Պահանջվում է եռյակի նոր անվանում

Պահանջվում է եռյակի նոր անվանում

Մարդիկ, ովքեր գնում են ինչ-որ քաղաքական միավորման հետեւից, առնվազն պետք է իմանան, թե ինչ է, ումից է կազմված այդ քաղաքական միավորը: Մինչեւ հոկտեմբերի 10-ը կար քառյակ, ավելին՝ հրաշալի քառյակ: Հոկտեմբերի 10-ին, երբ ՀՅԴ-ն արդեն չէր մասնակցում հանրահավաքին, Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձեց պահել ձեւաչափը եւ հայտարարեց, որ առանց Դաշնակցության էլ ժողովրդին առաջնորդող ուժը շարունակում է մնալ նույնքան հրաշալի քառյակ, եւ հանրությանը ներկայացրեց Ստեփան Դեմիրճյանին: Չնայած Տեր-Պետրոսյանի այդ ջանքին՝ ժողովուրդը եւ մամուլը, քանի որ մինչեւ հինգը հաշվել գիտեին, հարթակի բազմությանը կնքեցին եռյակ անունով:



Իսկ թե ով էր եռյակում դեմ, որ Ստեփան Դեմիրճյանը դառնար քառյակի լիիրավ անդամ, այդպես էլ մնաց անհայտ: Չի բացառվում նաեւ, որ դա ուներ օբյեկտիվ պատճառներ, քանի որ քառյակի դեպքում կոնսենսուս գոյացնելը միշտ ավելի դժվար է, քան եռյակի դեպքում: Ստեփան Դեմիրճյանի նորամուտը կարող էին ուրախությամբ չընդունել ԲՀԿ-ն եւ «Ժառանգությունը», քանի որ դա առավելություն էր տալու ՀԱԿ-ին: Կարծում ենք՝ շատ սխալված չենք լինի, եթե ասենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ տանն արած հաշվարկը եռյակում չանցավ հենց այդ երկուսի պատճառով:



Տեր-Պետրոսյանը, սակայն, հեշտ հանձնվողներից չէ: Երբ արդեն հրապարակի վրա էր ԲՀԿ-ի 10 կետանոց դարակազմիկ հռչակագիրը՝ համաժողովրդական շարժումը մայրաքաղաքից գյուղեր տեղափոխելու մասին, առաջին անհանգստությունը հայտնեց ՀԱԿ-ը, որն իր պատասխան հայտարարության մեջ ԲՀԿ-ին փորձեց հասկացնել, որ համատեղ ուժերով Ազատության հրապարակ հասցված շարժումը հետ, դեպի գյուղերը տանելը տխմարություն է, թեեւ շտաբ բացելն այնքան էլ վատ գաղափար չէ: Դե իսկ ԲՀԿ-ն ՀԱԿ-ի հայտարարությանն ի պատասխան ցույց տվեց դուռը՝ խնդրեմ, դուք ազատ եք միայնակ հանրահավաքներ անելու հարցում:



Սպասվում էր, որ ՀԱԿ-ը քայլ կանի, բայց քայլն արեց Րաֆֆի Հովհաննիսյանը, ով ոչ միայն խոսեց առանձին հանրահավաքներ անելու իր մտադրության մասին, այլ նաեւ բացահայտեց ճգնաժամը եռյակում՝ ասելով, որ այնտեղ չկա ոչ միասնական ծրագիր, ոչ քայլերի մշակված հաջորդականություն եւ ոչ էլ միասնական նպատակ: Այսքանից հետո կմասնակցի՞ Րաֆֆի Հովհաննիսյանը եռյակի դեկտեմբերի 10-ին նշմարվող հանրահավաքին, որը, ասում են, նվիրված է Մարդու իրավունքների պաշտպանության օրվան, դժվար է ասել: Եթե պետք է մասնակցի, ապա ինչո՞ւ է ինքը հանրահավաք հրավիրել դրանից մի երկու օր շուտ եւ ինչո՞ւ է պատրաստվում միայնակ շրջագայել Հայաստանում: Բայց մյուս կողմից էլ չմոռանանք, որ մինչ օրս Հայաստանում եւ աշխարհում չկա մեկը, որ կկարողանա ասել, թե ինչ է անելու Րաֆֆի Հովհաննիսյանը վաղը: Մի խոսքով՝ ծանր դեպք է Րաֆֆին մեր քաղաքական դաշտում:



ԲՀԿ-ից արդեն հնչել է գնահատական, որը գրեթե կրկնում է ՀԱԿ-ի անհնազանդության դրսեւորման ժամանակ հնչած գնահատականը՝ ազատ եք ինքնուրույն անելու ինչ ուզում եք: «Ժառանգության» առաջնորդի հայտարարությանը, սակայն, գնահատական չի տվել եռյակի մյուս անդամը՝ ՀԱԿ-ը: Ինչո՞ւ, այդ հարցն իրենց չի՞ վերաբերում: Լավ էլ վերաբերում է, պարզապես դեռ շոկից դուրս չեն եկել:



Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը հետեւեց ԲՀԿ-ի ժողովում Գագիկ Ծառուկյանի հայտարարություններին, որոնցից պարզ դարձավ, որ ԲՀԿ-ն է լինելու եռյակում որոշողը, եւ այսուհետ կոնսենսուսով ոչինչ չի լինելու: Սա արդեն ոչ թե շոկ, այլ կոշմար էր ՀԱԿ-ի համար, սա առաջին քայլն էր, որով ԲՀԿ-ն հայտարարում էր իշխանափոխության գաղափարից հրաժարվելու իր մտադրության մասին:



Բուրժուադեմոկրատական հեղափոխությունը, որի մասին այդքան խոսում էին կոնգրեսականները, ավարտվեց: Պարզ է՝ ԲՀԿ-ի պայքարի նպատակը ոչ թե իշխանափոխությունն է, այլ սահմանադրական բարեփոխումները տապալելը: Դրա համար էլ, իրենց տերմինոլոգիայով ասած, «պասլատ» արեցին ընդդիմության 12 կետերը եւ դադարեցին օգտագործել «իշխանափոխություն» եզրույթը: Սրան հակառակ, Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքեց ճամպրուկները, որպեսզի փրկի իր կուսակցության համբավը գոնե: ՀԱԿ-ն այս իրավիճակում տակավին լռում է… Հո չե՞ն մտածում Ծառուկյանի՝ փողոցից հավաքած կուսակցությունների հետ մասնակցել միջշտաբային նարդու, շաշկու, շախմատի մրցումներին…



Քիչ մնաց մոռանայինք վերեւում բացած թեման՝ ինչպե՞ս անվանել եռյակը, երբ ֆորմալ առումով այն գրեթե 2 է, իսկ ոչ ֆորմալով՝ նույնիսկ 1,5: