Եռյակը հաշվետու է

Եռյակը հաշվետու է

Եռյակի կեսից շատը երանության մեջ է: ՍԴ-ն և Գագիկ Հարությունյանը հիմա նրանց սիրելին են, բայց ավաղ, քաղաքական մոմենտը թույլ չի տալիս, որ մի երկու ստռոչկա դրական բան ասեն կամ գրեն ՍԴ-ի ու Գագիկ Հարությունյանի մասին:



Այսուհանդերձ գտել են իրավիճակից չոր դուրս գալու և ԵՏՄ-ին անդամակցելու այս խայտառակությունը ՀՀԿ-ի ուսերին թողնելու ձևը: Դա արվում է հետևյալ ռակուրսով` Լևոն Տեր-Պետրոսյանը չափազանցրել է արևմտամետների թիվը, նրանք իրականում երկու տասնյակ էլ չկան, և Գագիկ Հարությունյանը, որ միշտ դակում է Սերժ Սարգսյանի որոշումները, իր դեմ մարդ չտեսնելով, սահմանադրությանը համապատասխան ճանաչեց ԵՏՄ անդամակցության փաստաթուղթը: Իսկ իրենց մասին, ինչպես տեսնում եք` ոչ մի խոսք: Մինչդեռ պարտավոր էին ընդգծել, որ ԵՏՄ-ին անդամակցության հարցում իրենք Սերժից ավելի Սերժ և Գագիկ Հարությունյանից ավելի Գագիկ Հարությունյան են: Մի բան էլ նկատենք` եթե Սերժը պրիզնատ է գալիս Պուտինին, ապա եռյակի որոշ ուժեր Լուկաշենկոյի այսպես ասած ՙքիփն՚ են, որոշներն էլ, նույնիսկ` Նազարբաևի:



Եռյակը, ակնհայտորեն, չի ցանկանում իր վրա պատասխանատվություն վերցնել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցում, թեև ոչ ոք չի մոռացել հոկտեմբերի 10-ի հանրահավաքը, որով այս նույն եռյակը, ըստ էության, Մինսկում ստորագրված ղազագրի պատվին սալյուտ տվեց Երևանում: Նույնիսկ թող չփորձեն հերքել, որովհետև պատահական չէր, որ հենց հաջորդ` հոկտեմբերի 24-ի հանրահավաքում Տեր-Պետրոսյանը անդրադարձավ հարցին ու իբր արդարացավ, թե հոկտեմբերի 10-ի հանրահավաքը տեղի էր ունենում ոչ թե ստորագրման պահին, այլ դրանից մեկ ժամ հետո: Բայց, ինչպես ասում են` ի՞նչ կապ ունի` սալյուտը մեկ ժամ շուտ տաս, թե՞ մեկ ժամ ուշ, մանավանդ, որ այն տալիս ես այդպիսի բախտորոշ իրադարձության նույն օրը` նախապես ստելով, թե հանրահավաքի օրը պատահական է համընկել:



Ուրիշ ի՞նչ կարելի է սպասել այս իշխանափոխիչներից: Բնականաբար, նույնն անելու են ԱԺ արտահերթ նիստի օրը, երբ ԵՏՄ պայմանագիրը ներկայացվի ԱԺ վավերացմանը: Գալու են, գլուխները կախ դակեն փաստաթուղթն ու գնալու իրենց գործին` իբր իշխանափոխություն անելու, չհասկանալով, որ այս պայմանագրով արդեն ստիպված են լինելու իշխանափոխության հարցերը համաձայնեցնել Պուտինի, Լուկաշենկոյի և Նազարբաևի հետ: Ասենք` մինչ այս էլ համաձայնեցված էր ամեն ինչ, միայն թե դեռ անկախության նշույլներ կային, որոնք, նաև եռյակի ջանքերով, փոշիացան ՍԴ որոշումից հետո:



Եթե Ադրբեջանը չմիանա այս պայմանագրին, անխուսափելիորեն գալու է նաև այն օրը, որ Հայաստանի ու Ղարաբաղի միջև մաքսակետեր տեղակայվեն, ինչպես նաև ՀՀ և Ղարաբաղի քաղաքացիների համար պարտադիր դառնան օտար պետության սահման հատելու բոլոր օրենքները: Ով ով, բայց Արևմուտքը կհոգա, որ ԵՏՄ անդամ Հայաստանը հարգի միջազգային օրենքները, մինչև Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշտումը: Այս հարցում պակաս շահագրգռված չէ նաև Նազարբաևը, ով ԵՏՄ-ում, ի տարբերություն Հայաստանի, վետոյի իրավունք ունի: Հետևանքների մասին չենք ուզում խոսել, բայց սերունդների համար արժե ամրագրել, որ 2014 թվականին Հայաստանի քաղաքական դաշտում հայտնվեց մի ուժ, եռյակ անունով, ու իրենից կախված ամեն ինչ արեց` նպաստելու համար Հայաստանի և Ղարաբաղի օտարացմանը:



Արժե՞, արդյոք, խոսել մի երկրի լուսավոր ապագայի ու տնտեսական առաջընթացի մասին, երբ այդ երկրի ընդդիմությունը արևմտամետ է, երբ իշխանությունն է արևմտամետ և ռուսամետ է, երբ իշխանությունն է ռուսամետ: Ի՞նչ իշխանափոխության մասին է խոսքն այս դեպքում: Եռյակը մտածում է` ինքն ավելի լավ ռուսամետ է, քան Սերժ Սարգսյա՞նը, թե՞ կարծում է` կկարողանա ԵՏՄ օրենքներով ավելի լավ վասալացնել Հայաստանը, քան ՀՀԿ-ն է այդ անում:
ՙՎասալացում՚ տերմինը, եթե չենք սխալվում, ԲՀԿ-ն դրեց շրջանառության մեջ` կապված ՙՀայռուսգազարդի՚ բաժնեմասը ՙԳազպրոմին՚ պարտքի դիմաց թողնելու հետ: Նաիրա Զոհրաբյանը թույլ չի տա ստել` այդպե՞ս է: Արդ ուրեմն բարի եղեք բացատրել, թե ի՞նչ է նշանակում բիրիքով վասալացման այս գործընթացը, որի ջերմեռանդ պաշտպաններն եք:



Ժողովրդին կարճաժամկետ խաբելու և հիմարացնելու համար շատ խելք պետք չի: Դա կարելի է անել ինչպես լիմիտավորված հանրահավաքներով, այնպես էլ շտաբ բացելուվ ու զանազան այլ կապիկություններով: Խելքը, հարգելի եռյակ, ձեզ հետո է պետք լինելու` երբ գա այս ամենի համար պատասխան տալու ժամանակը: