Այս իշխանությունները ոչ մի հենարան չունեն ուժային կառույցներում. «Ժառանգություն»

Այս իշխանությունները ոչ մի հենարան չունեն ուժային կառույցներում. «Ժառանգություն»

  «Այս իշխանությունները չունեն ոչ մի հենարան ո՛չ ոստիկանությունում, ո՛չ ուժային կառույցներում, ո՛չ այլևս Եվրոպայում, որովհետև խաբեցին, ո՛չ Ռուսաստանում, որովհետև հայտնի են որպես անսկզբունք մարդիկ, ուստի և իշխանափոխության խնդիրը Հայաստանում շատ հեշտ է»,- այսպես խոսեց «Ժառանգություն» կուսակցությունից Արմեն Մարտիրոսյանը Գյումրիում:



Կարդում ու միտք եմ անում՝ Աստված, երբ մարդուն օժտում էր բանականությամբ, չեր մտածո՞ւմ, որ  այդ նույն մարդը մի գեղեցիկ օր կարող է այնպիսի ճշմարտություն ասել, որ եփած հավի ծիծաղը գա:



Արմեն Մարտիրոսյանի ասածներից հետևում է, որ մենք ապուշ ենք: Մեզ համար տներում նստած ենք, մինչդեռ իշխանությունը մազից է կախված և կարելի է մի հատ փչել, և նա կընկնի կամ կհեռանա: Առնվազն տարօրինակ է, որ մինչ օրս, բացի Արմեն Մարտիրոսյանից, ոչ ոք չի իմացել, որ ՀՀ իշխանությունները ոստիկանությունում և մյուս ուժային կառույցներում հենարան չունեն: Հրաշալի նորություն: Իսկ գուցե Արմեն Մարտիրոսյանին այս նորությունը անձամբ Վովա Գասպարյա՞նն է փոխանցել՝ Րաֆֆի Հովհաննիսյանի մեծ բարեկամը, Զորավարը, ինչպես Րաֆֆին է նրան դիմում: Ի՞նչ կա որ, տարբերակ է:



«Ժառանգության» բոլոր անդամները, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն նույն կոչն են անում՝ համախմբվենք, համախմբվենք, համախմբվենք: Ի՞նչ կարիք կա համախմբվելու այն իշխանության դեմ, որը ոչ մի տեղ հենարան չունի և ընկնում է: Բավական է Գագիկ Ծառուկյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը Վլադիմի Գասպարյանի հետ գնան Բաղրամյան փողոց և իշխանափոխությունը, ինչի մասին այսքան խոսում են բոլորը, տեղի կունենա: Էլ ինչո՞ւ են մեզ խառնում այդ գործին: Մասիվից Սեյրան Օհանյանը կմիանա, Կենտրոնից Գորիկ Գուրգենիչը... Հեղափոխական Արմեն Մարտիրոսյանին այլևս ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար:



Երևի եռյակի հետ խայտառակվելը քիչ էր, մի հատ էլ պետք է առանձին խայտառակվեին: Այլ բացատրություն «Ժառանգության» Երևան-Վանաձոր-Գյումրի եռահավաքին մենք չունենք: