ԱԺ-ում խայտառակության ավելցուկ կա

ԱԺ-ում խայտառակության ավելցուկ կա

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշել է, որ նոյեմբերի 23-ին և այսօր տեղի ունեցած դրամի թռիչքային արժեզրկումը կանխատեսված չէր, ոչ Կենտրոնական բանկի, ոչ էլ Կառավարության կողմից, ինչը վկայում է կառավարության՝ ԱԺ ներկայացրած բյուջեի նախագիծը, որում դոլարի միջին փոխարժեքը հաշվարկված էր 411 դրամ:



Ցանկացած լուրջ մարդ, լսելով Զուրաբյանի այս հայտարարությունը, դրա մեջ որևէ արտառոց բան չի նկատի: Չորրորդ դասարանցուն էլ պարզ է, որ եթե դրամը սկսում է այս ու այն կողմ թռչել, նշանակում է, որ դրամի հետ ինչ-որ բան է կատարվում, որին կամ չէին սպասում կամ էլ սպասում էին, բայց իրենց ուժերի վրա վստահ՝ բյուջե էին կազմում, դրամի կայուն կուրսի հաշվարկով: Դե հիմա Զուրաբյանն ասել է, որ դրամի այս ցատկերը կանխատեսված չեն եղել, մի բան, որ ՀՀ խոշոր տնտեսագետների համար ավելի ներելի է, քան այն, որ նրանք կառավարությանը միտումնավոր կերպով գցել են թյուրիմացության մեջ և բյուջեն հաշվել տվել դրամի կայուն փոխարժեքով:



Այդուհանդերձ, Զուրաբյանից հետո ամբիոնին մոտեցած Կարեն Ավագյանը, քանի որ ՀՀԿ-ական է, մի քանի ջերմ խոսք է հասցեագրել իր ընդդիմադիր գործընկերոջը: Կարծեմ՝ այսպես է ասել. «Տո ա՛յ քաղաքական չկայացած սուրհանդակ, դու ինչ վերլուծություն անող ես, որ եկել ես այստեղ, ֆինանսական վերլուծությունից ես խոսում»:



ԱԺ փոխնախագահ Շարմազանովը, դե նրա գործի անունն էլ դա է, Կարեն Ավագյանին անմիջապես կոչ է արել՝ կոռեկտ լինել, ինչը Կարեն Ավագյանը, բնականաբար, չի ընդունել և հակադարձել է՝ քար նետողը պետք է պատրաստ լինի պատասխան նետումին:



Սրանով, ոմանց կարծիքով, կռիվը ավարտվել է, բայց դա այդպես չէ: Իրականում սկսվել է կռվի նոր փուլը: Ո՞ւմ համար է գաղտնիք, որ ՀԱԿ 7 հոգանոց խմբակցությունում չկայացածները երբեք չեն կարող ավելի մեծ թիվ կազմել, քան ՀՀԿ 70 հոգանոց խմբակցության մեջ: Հետևաբար, Կարեն Ավագյանը պետք է պատրաստ լինի դիմագրավել այն քարը, որ ՀԱԿ-ից հետ է թռչելու դեպի ՀՀԿ-ն: Օրինակ, ինչպե՞ս կկարողանա հակադարձել Կարեն Ավագյանը, երբ իր մասին ԱԺ ամբիոնից հայտարարեն՝ «տո այ կայացած հրձիգ» կամ՝ «տո այ չկայացած հրշեջ», դու ո՞ր օրվա քաղաքական գործիչն ես, որ մի հատ էլ քաղաքական գործիչներին ես գնահատում: Հետո էլ սկսելու են փնտրել այն մարդուն, ում շնորհիվ ոչ այն է հրձիգը, ոչ այն է հրշեջը հայտնվել է ՀՀ օրենսդիր մարմնում: Ինչպես ասում են՝ կենացները գնալով թանկանալու են:



Իրավիճակից ելք կա, իհարկե: Պարզապես մեր շատ պատգամավորներ, պարտավոր են իրենց պատգամավորի պես պահել և գոնե միմյանց չխայտառակել, որովհետև ԱԺ-ի աշխատանքում առանց այն էլ խայտառակության լուրջ ավելցուկ կա: