Ծիծաղելի չլինելու քաղաքական մոմենտի մեջ ենք

Ծիծաղելի չլինելու քաղաքական մոմենտի մեջ ենք

Դատելով այն հանգամանքից, որ ԲՀԿ-ական լրատվամիջոցներում արդեն մի քանի օր է՝ օդը լիքն է Նիկոլով (սրանց բոլոր լրագրողներն ու ֆեյսբուքյան թղթակիցները միայն Նիկոլի մասին են գրում), կարելի է վստահ ասել, որ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր նախաձեռնությամբ, այն է` ստորագրահավաք Սերժ Սարգսյանի իմպիչմենթի համար` հարցն արտահերթ կարգով ԱԺ օրակարգ բերելու նպատակով, եռյակին եւ հատկապես ԲՀԿ-ին այնքան էլ չի ոգեւորել: Նիկոլ Փաշինյանին այնպես են քննադատում, ասես նրա այդ քայլը չի բխում ՀԱԿ-ի «Սերժիկ, հեռացիր» կամ ԲՀԿ-ի «Այս իշխանությունը պետք է հեռանա» ռազմակոչերից:



Բայց ի՞նչ է պատահել:



Ի վերջո, Նիկոլ Փաշինյանի այդ նախաձեռնությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները կյանքի կոչելու մի քայլ: Գագիկ Ծառուկյանը չի՞ ասել, որ միայնակ ոչ ոք ոչինչ անել չի կարող իշխանափոխություն իրականացնելու համար: Դե հիմա Նիկոլն էլ առաջարկում է բոլորով միանալ, ստորագրել նախաձեռնության տակ եւ իշխանափոխության հարց առաջացնել: Ավելին կարող ենք ասել: Նիկոլ Փաշինյանի այս նախաձեռնությունը մի բան էլ կարող է դետոնատորի դեր խաղալ եւ օգնել իշխանափոխության պրոցեսի արագացմանը, որպեսզի Գագիկ Ծառուկյանը երկար ու ձիգ երեք-չորս տարի իր արյուն-քրտինքով աշխատած փողերը չծախսի ամբողջ աշխարհում շտաբներ բացելու եւ պահելու վրա:



Եվ, փոխանակ Նիկոլի նախաձեռնությունը ողջունելու, ԲՀԿ-ն փշերն է ցույց տալիս, հիշում ինչ-որ բաներ, որոնք, իբր, վարկաբեկում են Նիկոլ Փաշինյանին եւ իբր ապացուցում, որ նա Բաղրամյան 26-ի գործակալ է:



ԲՀԿ-ին, սակայն, մենք այլ խորհուրդ կտայինք: Պարոնայք, ժամանակն է, որ քաղաքական բեւեռ ձեւավորող ուժը մտածի նաեւ մի փոքր քաղաքական կեցվածք ունենալու եւ քաղաքական քայլեր ձեռնարկելու մասին: Եթե ԲՀԿ-ում ոմանց թվում է, որ փողոցի քաղաքական զբրոդը Գագիկ Ծառուկյանի շուրջ հավաքելը քաղաքական հեռատեսություն է, ապա պիտի հիասթափեցնեմ, որովհետեւ դա ընդամենը նպաստում է եռյակում տիրող «նեռազբիրիխան» ԲՀԿ-ի ներսը փոխադրելու գործին: Ո՞վ կարող է երաշխավորել, որ բոլուկով ԲՀԿ մտնողների մեջ չկան Բաղրամյան 26-ի լավ ծպտված գործակալներ, ովքեր վարժ են Գագիկ Ծառուկյանի արտասանած բաժակաճառերի ժամանակ գլուխները տմբտմբացնելու գործում: Բնականաբար` իրենց գործն է, բայց քաղաքականության մասին չպետք է մոռանալ եւ չպետք է մոռանալ նաեւ, որ Կանյաչնիում սեղան նստողների մեջ քիչ չեն նրանք, ում այս նույն ԲՀԿ-ական ԶԼՄ-ները քանիցս Սերժ Սարգսյանի գործակալ են հանել, անվանել դհոլ եւ այլն: Օրինակ` Րաֆֆի Հովհաննիսյանին:



Բայց գանք օրակարգին եւ ընդդիմության առաջատարի` ԲՀԿ-ի քաշելիքին: Ի՞նչ է պահանջվում այս ուժից: Ընդամենը մի ստորագրություն առ այն, որ իրենք դեմ չեն Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելուն: Ո՞վ չգիտի, որ ԲՀԿ-ի խոսքը գործ է: Ասել են, որ Սերժ Սարգսյանը պետք է հեռանա եւ կամ պետք է հեռացվի: Ճիշտ է, ժամկետ չեն նշել, բայց ներհայաստանյան մեծ քաղաքականության մեջ ժամկետն էական չէ: Կարեւորն ասելն է, իսկ ԲՀԿ-ն ասել է եւ այն էլ հարթակից, ոչ պակաս, քան 50 հազար հանդիսականի առաջ:



Լսելով ԲՀԿ-ի այս խրոխտ հայտարարությունը` Նիկոլ Փաշինյանը, քանի որ նման բաներից շատ շուտ է ոգեւորվում, ուզում է ինչ-որ կերպ օգնած լինել եւ, ահա, թուղթը ձեռքին եկել է ԱԺ ԲՀԿ խմբակցության դուռը եւ ստորագրություն է խնդրում Սերժ Սարգսյանին հեռացնելու բովանդակությամբ մի նախաձեռնության համար, որը, բացի այն, որ չի հակասում Գագիկ Ծառուկյանի համախմբման կոչերին, այլեւ իշխանափոխության մի ճանապարհ է, որը պակաս անցնցում ու սահուն չէ, որքան շտաբ բացելը: Մենք չենք ասում, որ ԲՀԿ-ն վերցնի ու առանց կարդալու ստորագրի: Ի վերջո, սա նաեւ պրեստիժի հարց է, ծանր տեղը չթեթեւացնելու հարց: Մենք ԲՀԿ-ից այլ կեցվածք ենք ակնկալում` քաղաքական պատասխան Նիկոլ Փաշինյանի քաղաքական քայլին: Եթե ստորագրում ես` ինչո՞ւ ես ստորագրում, եթե չես ստորագրում, դարձյալ` ինչո՞ւ չես ստորագրում: Փոխարենը այդ քաղաքական քայլն անելու, ԲՀԿ-ական ԶԼՄ-ները լծված են Նիկոլին Բաղրամյան 26-ի լրտես հանելու անշնորհակալ գործին:



Եկեք մի պահ ենթադրենք, որ Նիկոլ Փաշինյանն իրոք Բաղրամյան 26-ի գործակալ է, եւ այս քայլն էլ հատուկ մշակվել է նախագահականում: Մի՞թե սրանից հետեւում է, որ ԲՀԿ-ն չպետք է ընդունի մարտահրավերը: Վախկոտություն չէ՞, երբ էս գլխից հայտարարում ես, որ Սերժ Սարգսյանը քեզ համար որոգայթ է լարել: Բա ի՞նչ էիք կարծում` ընդդիմադիր կուսակցության ճանապարհը Սեւանի «տռա՞ս» է, որտեղ միայն պետք է գազ տաս: Եթե նույնիսկ սա որոգայթ է, ապա ընդամենը առաջինն է, շախմատում արվող ամենահայտնի քայլը` e2-e4: Դաշտ ես մտել` պիտի խաղաս, ընկել ես` պիտի քաշես, ասել ես` պիտի անես:



Իսկ թե Նիկոլն ում գործակալն է, կերեւա պրոցեսում, կարող եք հանգիստ լինել:
Հայտնի խոսք կա` ընկերովի մահը հարսանիք է: ԲՀԿ-ն միայնակ չի հայտնվել այս փորձության (փորձանքի) առաջ: ԱԺ-ում ոչ ավել, ոչ պակաս, չորս խմբակցություն կա, որ իր պայքարի համար որպես ռազմավարություն է ընտրել իշխանափոխությունը: Իսկ սա նշանակում է, որ 44 ստորագրություն հավաքելը եւ նախագահի իմպիչմենթի գործընթաց սկսելը շատ էլ անիրական չէ: Այլ հարց է, որ հաջողության հասնելու շանսերն են գրեթե զրոյական. խնդիրը պետք է մտնի ՍԴ, դրանից հետո էլ խորհրդարանի երկու երրորդ է պետք, ինչն աներեւակայելի է: Բայց հրապարակում ծով տվող զանգվածի համար, թեկուզ հոգեբանորեն, շատ էական է տեսնելը, որ «Սերժիկ, հեռացիր» եւ «Սերժ Սարգսյանը պետք է հեռանա» գոռացողները, հրաժարվելով ստորագրել նախաձեռնության տակ, առնվազն չեն նպաստում «Սերժիկի մնալուն»: Եվ սա առաջին հերթին վերաբերում է մեր ընդդիմության հեգեմոնին, որ կարող է ցանկության դեպքում ամենաքիչը 36 ստորագրություն ապահովել 44-ից:



Մենք տեսնում ենք, որ ԲՀԿ-ն ակնհայտ կերպով ժամանակ է ձգում մինչեւ 2017 կամ 2018 թվականներ: Շտաբներ բացել, ժողովուրդ կազմակերպել, պայքար հասունացնել, Սփյուռք ոտքի հանել… այս ամենը հավերժ ձգվող մաստակ է, որը ձգելու ժամանակ ինչ ասես դեռ կարելի է մոգոնել` գնալ գրբացների դուռը, մութ սենյակում քրտնմխած սեւ կատու բռնել, վհուկների որս կազմակերպել, Ջեյմս Բոնդ դիմակազերծել, բոլորին, ովքեր իրենց հետ չեն, դհոլ ու լրտես անվանել… Այսինքն, բուրժուադեմոկրատական հեղափոխություն` հայկական ձեւով…



Բայց երանի ԲՀԿ-ում հայտնվեր գոնե մի խելոք մարդ եւ, կողքից նայելով այս ամենին, ասեր` տղերք, մենք ծիծաղելի ենք…