Ինչպես էին երեխաներին ՀՀԿ-ացնում

Ինչպես էին երեխաներին ՀՀԿ-ացնում

Մինչ ոչ իշխանական եռյակը պատրաստվում է հեղափոխության, եւ Ծառուկյանն իր նախագահ դառնալու մասին է հայտարարում, ՀՀԿ կենտրոնական գրասենյակում մատաղ սերնդին են ՀՀԿ-ացնում՝ Տարոն Մարգարյանի, Կարեն Ավագյանի եւ ՀՀԿ-ական հնաբնակ Ռազմիկ Զոհրաբյանի քավորությամբ: Այս ծիսակատարությունը տեղի ունեցավ ամենամյա անվանական կրթաթոշակների հանձնման միջոցառման ժամանակ, որն իրականացնում էր ՀՀԿ երիտասարդական թեւը: Կարեն Ավագյանը, ինչպես ջոկատավար, զբաղեցնում էր ուսանողներին ու միաժամանակ ելումուտ անում՝ աչքը Տարոն Մարգարյանի ճամփին: Կառավարության նիստից հետո քաղաքապետը ժամանեց: Նա ինքնավստահ ներս մտավ, ուսանողները զգաստացան, Կարեն Ավագյանը ողջ մարմնով նետվեց նրա կողմ՝ լրագրողներից պաշտպանելու: Մեր հարցին՝ որպես գիտությունների թեկնածո՞ւ է հրավիրված, թե՞ որպես քաղաքապետ, նա նախ ժպտաց, ապա պատասխանեց. «Որպես Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ»:



- Վաղն Ազատության հրապարակում շատ կարեւոր իրադարձություն է լինելու, իշխանափոխությունն է մեկնարկելու, դա Ձեզ չի՞ մտահոգում:



- Վաղը քաղաքապետարանը միջազգային կոնֆերանս է անցկացնելու՝ Երեւան 2025…



- Ի՞նչ կապ ունի դա իշխանափոխության հետ:



- Էրեբունի-Երեւանի տոնակատարությանն ընդառաջ 2025 միջազգային կոնֆերանս է լինելու:



- ԲՀԿ-ն ասում է՝ ձեր իշխանությունը պիտի հեռանա, պատրաստվո՞ւմ եք հեռանալ:



- Ընդդիմությունը թե ինչով է զբաղվում… գոնե քաղաքային իշխանությունը, բոլորի համար պարզ է, մենք հայտարարությամբ ենք հանդես գալիս, որ միջազգային կոնֆերանս ենք իրականացնելու…



- Այսինքն, այդ կոնֆերանսով իշխանափոխությա՞նն եք դիմադրելու:



- Ոչ, մենք աշխատում ենք մեր ժողովրդի համար:



- Ձեր կարծիքով, Գագիկ Ծառուկյանը մինչեւ վերջ կիրագործի՞ իշխանափոխության ծրագիրը:



- Ինձ թվում ա՝ հարցն իրան պիտի տաք:



- Իրենք հավանական են համարում:



- Ես կրկնեցի՝ ես իմ աշխատանքով եմ զբաղվում, հոկտեմբերի 10-ին Երեւանի քաղաքապետարանի կազմակերպած «Էրեբունի-Երեւան» տոնակատարության շրջանակում միջազգային կոնֆերանս…



- ՀՀԿ-ական շրջանակներում ասում են՝ Դուք եւ Հովիկ Աբրահամյանը լուրջ տարաձայնություններ ունեք, ի՞նչն է պատճառը:



- Ոչ, նման բան չկա, մենք մտերիմ ենք, ու շատ նորմալ են մեր հարաբերությունները, ես էդ կարծիքին չեմ:



- Ասում են՝ փորձում է Ձեզ խեղճացնել, ճնշել քաղաքապետի պաշտոնում:



- Քաղաքապետի պաշտոնն ընտրովի է:



- Բայց Դուք կեղծված ընտրություններով եք անցել, բոլորը գիտեն:



- Աաա՜, այ, ըտեղ սխալվեցիք արդեն…



Ասաց ու մտավ դահլիճ: Շնորհակալագրերը հանձնվեցին, մի քանի հոգու մեկ տարվա կտրվածքով 25 հազարական թոշակներ, 17-18 տարեկան ուսանողներին ընդունեցին ՀՀԿ շարքեր՝ բաժանելով նրանց անդամատոմսերը: Նրանք երջանիկ անտեղյակության մեջ նետվեցին դեպի կարմիր տոմսերը՝ որպես հաջող կարիերայի, փառահեղ ապագայի երաշխիք: Բժշկական համալսարանի երկրորդ կուրսի մի աղջնակի հարցրինք՝ ինչո՞ւ է անդամագրվում, ասաց, որ «հետաքրքրված է ՀՀԿ-ի ծրագրերով»: Իսկ ինչո՞վ էր գայթակղիչ այս կուսակցությունը, երբ նրանց վարած քաղաքականությունից քաղաքացիները դժգոհ են, համատարած արտագաղթում են, անարդարություն է երկրում, նորաթուխ ՀՀԿ-ականն արագ կողմնորոշվեց. «Դա սուտ մի քանի հոգու կարծիք է, քանի որ շատ երիտասարդներ կարծում են, որ կուսակցությունը նպաստավոր գործունեություն է ծավալում հենց երիտասարդական շրջանակներում»: Ի՞նչ լավ բան է լսել ՀՀԿ-ական իշխանության մասին, որը վերջին 7-8 տարվա ընթացքում արել է պետության ու ժողովրդի համար: «Բավականին շատ բաներ»: Կոնսերվատորիայի 2-րդ կուրսի ուսանող Միքայել Գեւորգյանն էլ ասաց. «Քանի որ միշտ մեր կողքին է եղել, բարեգործություն է արել»: Հաջորդ հարցը չհասցրինք տալ, Կարեն Ավագյանը հետեւից մոտեցավ, ուսերից բռնելով հեռացրեց՝ հայտարարելով, թե նրա «տարիքը չի համապատասխանում խոսելուն»: Մեր ռեպլիկին, թե ՀՀԿ-ացվելուն համապատասխանո՞ւմ է, ՀՀԿ-ական դեմբելը փորձեց սրամտել. «Այո, իսկ Ձեր հետ խոսելու համար մի քիչ ավելի հմտություններ է հարկավոր»: Բժշկական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող Նարեկ Սահինյանն ամենաազնիվը գտնվեց՝ խոստովանելով, որ դեռ հասուն չէ քաղաքականության համար: «Քանի որ ես այս պահին 3-րդ կուրսում եմ գտնվում, ու ընդհանուր քաղաքականություն հասկանալու համար դժվար է ամբողջովին իմանալ ու հասկանալ, թե վերեւում ինչ է կատարվում… ես ընդամենը գիտեմ, որ այս կուսակցությունը միակ տեղն է, որտեղ որ հնարավոր է….»: «Կարիերա՞ անել»,- շարունակեցինք: «Ոչ միայն կարիերա, կարիերան ամենակարեւորը չէ, ստեղծագործել, զարգացնել: Ես ուզում եմ ասել՝ լինելով երիտասարդ, ակտիվ երիտասարդ, յուրաքանչյուրի գաղափարներն իրականացնելու համար ինչ-որ վայր է պետք, հնարավորություններ»: Դուք կարող եք լավ սովորել ու լավ բժիշկ դառնալ՝ առանց ՀՀԿ մտնելու, ի՞նչն է խնդիրը: «Յուրաքանչյուր քաղաքացի պետք է գաղափար ունենա, որ իր հասարակությունը պետք է զարգանա»: Իսկ դա ի՞նչ կապ ունի ՀՀԿ-ի հետ: Այստեղ դարձյալ օգնության հասավ Կարեն Ավագյանը եւ տարավ նորաթուխ ՀՀԿ-ականին: Ահա այսպիսի գաղափարական գիգանտներով էլ հզորացնում են ՀՀԿ-ն:



 



Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ