Նունե ու մնացյալներ, ինչու՞ չեք կանգնում ընդվզող սովյալների կողքին

Նունե ու մնացյալներ, ինչու՞ չեք կանգնում ընդվզող սովյալների կողքին

Բարեգործությունը լավ բան է: Երեկ Հ2-ով հաղորդում էի նայում, որտեղ մի ընտանիք հայտնվել էր անասելի ծանր վիճակում: Տան տղամարդը, ով աղբարկղից էր իր օրվա ծախսն ապահովում, մի այսպիսի բան էր ասում. «Ինձ զգում եմ անպետք, ինչպես այս աղբարկղի մեջ եղած զիբիլը»: Դրան հաջորդում է բարեգործությունների շղթան. գործարարները, կազմակերպությունները, անհատ մարդիկ, Սփյուռքից մեր փափուկ սրտի տեր հայերը, ով ինչով կարող է, օգնում է այդ թշվառ մարդուն: Գործարարներից մեկը նրան աշխատանքի է վերցնում: Անգամ Նունե Եսայանի փոքրիկ տղան է այդ ընտանիքի երեխաներին օգնում: Վերջում, օգնություններից հետո, ինչպես հեքիաթում, այդ թշվառ մարդը սկսում է երեխաների հետ պարել, ուրախանալ, մոռանալով ոտքի վերքը, ցավը: Մեկն էլ գտնվում ու խոստանում է, որ կբուժի այդ վերքն էլ, ոտքն էլ: Բայց ինձ մի ուրիշ, լրիվ ուրի՜շ բան է հետաքրքրում. մեր շարքային քաղաքացիները, սփյուռքահայերը, հատկապես վերջին 20 տարիներին, ովքեր գիտեն, տեսնում են, որ ազգը այս թշվառ վիճակի մեջ է, միշտ էլ օգնել են կարիքավորներին՝ իրենց նվազ միջոցներով: Օգնել ու կանգնել են ընդվզող ժողովրդի կողքին ու պայքարել են նրա հետ, որ այս վիճակի վերջը տրվի: Կանգնել են աղքատության մեջ ապրող ժողովրդի կողքին ու մարտահրավեր են իջեցրել իշխանություններին՝ եթե չեք կարող այս ժողովրդին պահել, հեռացե՜ք… Այդ առումով ես խիստ բնական եմ ընդունում նրանց՝ իրենց երեխաների բերանից կտրելն ու օգնելը: Իսկ գործարարների, իշխանությանը մոտ կանգնած մարդկանց օգնությունը, ինչքան էլ անհրաժեշտ է մեր ժողովրդին, չեմ հասկանում: Եղբայրք, վատ բա՞ն է, չէ՞, աղքատությունը, թշվառությունը, սովը, աղբարկղերը քրքրելը: Դուք դա ընդունում եք, որովհետև թեկուզ գովազդային լույսի տակ դա անում եք, այդ դեպքում ինչու՞ չեք կանգնում այս թշվառ ժողովրդի կողքին: Մի մարդու օգնելով ու անուն առ անուն ձեզ հիշատակելով, հո թշվառությունը չվերացա՞վ Հայաստանից: Հո բոլոր սովյալները չկշտացա՞ն: Չե՞ք զգում, որ արմատական փոփոխություն է պետք, որպեսզի ոչ մի երեխա, ոչ մի մարդ սոված չմնա: Այդ դեպքում, Նունե ու մնացյալներ, ինչու՞ չեք կանգնում ընդվզող սովյալների կողքին, ինչու՞ նրանց հետ չեք բարձրաձայնում՝ ժամանակն է վերջ տալու այս ամենին, ժամանակն է, որ Հայաստանում քաղցած մարդ չլինի: Եթե անկեղծ եք, իրոք, ու ցավում եք ծայրահեղ աղքատության մեջ հայտնված մարդկանց համար: Թե՞ ավելի հետաքրքիր է՝ բարեհոգության բարձունքներից շռայլության մանրադրամներ նետել թշվառներին ու բարձունքից նայել, թե ինչպես է թշվառն իր ողջ թշվառությամբ պարում երեխաների հետ:
Ես չգիտեմ՝ դուք ինչպես, բայց ինձ մինչև հոգուս խորքը հուզել է այդ թշվառ մարդու պարը, զգում էի, որ նա չի հասկանում, որ ուսերին է առել մի ողջ Հայաստանի ցավ ու պարում է, որովհետև այլևս փոփոխության չի սպասում:



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ