«Made in Հայաստան» անարդյունավետ օրենքները

«Made in Հայաստան» անարդյունավետ օրենքները

Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, ուրախ դեմքով ներս մտնելով սրահ, իր տեղն էր փնտրում. «Որտե՞ղ, կառավարությունից վերե՞ւ, թե՞ ներքեւ»:



Համակարգող աղջիկը ժպտալով պատասխանեց. «Կողքը»: Մարդիկ քիչ-քիչ հավաքվեցին, այստեղ էին ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը, հասարակական կազմակերպությունների անդամներ: Եվ մինչ կսկսեին կարդալ «Օրենսդրական գործընթացի գնահատումը Հայաստանի Հանրապետությունում» զեկույցը, արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը լրագրողներին բացատրեց, որ պատգամավորներին «դասասենյակ» հրավիրելն ստիպողաբար չէ. «Հասկանո՞ւմ եք, չի կարող կառավարությունը կամ որեւէ մեկն այնպես անել, որ բոլոր պատգամավորները լինեն դահլիճում: Պատգամավորներն իմպերատիվ մանդատով կաշկանդված չեն, նրանք ազատ են իրենց որոշումները կայացնելուց: Իհարկե, կարգապահությունը շատ կարեւոր է, բայց որեւէ մեկը պատգամավորին չի կարող ստիպել նիստի մասնակցել»: Այդ խնդրին էլ անդրադարձավ արդարադատության նախարարը, քանի որ եվրոպացիները հերթական ուսումնասիրությունն են կատարել Հայաստանում, այս անգամ օրենսդրական գործընթացն են գնահատել, 83 էջանոց զեկույցում նրանք անդրադարձել են «made in Հայաստան» օրենքների որակին՝ բազմիցս մատնանշելով ժամանակային սահմանափակվածությունը: Կարծում եմ՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչները ժամանակը կհամարեին չարյաց փոքրագույնը, եթե մեկ անգամ տեսնեին, թե ինչ «մանկապարտեզ» մթնոլորտում են ընդունվում օրենքները: «Կարեւորագույն խնդիրներից մեկն օրենսդրական գործընթացի ժամանակային սահմանափակվածությունն է: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր օրենսդիր իշխանությունը, թե՛ Ազգային ժողովը, թե՛ կառավարությունը, լինում են օրեր, երբ բավականին մեծ ծանրաբեռնվածություն է լինում: Դրա համար երբեմն-երբեմն ստիպված ենք լինում ամսվա մեջ նույնիսկ երկու անգամ նստաշրջաններ հրավիրել»,- ասաց Հովհաննես Մանուկյանը, ով բացման խոսքից հետո ներողություն խնդրեց եւ հեռացավ սրահից: Երբեմն-երբեմն էլ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ժողովրդավարացման բաժնի պետ Նատալի Թագվեքերը խոսում էր այն մասին, թե այս ինչ շահագրգռված ազգ են հայերը, բոլորը պատրաստակամությամբ են լցված՝ լավացնել օրենսդրական ընթացակարգի դաշտը: Նա նաեւ կարեւորեց քաղաքացիական նախաձեռնություններն օրենսդրական դաշտում: «ԱԺ-ն, ի հակադրություն, ակնհայտ երկրորդական դեր է կատարում եւ գրեթե կամ իսպառ չունի որեւէ աղբյուրից օրենսդրական առաջարկները վերցնելու եւ օրենքի վերածելու անկախ իրավասություն»: Էլ ուր մնաց քաղաքացիական հասարակության կարծիքը հաշվի առնեն: 



Ի դեպ, հենց արդարադատության նախարարության պատվերով է ԺՀՄԻԳ-ը լծվել ՀՀ օրենսդիր դաշտի գնահատմանը: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի համար զարմանալի էին այդ պատվերի նպատակները. «Բայց զեկույցը բավական հետաքրքիր է եւ օբյեկտիվ: Քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը բավականին կտրված է եւ ձեւական բնույթ է կրում, որովհետեւ, ի վերջո, դա եվրոպական կառույցների պահանջն է՝ համագործակցել քաղաքացիական հասարակության հետ: Կարծում եմ, որ այն առաջարկությունները, որոնք կան, կարող են լուծում ստանալ ոչ ամբողջական: Առաջարկություններ կան օրենսդիր մշակող մասնագետների հատուկ կառույց ստեղծելու, այդ հարցը կարող է լուծվել»: