Ազգային ժողովն ու կառավարությունը երեկ իրար ջան էին ասում, ջան լսում

Ազգային ժողովն ու կառավարությունը երեկ իրար ջան էին ասում, ջան լսում

Ազգային ժողովում երեկ ջանուղուրբանի օր էր: Կառավարությունն արտահերթ նիստով, ի թիվս այլ օրենսդրական նախաձեռնությունների, ԱԺ էր բերել նաեւ մի օրենքի նախագիծ, որին բոլորը կողմ էին՝ նույնիսկ Նիկոլ Փաշինյանը: Ինչպես ասում են՝ «մե քեֆ, մե ուրախություն»: Խոսքը «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին է, որով նախատեսվում է արտոնություն տալ սահմանամերձ 31 համայնքների բնակիչներին կոմունալ վճարների հարցում՝ դրանց 50 տոկոսը փոխհատուցելով պետության կողմից:



Նախաձեռնությունը ողջունվեց բոլոր 6 խմբակցությունների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի կողմից: Ու հենց Փաշինյանի հարցից էլ սկսվեց փոխադարձ կոմպլիմենտների, իրար շնորհակալություն հայտնելու եւ գովաբանելու հիթ-շքերթը: Հանրապետականները ցնծության մեջ էին, որ վերջապես իրենց սիրելի կառավարությունը բերել է մի նախագիծ, որին բոլորը կողմ են: Իհարկե, ընդդիմադիրները, ընդդիմադիրի իմիջն ու մթնոլորտը պահպանելու համար, իրենց ելույթներում թեթեւ քննադատական դիտարկումներ էին հնչեցնում եւ որոշ խնդրահարույց կետեր գտան նախագծում, բայց, ընդհանուր առմամբ, բոլորը կողմ էին:



Նախագծի հիմնական զեկուցող, տարածքային կառավարման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանն անընդհատ շնորհակալություն էր հայտնում պատգամավորներին՝ իրենց աշխատանքային քննարկումներին ակտիվ մասնակցելու, կողմ արտահայտվելու եւ նախագիծը կյանքի կոչելու համար: Հետո Նիկոլ Փաշինյանն իր շնորհակալությունը հայտնեց՝ ողջունելով կառավարության նախաձեռնությունը, եւ ինչ-որ հավելյալ առաջարկ արեց, որը եւս ընդունվեց կառավարության անդամի կողմից: Ապա ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը ողջունեց այս նախաձեռնությունը՝ նշելով, որ սա այն նախագծերից է, որ միասնականության շատ լավ խորհրդանիշ կարող է դառնալ եւ արդարացնել սահմանամերձ համայնքների բնակիչների սպասումները: Այ, հենց դրա համար էլ ՀՅԴ-ականը շնորհակալ է կառավարությանը: Հետո ելույթ ունեցավ ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը, ով եւս, ողջունելով նախաձեռնությունը, հույս հայտնեց, որ իրականացվող բարեփոխումները եւ համայնքների զարգացմանն ուղղված քայլերը հետո կտարածվեն Հայաստանի ողջ տարածքում:



ՀԱԿ-ից Գագիկ Ջհանգիրյանն էլ ողջունեց նախագիծը՝ նշելով, որ հիմա ինքը վերջապես հանգիստ խղճով կողմ կքվեարկի: Թեեւ՝ «եթե մի քանի օր լինեիք առաջին գծում ու մի երկու օր էլ քնեիք բլինդաժում, ավելի լավ առաջարկներ կանեիք»: Հետո իր անկեղծ ուրախությունն արտահայտեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, նշելով, որ կարծես թե կրքերը հանդարտվում են՝ սահմանամերձ գոտու խնդիրների հետ կապված, որոնք «պարբերաբար պետք է լինեն կառավարության, Ազգային ժողովի ուշադրության կենտրոնում»:



Շարմազանովն էլ նկատեց, որ սա աննախադեպ է, երբ 6 խմբակցություններ գալիս են ընդհանուր հայտարարի եւ համագործակցում մի նախագծի շուրջ: Փաստորեն, հարկ եղած դեպքում կարողանում են համախմբվել, եւ վստահեցրեց, որ իրենք պատրաստ են լսել ու ընդունել բոլոր դրական առաջարկությունները, անկախ այն բանից՝ ընդդիմությունն է դա անողը, թե իշխանությունը: Վերջում, իր ամփոփիչ ելույթում, Վաչե Տերտերյանը կրկին անկեղծ շնորհակալություն հայտնեց պատգամավորներին այսպիսի աննախադեպ համագործակցության համար: