Հայերենն Աստծո հետ հաղորդակցվելու լեզու է․ մի ստորադասիր հայերենը

Հայերենն Աստծո հետ հաղորդակցվելու լեզու է․ մի ստորադասիր հայերենը

Հայաստանի եւ Ռուսաստանի մշակույթի նախարարությունները թանգարանների թեմայով երկխոսություն են սկսել, որն անցկացվեց մեր երկրում՝ համաժողովի եւ մի շարք միջոցառումների ձեւաչափով. բավականին խոստումնալից ու վաղուց սպասված երկխոսություն, որը, ինչ խոսք, կարեւոր է թե մշակութային կոթողների պահպանության, թե դրանց ֆինանսավորման եւ թե պատմամշակութային արժեքներն անխաթար տեսքով ժառանգություն թողնելու տեսանկյունից:



Մեր անդրադարձը, սակայն, ոչ թե երկխոսության բուն բովանդակությանն ու ծրագրերին է վերաբերում, այլ միջոցառումների կազմակերպման տեխնիկական մի փոքր հատվածին, որի ջատագովը Հայաստանի մշակույթի նախարարությունն է: Թեմատիկ համաժողովի մասնակիցներին ներկայացված տեղեկատվական փաթեթը, որի մեջ մամլո հաղորդագրությունից բացի նաեւ միջոցառումների ծրագիրն ու կազմկոմիտեի ցանկն էր՝ երկու երկրների մշակույթի նախարարների գլխավորությամբ, սկսվում էր ռուսերենով: Ավելի ստույգ՝ իրազեկման առաջին լեզու էր ընտրվել ռուսերենը, որից հետո՝ հայերենը: Տպավորությունն այնպիսին էր, ասես մշակութային երկխոսությունն անցկացվում էր ոչ թե Հայաստանում, որտեղ պետական լեզուն հայերենն է, այլ Ռուսաստանի Դաշնությունում: Մինչդեռ նույն այդ երկրում պետական բարձր մակարդակով կազմակերպվող միջոցառումների իրազեկման փաթեթները միշտ չէ, որ օտար լեզուներ են ներառում: Իսկ եթե ներառում էլ են, ապա ռուսերենից հետո միայն: Այսինքն՝ այդ պետությունն արժեքային համակարգը գնահատելու այնքան բարձր նշաձող է սահմանել, որ, անկախ նրանից՝ հյուրընկալում է թե հյուրընկալվում, իրենն է առաջ մղում. իր ունեցածի հետ հաշվի նստել, իրենը գնահատել ու արժեւորել է պարտադրում:



Իսկ ի՞նչ ենք անում մենք: Պարզապես էժանագին հաճոյանում ենք օտարին: Վերցնում ենք մեր ամենաարժեքավորն ու ստորադասում ուրիշի ստեղծածին: Նրանցը գնահատում ենք, մերը՝ թերագնահատում: Նրանցն ավելի ենք մեծացնում, մեր մեծը գիտակցաբար թողնում ստվերում...



Ինչո՞ւ մի կողմից պատմամշակութային հուշարձանների պահպանման համար կլոր սեղաններ ու չգիտեմ էլ ինչեր են կազմակերպվում, իսկ մյուս կողմից նսեմացվում է հայապահպանման ամենավեհ արժեքը՝ հայերենը, որի մասին բազմաթիվ մեծանուններ գովեստի խոսքեր չեն խնայել: Բայրոնն անգամ հայերենն Աստծո հետ հաղորդակցվելու լեզու է համարել: Իսկ մերոնք վերցնում ու Բարձրյալի հետ հաղորդակցվելու լեզուն ստորադասում են օտար լեզուներին, ինչ է թե այդ օտարի հետ քաղաքական ու տնտեսական շահեր ունեն: Եվ դա անում են այն դեպքում, երբ օտարը, տվյալ դեպքում ռուսը, իր իսկ երկրում ոչ միայն իր մայրենիով խոսել, անգամ ասֆալտ փռող ու կաֆել խփող խոպանչիներից նույնիսկ իր ժողովրդի պատմությունն իմանալ է պարտադրում: Ինչ խոսք՝ գովելի է: Իրեն հարգող յուրաքանչյուր քաղաքացի, այդ թվում եւ պաշտոնյա, պետք է սիրի ու խնամքով վերաբերվի այն արժեքներին, որոնց պահպանման ու անխաթար փոխանցման համար պատասխանատվություն է կրում պատմության եւ սերունդների առաջ:



Հետո էլ հայրենասիրությունից են խոսում, «Արի տուն» են ասում, հայեցի դաստիարակություն են քարոզում, թանկարժեք ծրագրեր ներմուծում կրթական համակարգ... Իսկ ի՞նչ արժե այն հայրենասիրությունը, որի բառն ու բանը ստորադասում, երկրորդում ու կցում են օտար արժեքներին:



Սերոբ
ՄԱՐՈՒԹՅԱՆ