Հիմա ես Աշոտյանի հետ արյունակի՞ց եմ…

Հիմա ես Աշոտյանի հետ արյունակի՞ց եմ…

Աշոտյանը գնում է փոքրիկ Կարոյի համար Յոլյանի Արյունաբանական կենտրոնում արյուն տա: Ինքն է ֆեսբուքում շուխուր արել: Որ սուս ու փուս գնա, գովելի կլինի, բոլորս էլ ինչ որ հարցում մեկին օգնում ենք, բայց ամոթ ենք համարում այազ- բայազ անելը: Բայց դա էլ հարցի մի կողմ, նախարարը ֆեսբուքում կոչանման բան է անում. «Բոլոր նրանք, ովքեր ունեն II դրական խմբի արյուն, խնդրվում է աշխատանքային օրերին, մինչև ժամը 11։00-ն այցելել Յոլյանի անվան Արյունաբանական Կենտրոն (Ներսիսյան 7) արյուն հանձնելու»: Վու՜յմե: Իմ արյունն էլ երկրորդ դրական խումբ: Հիմա ես Աշոտյանի հետ արյունակի՞ց եմ, թե՞ խմբակից:
Պատկերացնու՞մ եք, թե Հայաստանում քանի հազար մարդ երկրորդ դրական խումբ արյուն ունի, եթե դրա մեկ քառորդն էլ գնա ու ինչպես Աշոտյանն է ուղղորդում, ասի՝ ցանկանում եմ դոնոր լինել Կարոյի համար, ինչ կստացվի: Էդ հիվանդանոցն ի՞նչ է, վամպի՞ր է, որ այդքան արյուն խմի… Անձնավորված, կյանք փրկելու համար բոլորն էլ կամավոր արյուն կտան, բայց դնել ու բոլորին կոչ անել, թե ովքեր ունեն երկրորդ խմբի արյուն, թող գնան…, խելքին մոտիկ բան չի: Ի՞նչ, Աշոտյանն այդ հիվանդանոցի գլխավոր մենեջե՞րն է: Որոշ ժամանակ առաջ էլ մեր աստղերն էին արյուն տալիս, հետո ջրի երես եղավ չէ՞, թե ոնց են արյուն տալիս: Չծավալվեմ, որովհետև վերջը պարզվեց, որ Աշոտյանն իմ արյունակիցն է, իսկ արյունը ջուր չի դառնում:
ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ