլիս, թե՞ ոչ

Հերմինե Նաղդալյանը հայտնվել է բարդ իրավիճակում: Վրաստան ԱԺ պաշտոնական այցն արդեն ավարտվել է, եւ այժմ այլեւս տարբերակ չկա խուսափելու պատասխան տալուց: ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարը հիմա լուրջ մտորումների մեջ է՝ տա՞լ ասուլիս, թե՞ ոչ, կամ տալուց ինչպե՞ս անել, որ լրագրողների հարցերի տակից «պատվով» դուրս գա: Հիշեցնենք, որ նրա ղեկավարած պատվիրակությունը ԵԽԽՎ-ում չի կարողացել կանխել «ԼՂ-ում եւ Ադրբեջանի օկուպացված տարածքներում բռնությունների ահագնացման» թեմայով ոչ հայանպաստ զեկույց պատրաստելու մասին որոշումը, իսկ զեկույցն էլ պետք է պատրաստի ակնհայտ պրոադրբեջանական կողմնորոշում ունեցող բրիտանացի պատվիրակը: Ակնհայտ է, որ Ստրասբուրգում տեղի ունեցած խայտառակությունը թանկ է նստելու տիկին Նաղդալյանի վրա: Երեկ ամբողջ օրը նա խառն էր, ոչ մի լրագրողի հետ չէր շփվում, թեպետ պատվիրակության անդամներից Նաիրա Կարապետյանը, օրինակ, լրագրողներին հուսադրել էր, որ «շուտով ասուլիս կտանք ու բոլոր հարցերին կպատասխանենք»: Բայց թե ում ուսերին է մնալու այս ձախողման պատասխանատվությունը, դեռ քննարկվում է: ԱԺ փոխնախագահը փորձում է հնարավորինս չոր դուրս գալ այս ամենից, դրա համար ուղիներ է փնտրում, ցանկանում է ձախողման պատասխանատվությունը «ախպերափայ» կիսել պատվիրակության բոլոր անդամների միջեւ՝ լրագրողների հարցերի առաջ միայնակ չմնալու համար, ուստի ամեն ինչ անում է, որ ասուլիսին մասնակցեն պատվիրակության մյուս անդամները եւս: Չի բացառվում, որ նույնիսկ ասուլիս չլինի: Չնայած այսօր կայանալու է Վրաստանից վերադարձած պատվիրակության ասուլիսը, որին մասնակցելու է նաեւ ինքը՝ Նաղդալյանը, հետեւաբար, ԵԽԽՎ-ի թեմայով հարցերից հազիվ թե կարողանա խուսափել:



Ի դեպ, ԱԺ կուլիսներում արդեն ակտիվացել են պատվիրակության ղեկավարին փոխարինելու խոսակցությունները, եւ չի բացառվում, որ Նաղդալյանի օրերն իսկապես հաշված են, ինչն անհանգստացրել է նրան: Ինչպես արդեն գրվել էր, ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարի պաշտոնում ՀՀԿ-ում քննարկվում է հիմնականում 3 անուն՝ Կորյուն Նահապետյան, Արտակ Զաքարյան, Արփինե Հովհաննիսյան: Բոլոր երեք թեկնածուներն էլ թերություններ ունեն՝ բարդ բնավորություն, ոչ պատշաճ պատրաստվածություն, երիտասարդ եւ անփորձ en եւ այլն, սակայն նախկին ղեկավարին պահելն էլ բարդ է: