Թիրախը շարժական է

Թիրախը շարժական է

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն այն հարյուր հազարավորներից մեկն է ընդամենը, որ 2013 թվականի սեպտեմբերի 2-ին դեռ չգիտեր, թե ինչ է գալու իր գլխին սեպտեմբերի 3-ին: Սեպտեմբերի 2-ին նույն կարգավիճակում էին նաեւ բազմաթիվ այլ երեւելիներ, ովքեր այսօր անցել են ԵՏՄ պայմանագիրն առաջ մղող շարժման գլուխ: Չթվարկենք նրանց անուն առ անուն, այլապես թերթի տարածքը չի բավականացնի քամելեոնների այդ շարանը տեղավորելու համար:



Գանք բուն հարցին` ԵՏՄ պայմանագրին միանալու խորհրդարանական լսումներին, որոնց նպատակը նաեւ այն էր, որ, ի հակակշիռ ԵՄ ասոցացման, փաստվեր ԵՏՄ-ին միանալու առավելությունը: Բնականաբար, 4 տարի շարունակ ԵՄ դռները թակած Հայաստանի իշխանությունների համար դժվար էր դա անելը, բայց եթե մի իշխանություն իր շարքերում ունի Շավարշ Քոչարյանի նման ճարպիկ անձնավորություն եւ Վարդան Այվազյանի նման «գողական» տնտեսագետ, ամեն ինչ էլ կարող է պատահել, եւ ԵՏՄ-ն նույնիսկ կարող է հռչակվել դրախտ ու փրկության դուռ:



Չխոսելով այն կոռուպցիոն ռիսկերից, որ մեր սահմաններում տիրելու են հունվարի 2-ից սկսած, կապված նոր օրենքների մասին մարդկանց անտեղյակության հետ, չանդրադառնալով այն արհեստական խոչընդոտներին, որոնք ծագելու են Հայաստանի տնտեսության զարգացման ճանապարհին օտարների, ինչու չէ, նաեւ մեր վայ չինովնիկների դիտավորությամբ, չխորանալով այն անորոշության մեջ, որում գտնվում է հենց ՀՀ իշխանությունը, ստորեւ կանդրադառնանք ԵՏՄ-ի քարոզչությանը, որն այսօր զուգահեռվում է մեկ էլ հայրենասիրության քարոզչության հետ:



ԽՍՀՄ-ի քարոզչության հետ այս քարոզչությունը չպետք է շփոթել: Այն երանելի ժամանակներում գոնե խոսվում էր եղբայրական ժողովուրդների բարեկամության մասին:



ԵՏՄ-ի մասով ոչ միայն բարեկամության մասին խոսք չկա, այլեւ առկա է բոլոր կողմերից քաղաքական ճնշումների տակ հայտնվելու վտանգը: Դա երեւում է նույնիսկ Շավարշ Քոչարյանի հայտարարություն-ձեւակերպման մեջ նշմարվող զգուշավորությունից. «Այս պայմանագիրը ոչ թե ԵՏՄ-ին միանալու մասին է, այլ պայմանագիր ԵՏՄ-ի մասին պայմանագրին միանալու մասին»:



Ո՞րն է տարբերությունը ԵՏՄ-ին միանալու եւ ԵՏՄ պայմանագրին միանալու միջեւ: Ըստ էության` տարբերություն չկա: Այս բառախաղը կառուցված է այն հաշվարկով, որ չխոստովանեն, թե իրենք էլ վստահ չեն, որ ԵՏՄ կստեղծվի եւ կսկսի գործել: Քոչարյանը պարզապես ասում է` մի տագնապեք, սա դեռ վերջը չէ: Բայց դրանից բխում է բոլորովին այլ բան: Փաստորեն, մենք դեռ մի պրոցեսի մեջ ենք, որի վերջն անորոշ է, իսկ դա ավելի լավ չէ, քան հաստատ իմանայինք, թե ուր ենք գնում, եւ որն է մեր վերջնական թիրախը: Այլ կերպ ասած` մենք դեռ փորձում ենք դառնալ ԵՏՄ անդամ, եթե հանկարծ հունվարի 1-ից ԵՏՄ-ն որպես կառույց ձեւավորվի: Եվ, որպեսզի այս զավեշտին լուրջ տեսք տան, գործի են դնում տնտեսական կեղծ հաշվարկներ, փորձում ապացուցել, որ ԵՏՄ-ի հետ ընդհանուր սահման չունեցող Հայաստանը, հայտնվելով ԵՏՄ տնտեսական օրենքների աքցանում, նույնքան շահույթներ է ունենալու, որքան, ասենք, Բելառուսը կամ Ղազախստանը: Թե ինչպես է դա հաջողվում հայկական տնտեսագիտական մտքի «գողական» գիգանտներին, դա էլ մի առանձին զավեշտ է, որի մասին կարելի է երգիծական վեպեր գրել:



Նորից գանք քարոզչությանը: Շավարշ Քոչարյանը լսումների ժամանակ, բառիս բուն իմաստով, բոցել է` ասելով. «Նախ՝ մենք առաջինն էինք, որ պետք է անցնեինք այդ ճանապարհը (նման փորձ չկար մինչ այդ): Եվ հետո, թիրախը շարժական էր. չէ՞ որ մեր «ճանապարհային քարտեզը» հաստատվել էր, որպեսզի դառնանք Մաքսային միության եւ Ընդհանուր տնտեսական տարածքի անդամ»: Ուշադրություն դարձրեք «թիրախը շարժական էր» արտահայտությանը: Նախ արկածախնդիր պետք է լինել, ԵՄ անշարժ թիրախը թողած, դաշտում վազող եղջերվի հետեւից ընկնելու եւ նրան բռնելու նպատակով «ճանապարհային քարտեզ» գծելու համար: Եվ ապա` Շավարշ Քոչարյանն այնպես է խոսում մեր պատրաստած «ճանապարհային քարտեզի» մասին, ասես այն ծնվել է մեր կամքով ու մեր ցանկությամբ, եւ ոչ ոք, մեզնից բացի, դերակատարություն չի ունեցել այդ գործում: Լռելով քաղաքական ճնշումների մասին` մենք առաջին հերթին խաբում ենք ինքներս մեզ: Մեր աչքի առաջ են Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի օրինակները: Վերջապես մեր աչքի առաջ է մեր օրինակը: Արժե՞ ապուշացնել մի ողջ ժողովրդի եւ ինքդ քեզ` հանուն գոյություն չունեցող մի բանի, որը ոչ միայն գոյություն չունի, այլեւ շարժական է:



Բնականաբար, զավեշտ է նաեւ այն, որ Շավարշ Քոչարյանը համոզված է, որ այդ գոյություն չունեցող եւ շարժական ԵՏՄ-ում առանց Հայաստանի համաձայնության ոչ մի որոշում չի ընդունվի: Սա արդեն հետաքրքիր է հոգեբանորեն: Բանն այն է, որ ոչ հեռու անցյալում այդ դեռեւս գոյություն չունեցող ԵՏՄ-ի ապագա անդամներն Աստանայում Հայաստանին ուղարկեցին դասը սովորելու եւ նորից փորձելու: Դրանից հետո, մինչեւ Մինսկում վազող եղջերվին բռնելը, ստիպված էինք ի լուր աշխարհի եւս մեկ անգամ տարփողել, որ Արցախը Հայաստան չէ: Ինչի՞ մասին է սա խոսում: Այո, բացառապես այն մասին, որ ԵՏՄ-ն ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական կառույց է եւ կազմավորվում է (եթե կազմավորվում է) ոչ այնքան տնտեսական, որքան առանձին երկրների աշխարհաքաղաքական շահերի հիման վրա: Հետեւաբար, զավեշտալի իրավիճակներում չհայտնվելու համար, պետք է խոստովանենք նաեւ, որ մենք պարզապես գտնվում ենք աշխարհաքաղաքական պրոցեսների հենց խառնարանում, որտեղ ոչ թե մենք ենք որսորդը, այլ մեզ են որսում: Այլապես Շավարշ Քոչարյանը շատ մարտական է տրամադրված: Նա ասում է. «…եթե ԵՏՄ անդամ երկու երկիր փորձի որեւէ որոշում կայացնել առանց Հայաստանի «այո»-ի, չի կարողանա»: Դա` հիմա, եւ եթե հաշվի առնենք, որ այդ երկու երկրներից մեկը հաստատ Ռուսաստանը չի լինի: Իսկ ի՞նչ կարող է տեղի ունենալ այն բանից հետո, երբ ԵՏՄ-ին միանան թուրքալեզու եւ թուրքացեղ այլ երկրներ եւս` Ղրղզստան, Թուրքմենիա, Ուզբեկստան, Ադրբեջան, Թուրքիա…



Եվ վերջում` մի քիչ քարոզչություն անձամբ Շավարշ Քոչարյանի համար: Երբ նա հաստատ համոզումով է խոսում այս ամենի մասին, ակամա հիշում եմ հայտնի անեկդոտի բանիմաց որսորդին, ով որսի գնալուց առաջ պատրաստում է անհրաժեշտ ամեն ինչ: Տարբերությունը, սակայն, այդ որսորդի եւ Քոչարյանի միջեւ այն է, որ Քոչարյանն անտեսել է պլան «Բ»-ն: Թույլ տվեք այդ անեկդոտով էլ ավարտել շարժական թիրախների հետեւից գնալու այս ողջ պատմությունը:



Հմուտ որսորդն աշակերտին հանձնարարում է իր հետ վերցնել մի հաստ փայտ, հրացանը եւ շանը` Տուզիկին, առավոտյան արջաորսի գնալու համար: Անտառի ճանապարհին աշակերտը հարցնում է.



- Ուստա, փայտն ինչո՞ւ ենք տանում:



Ոստեն պատասխանում է.



- Ես կբարձրանամ տանձի ծառը եւ արջին ցած կգցեմ: Այդ ժամանակ Տուզիկը վրա կհասնի եւ կբռնի արջի ցավոտ տեղից: Ու մինչ արջը ցավից կգոռա, դու ձեռքիդ փայտով տուր թե կտաս արջի գլխին:



Աշակերտին այդ միտքը դուր է գալիս, բայց քիչ անց նրա գլխում նոր հարց է ծնվում: «Ուստա, բա հրացանը էլ ինչո՞ւ ենք քարշ տալիս»: «Դա էլ իմ պլան «Բ»-ն է,- ասում է իմաստուն որսորդը եւ բացատրում:- Մարդ ես, եթե այնպես պատահի, որ արջն ինձ ծառից գցի, դու պետք է Տուզիկին խփես…»:



Պարոն Քոչարյան, ո՞րն է Ձեր պլան «Բ»-ն…