Ծառուկյանն իր ապարանքում թագավոր, իսկ դրսո՞ւմ

Ծառուկյանն իր ապարանքում թագավոր, իսկ դրսո՞ւմ

Ինչպես եւ սպասվում էր, ԲՀԿ ղեկավարի տեսակետն այս անգամ էլ է տրամագծորեն տարբերվում կուսակիցների դիրքորոշումից: Շարքային ԲՀԿ-ականները մարզային հարթակներից իշխանափոխության խրոխտ կոչեր են անում, իսկ Գագիկ Ծառուկյանն իր շքեղ ու ապահով ապարանքում՝ «կանյաչնիում», խուսափեց պատասխանել քաղաքական հարցերի եւ հատկապես այն մեկին, թե պահանջելո՞ւ է Սերժ Սարգսյանի հրաժարականը: Ավելին՝ քաղաքական հարցերի տարափը ԲՀԿ-ական ղեկավարին անհանգստացրին այնքան, որ անգամ մարզական հարցերի առկայության պարագայում ազդարարեց ասուլիսի ավարտը՝ ըստ էության տապալելով ՄՕԿ նախագահ Թոմաս Բախի հետ համատեղ ասուլիսը: Տեսնելով, որ լրագրողներն անհաղորդ են իր հորդորներին, եւ հարցերը ոչ թե «սպորտի զարգացման, աջակցման, մասնակցության, միջոցառումների» վերաբերյալ են, այլ, ինչպես ինքն ասաց, ասուլիսը «սարքում» են «քաղաքական երեկոյի», Ծառուկյանն առաջնորդեց իր հյուրերին, որ արագ-արագ լքեն դահլիճը:
Մինչ քաղաքական հարցերով լրագրողները «կհարամեին» երեկվա միջոցառումը, Ծառուկյանն իրեն թագավոր էր զգում իր վոտչինայում, որի ամեն մետրը պաշտպանվում էր տռզած բազուկներով սափրագլուխների կողմից:
Թիկնապահներից առաջ ընկած Ծառուկյանն իր հյուրերին ասուլիսի դահլիճ ուղեկցեց արքայավայել՝ ոչ թե այն դռնով, որով հասարակ լրագրողներն էին անցել, այլ մեկ մետր հեռավորության վրա գտնվող դռնից: Հետո տանտիրոջ իրավունքով աջ ու ձախ սկսեց շշպռել լրագրողներին ու թարգմանիչներին: «Տո այ տղա, ի՞նչ եք քաղաքական հարցեր տալիս»,- դեռ չնստած՝ «հարձակվեց» լրագրողներից մեկի վրա, ով փորձում էր ճշտել՝ մասնակցելո՞ւ է Ծառուկյանն այսօրվա հանրահավաքին: «Այսօր եկել ա աշխարհի օլիմպիական կոմիտեի նախագահը, Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահը, մի հատ հարց տվեք, բարի գալուստ ցանկացեք, իմացեք խի են եկել»,- հյուրերին ռեւերանս արեց Ծառուկյանը, բայց քաղաքավարի պահվածքը մի քանի րոպե տեւեց. թարգմանչուհին, ում մի քանի րոպե արտասահմանցի գործընկերները չէին կարողանում գլխի գցել, որ ականջակալների հետ խնդիր կա, եւ թարգմանությունը չեն լսել, հայտնվեց Ծառուկյանի թիրախում. նա ձայնը բարձրացնելով՝ ասաց. «Չհասկացա, դե էլի թարգմանի»: Այդուհանդերձ, ԲՀԿ ղեկավարը ջանում էր գործընկերների մոտ դրական իմիջով ներկայանալ եւ նրանց անգլերեն խոսքի ժամանակ իր մշտական ժպիտով եւ կիսափակ աչքերով տարուբերում էր գլուխը:



Գագիկ Ծառուկյանը՝ պարոն Ծառուկյանի մասին



Ծառուկյանի բարեկիրթ ժպիտը սառեց դեմքին, երբ մենք հետաքրքրվեցինք, թե ինչու էր իր հյուրերին նախորդ օրն ուղեկցել Բաղրամյան 26՝ Սերժ Սարգսյանի նստավայր. «Հնարավո՞ր չէր արդյոք խուսափել դրանից եւ, ըստ այդմ՝ իր հասցեին քննադատություններից, որովհետեւ այն պահին, երբ հանդիպման ուրախ լուսանկարները հայտնվեցին լրատվամիջոցներում, եռյակը Գյումրիում իշխանափոխություն էր պահանջում»: Ծառուկյանը հանճարեղ պատասխան տվեց. «Եթե եկել է աշխարհի օլիմպիական կոմիտեի նախագահը, նա որ երկիր մտնի, պատերազմող երկրում էլ, ուրեմն այդ երկրում պատերազմը պետք է դադարի, ես ուզում եմ, որ մեր լրագրողները մի քիչ տեղեկացված լինեն իրականությունից, որ աշխարհի օլիմպիական կոմիտեն, օլիմպիադան որ երկրում որ կայանում է, դա խաղաղություն է: Հարգելով, այո, մեր պետությանը, ես պարտավոր եմ իմ հյուրերի հետ գնալու, քննարկելու, բայց դա ոչ մի բանի չի խանգարում՝ մեր սկզբունքին, մեր մոտեցմանը, մեր տեսակետին»: Ո՞ր տեսակետին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի՞ն, փորձեցինք ճշտել մենք, սակայն մնացինք անպատասխան: Ծառուկյանը հստակեցրեց. «Պարոն Ծառուկյանը» կմասնակցի այսօրվա հանրահավաքին. «Այո, իհարկե, պարոն Ծառուկյանը մասնակցելու է հանրահավաքին, ո՞նց կարող ա պատահի, եթե ասենք թե հանրահավաք լինի, Ծառուկյանն ասենք թե, իմ կուսակցականներն այնտեղ են, Ծառուկյանը ժողովրդի կողքին չլինի»: Անդրադառնալով լուրերին, թե ինքն ասել է, որ 2018-ին առաջադրելու է իր թեկնածությունը, Ծառուկյանն ասաց. «Առաջին տեղեկատվությունը, որ կա, դա ճիշտ չի: Երկրորդը, որ իմ մտքում կա, ասենք թե նախագահի 4-5 թեկնածու, որոնք արժանապատիվ մարդիկ են, եւ կարող են այս ասենք թե զարգացման ուղու վրա դնել երկիրը եւ խնդիրները կարգավորել: Եթե իմ քաղաքական գործընկերները եւ ասենք թե հանրությունը դրանցից որեւիցե մեկի թեկնածությունը կառաջադրեն, ուրեմն ես պատրաստ եմ նրան պաշտպանել, նրա կողքը կանգնել: Իսկ եթե իմ քաղաքական գործընկերները, հանրությունը ներկայացրեցին, որ ի՛մ կարիքը կա, այդ ծանր, դժվար պահին, որ ի՛մ թեկնածությունը պետք է ըլնի, ուրեմն ասում եմ, որ ես դրա՛ն էլ եմ պատրաստ: Ու անմիջապես կարող եմ ասել՝ մի քանի ամսվա ընթացքում կարեւորագույն խնդիրները լուծումներ կունենան, պետությունը կդրվի ճիշտ ուղու, ճիշտ հիմքերի վրա, ու դա ոչ միայն խոսքերով, այլեւ մարդիկ՝ բոլոր ոլորտի, դա կզգան իրենց առօրյայում, իրենց ապրելակերպերում եւ իրենց գործունեության մեջ»: Ապա հավելեց. «Կարող եմ մի բան էլ ասեմ, այդ ժամանակ չի լինի միանձնյա որոշում, բոլոր կուսակցություններում էլ կան շատ խելացի, բանիմաց մարդիկ, որոնք մեր ազգի հարստությունն են: Կան անհատներ՝ ոչ կուսակցական պատկանելությամբ, որոնք նույնպես շատ խելացի, բանիմաց մարդիկ են, որը դա ազգի հարստությունն են: Պետք է համախմբվի, քննարկվի, լսվի, եւ կարողանանք ճիշտ որոշում կայացնենք: Հիմնական խնդիրը սա՛ է: Աշխարհում չկա մի խնդիր, որ էդ խնդիրը լուծում չունենա, միայն պետք է մարդիկ բարի լինեն՝ քննարկելու, լսելու, տվյալ իրավիճակը պատկերացնելու համար, որ դա կարողանա ժողովուրդը, պետությունն իր վրա դա զգա»: