Բարոյախոսում է Լիսկայի հանցանքը պարտակողը

Բարոյախոսում է Լիսկայի հանցանքը պարտակողը

Երեկ կառավարության նիստից հետո խոսելով Աղվան Հովսեփյանի հիմնարկի՝ Քննչական կոմիտեի քննիչների դեմ հարուցված քրեական գործի դրդապատճառների մասին՝ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն արդարացավ, թե դա պայմանավորված չէ իրենց միջեւ անձնական հակասություններով. «Դա դատախազի իրավունքն է, երբ որ դատախազը տեսնում է հանցագործության հատկանիշներ, նա պարտավոր է քրեական գործ հարուցել: Երբ որ քրեական գործը հարուցվում է այս կամ այն ոլորտում չարաշահման կապակցությամբ, դա ամենեւին չի նշանակում եւ չի կարող նշանակել, որ համակարգերի ղեկավարների կամ նրանց աշխատակիցների միջեւ կան որոշակի հակասություններ: Եվ ինձ համար զարմանալի է, որ յուրաքանչյուր պաշտոնյայի կողմից իր լիազորությունների իրականացումն անպայման ներկայացվում է էմոցիոնալ որոշակի զեղումներով»: Իսկ քրեական գործերի մանրամասներին չանդրադարձավ. «Մարդու ճակատագրի հանդեպ հարգանք եւ մարդու կենսագրության ու ապրած կյանքի, անունի նկատմամբ վերաբերմունք չի կարող էմոցիոնալ հարթության կամ անձնական շահերից ելնելով դրսեւորվել: Ես ձեզ վստահեցնում եմ, որ որեւէ անձնական կամ էմոցիոնալ հարթության մեջ չեն կարող նման հարցերը քննարկվել, չի կարելի նման հարցերի նկատմամբ վերաբերմունք ցուցաբերել, որովհետեւ մենք գործ ունենք յուրաքանչյուր քրեական գործով կոնկրետ մարդու ճակատագրի հետ: Դա պարտավորեցնում է յուրաքանչյուրիս, հատկապես դատախազին, ով հսկողություն է իրականացնում նախաքննության օրինականության նկատմամբ, լինել զուսպ եւ հատկապես կշռադատված մոտեցումներով հիմնավորված»:



Նկատենք, որ այս բարոյախրատական ճառի հեղինակի ակտիվ մասնակցությամբ պարտակվեց Լիսկայի՝ Սուրիկ Խաչատրյանի տան բակում կատարված սպանությունը: