Հայտնի է դարձել Ցեղասպանության մասին թուրք ռեժիսորի ֆիլմի երևանյան պրեմիերայի օրը

Հայտնի է դարձել Ցեղասպանության մասին թուրք ռեժիսորի ֆիլմի երևանյան պրեմիերայի օրը

Թուրքական ծագումով գերմանացի անվանի ռեժիսոր Ֆաթիհ Աքընի «Սպի» (The Cut) ֆիլմի երևանյան պրեմիերան կկայանա հաջորդ տարի փետրվարի 6-ին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ֆիմի համարտադրող ընկերության՝ ռուսաստանյան «Մարս Մեդիայի» հայտարարությունը:



Ըստ այդմ՝ նախ՝ 2015-ի փետրվարի 4-ին «Սպիի» պրեմիերան կկայանա Մոսկվայում, որից հետո փետրվարի 6-ին՝ նաև Երևանում: Երկու քաղաքներում էլ անդրանիկ ցուցադրությունը տեղի կունենա ռեժիսորի մասնակցությամբ:



Բեռլինի և Կաննի կինոփառատոների դափնեկիր Աքընի «Սպին» այս տարի ներկայացված էր Վենետիկի կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում: Ֆիլմի պրեմիերաները, այդ թվում՝ վերջերս՝ Թուրքիայում, ուղեկցվում են սկանդալներով: Ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ Նազարեթ Մանուկյանի պատմությունը, ով ուղևորվում է իր զույգ աղջիկներին որոնելու:



«Սպին» Աքընի՝ սիրո, մահվան ու սատանայի մասին կինոեռապատման եզրափակիչ մասն է. նախորդ մասերն էին «Գլխով՝ պատին» և «Դրախտի եզրին» դրամաները, որոնք մեծ թվով կինոպարգևների են արժանացել:



«Սպին», հակառակը, հիմնականում բացասական գնահատականի է արժանացել: Այն Աքընի առաջին մեծ միջազգային նախագիծն է եղել: Ֆիլմի արտադրությանը մասնակցել է յոթ երկիր՝ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Կանադան, Լեհաստանը, Թուրքիան, Ռուսաստանը: Ֆիլմի բյուջեն կազմել է 15,5 մլն եվրո: Ֆիլմի նկարահանումները սկսվել էին 2013-ի մարտին, անցկացվել Հորդանանում, Կանադայում, Գերմանիայում, Կուբայում, Մալթայում: