Եռյակն իր գործն արեց, եռյակը կարող է հեռանալ

Եռյակն իր գործն արեց, եռյակը կարող է հեռանալ

ԱԺ այսօրվա քվեարկությունից հետո եռյակի՝ դեկտեմբերի 10-ի հանրահավաքը, կարծեմ, լրիվ ավելորդություն է: Հանրահավաք անեն, որ ի՞նչ անեն, որ ի՞նչ ասեն: Իրավունք ունե՞ն մարդու իրավունքներից խոսել այն քաղաքական ուժերը, որոնք մի երկու օր առաջ քվեարկել են մարդու իրավունքները ոտնահարող սիստեմի օգտին, մի սիստեմի օգտին, որի կազմի մեջ մտնող երկրների նախագահները գրեթե ցմահ են: Մեզ թվում է՝ եռյակն այս բարձր նոտայի վրա էլ վախճանվեց: 



Կարծում ենք, մինչև դեկտեմբերի 10-ը Րաֆֆի Հովհաննիսյանն իր հանրային հանդիպումներով եռյակի յոթն ու քռսունքը մի տեղ կանի: Ոչ միտումնավոր, իհարկե, այլ «Ժառանգության» կեցվածքը ընդգծելու, առնվազն ոչ ԵՏՄ- ական հատվածի համակրանքը շահելու, նրան հույս տալու մղումներով: Թեև չի բացառվում, որ եվրոպական պաշտոնյաներից մեկը հենց այսօր էլ հայտարարի, որ ԵՄ-ն շարունակելու է Հայաստանի հետ երկխոսությունը բոլոր հնարավոր ուղղություններով՝ Հայաստանին եվրաինտեգրու և եվրաասոցացնելու նպատակով: Դրան հավատալ այլևս չարժե: Դա պարզապես զառանցանք կլինի Եվրոպայի կողմից: Անհնար է եվրաասոցացնել մի երկրի, որի խորհրդարանը, գրեթե միաձայն, դեմ է եվրաասոցացմանը, իսկ, եթե հավատալու լինենք Արտաշես Գեղամյանին, նույնիսկ սարսափում է ԵՄ-ից, քանզի ԵՏՄ-ի այլընտրանքը պատերազմն է:



Բայց եթե դեկտեմբերի 10-ին եռյակն այնուամենայնիվ հանրահավաք անի, առաջարկում ենք՝ Ազատության հրապարակ բերել Պուտինի, Նազարբաևի, Լուկաշենկոյի, ինչու չէ, նաև Սերժ Սարգսյանի մեծադիր, իսկ մի քիչ ավելի փոքր ֆորմատով Լևոն Տեր-Պետրոսյանի և Գագիկ Ծառուկյանի լուսանկարները: Կարելի է Տիգրան Կարապետիչի նկարն էլ բերել: Չի ասվի, կարող է մարդը հարթակին լինի այդ օրը...