Մովսես Խորենացին արտագրե՞լ է «Հայոց պատմությունը»

Մովսես Խորենացին արտագրե՞լ է «Հայոց պատմությունը»

Երբ 1978 թվականին առաջին անգամ Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» գիրքը թարգմանվեց անգլերեն, եւ բրիտանացի գիտնական Ռոբերտ Թոմսոնը Խորենացուն անվանեց «լկտի կեղծարար, խաբեբա, առաջին կարգի աճպարար», Խորհրդային Հայաստանում անգամ տեղյակ չէին այդ մասին, իսկ երբ «լուրերը տեղ հասան», հակահարված չեղավ: Եվ մինչ Խորենացու «Պատմությունը» հայերիս համար ծառայում է «ճշմարտյաց» ճշմարտությունը, պարզվում է, որ դեռ շատ քիչ գիտենք պատմահոր եւ նրա աշխատության մասին: Իսկ բացահայտումները երեկ տեղի էին ունենում ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի լսարաններից մեկում:



Բանահավաք, դասախոս, լուսավորության նախկին փոխնախարար Արծրուն Սահակյանը «Հայ վիպական ավանդույթը եւ պատմագրությունը» թեմայով ատենախոսություն էր պաշտպանում: Մի մեծ լսարան՝ դասախոսներ, գիտությունների դոկտորներ, գիտական աշխատողներ, որոնք 3-4 ժամ կարողացան դիմադրել՝ մինչեւ վերջ լսելով ե՛ւ ատենախոսին, ե՛ւ նրա ընդդիմախոսներին: Այդքան երկար տեղում հանգիստ նստել չէր ստացվում, մանկապարտեզի երեխաների նման անընդհատ շարժվում էին, խոսում միմյանց հետ, իսկ Բարձրագույն որակավորման մասնագիտական խորհրդի նախագահ Ժենյա Քալանթարյանը շարունակ նկատողություն էր անում, թե՝ հասկացանք, որ չեք դիմանում, բայց դիմացե՛ք, հայրենիքը ձեզ չի մոռանա:



Եվ չնայած Արծրուն Սահակյանն իր աշխատության շրջանակներում անդրադարձել էր ընդհանուր պատմագրությանը, այնուամենայնիվ, ամենաքննարկվողը եղավ Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը». «Ավանդական տեսակի մոտեցումները, վերջին հաշվով, շատ ծեծված, շատ քրքրված են, հարկավոր է նոր մոտեցում ցույց տալ խնդրին: Դնել եւ ի նորո սկսել հետազոտել բնագիրը, չէ՞ որ մեկուկես հազար տարի այդ բնագիրն արտագրվել է եւ կարդացվել»: Լսարանում գտնվող մարդկանց համար դժվար էր ընդունել Սահակյանի այն տեսակետը, թե «Հայոց պատմության» գրքում շատ խմբագրումներ են եղել, բայց ավելի շոկային էր, երբ հայտարարվեց Մարաբ Մծուրնացու անունը, եւ պարզվեց, որ Խորենացին ուղղակի նրա պատմագրության միջնորդն է: Ժենյա Քալանթարյանի սրտին չնստեց այս փաստարկը եւ ասաց. «Դուք նվազեցնո՞ւմ եք Խորենացու վաստակը»: «Չի նվազում, ընդհակառակը, Խորենացին իր հանճարով օգնել է փրկել իր նախորդին, որի մասին ասում է՝ իմաստունների մեջ իմաստնագույնը»,- եղավ Սահակյանի պատասխանը:



Ելույթ ունեցան պաշտոնական ընդդիմախոսները, կարդացին նաեւ այլ կարծիքներ, եւ այսպես, դրական մթնոլորտում հալած յուղի պես, ջան-ջիգյարով, իրար կարծիքները հարգելով՝ ավարտվեց պաշտպանությունը: Եկավ, թվում էր՝ ձեւական այն պահը, երբ փակ քվեարկության արդյունքում գիտական խորհրդի 16 անդամները պետք է քվեարկեին բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցումին եւ ատենախոսությանը: Նորից ներս մտանք, սկսեցին կարդալ քվեարկության արդյունքները, եւ, հո՛պ՝ 16 անդամներից 5 դեմ, երկու ձեռնպահ, անդամներից մեկն էլ շուտ էր հեռացել՝ չմասնակցելով քվեարկությանը: Մի զարմանք, մի շփոթ, բոլորը զարմացած էին մնացել, անգամ դեմ քվեարկողները, թե այսինչ «չարագործներ» են դեմ քվեարկել: Թեեւ առավոտյան մենք արդեն տեղյակ էինք, որ Արծրուն Սահակյանի պաշտպանությունը պատրաստվում են «տապալել»: Դեպքը բացառիկ էր, բայց ավելի բացառիկ էր այն, ինչ տեղի ունեցավ հետո:



Բոլ-բոլ զարմանալուց հետո Ժենյա Քալանթարյանը՝ գիտխորհրդի նախագահը, հարց բարձրացրեց. բա հիմա ի՞նչ ա լինելու: Իսկ եղավ այն, որ կազմակերպվեց երկրորդ քվեարկությունը, քանի որ լսարանում բոլոր գտնվողները համաձայն չէին արդյունքների հետ: Դեմ էին անգամ դեմ քվեարկողները: Գիտխորհուրդը նորից փակվեց սենյակում, թեժ քննարկումներ էին ընթանում: Վերջնական վճիռը կայացվեց, ներս մտանք, եւ, այ քեզ զարմանք՝ մի քանի րոպեների ընթացքում 5 դեմը դարձավ 1 դեմ, 15 կողմ (վաղ հեռացած անդամին էլ էին վերադարձրել): Եվ բոլորը գոհ ու երջանիկ էին:



Ի դեպ, երբ տեղի էր ունենում երկրորդ քվեարկությունը, միջանցքում հավաքված մարդիկ խոսում էին անարդարության եւ նախատրամադրվածության մասին, գովում էին Արծրուն Սահակյանին, նույնիսկ իրար մեջ խոսում, թե շատ ինքնավստահ էր: Արդեն պատմական գիտությունների դոկտոր Սահակյանը չցանկացավ քվեարկության արդյունքների մասին խոսել եւ բացահայտել չարամիտներին. «Չգիտեմ, ինձ համար շատ անսպասելի էր, ոչ մի բանի հետ չեմ կապում: Չեմ կարող ասել, չեմ կարող հասկանալ: Ամենաքիչը ես գիտեմ այդ հարցերի պատասխանները»: