France 2 հեռուստաալիքը այսօր Շառլ Ազնավուրին նվիրված ֆիլմ կցուցադրի

France 2 հեռուստաալիքը այսօր Շառլ Ազնավուրին նվիրված ֆիլմ կցուցադրի

Ֆրանսիական France 2 հեռուստաալիքը հունվարի 20-ին աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված ֆիլմ կցուցադրի: 1 ժամ 43 րոպե տևողությամբ «Ազնավուր» ֆիլմի հեղինակներն են Մարի Դյուքերը և Դամիեն Վերկամերը:

Ինչպես նշված է կայքում, Ազնավուրի մի շարք երգեր, ինչպես, օրինակ, «La Bohème»-ը, «Emmenez-moi»-ն և «Les Plaisirs démodés»-ը, հայտնի են բոլորին և մարդկության ժառանգության մաս են կազմում, սակայն ինքը՝ Ազնավուրն առեղծված է մնում:

Ազնավուրը, ով առաջին քայլերը բեմում արել է 9 տարեկանում, տարիներ անց հիշում է իր անցած անհավատալի ճանապարհը: Նա հիշում է իր մանկությունը, երկրում տեղի ունեցող իրադարձություններին իր ծնողների մասնակցությունը: Ազնավուրը, ով իր ողջ կյանքը նվիրել է երաժշտությանը և բեմին, պատմում է սկզբնական շրջանի դժոխքի մասին, երբ ոչ ոք չէր հավատում նրա տաղանդին, այնուհետև իր առաջին հաջողությունների և վերջապես համաշխարհային փառքի մասին:

Տարիներ շարունակ նա բազմիցս քննադատությունների է ենթարկվել իր ֆիզիկական ցուցանիշների, փոքր հասակի, մեծ քթի և ձայնի պատճառով, ասված է ֆիլմի նկարագրության մեջ: