Բաքվի սև հունվարից մինչև Գյումրու սև հունվար

Բաքվի սև հունվարից մինչև Գյումրու սև հունվար

«Մեկ դար տեւող ցեղասպանություն. Բաքվի սեւ հունվարը»,- այսպես է կոչվում «Սովորական ցեղասպանություն» նախագծի շրջանակներում նկարահանված ֆիլմը, որը 6-րդն է այդ շարքից եւ նվիրված է հայերի կոտորածների 25-րդ տարելիցին (նախագիծը, ի դեպ, իրականացվում է ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի կողմից):



Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախ ցուցադրվեց ֆիլմի թրելլերը, իսկ հետո «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ, ֆիլմի սցենարի համահեղինակ Լարիսա Ալավերդյանն առաջարկեց 1 րոպե լռությամբ հարգել Գյումրու սպանդի հետեւանքով մահացած փոքրիկ Սերյոժայի հիշատակը, ապա, անցնելով օրվա թեմային, նկատեց, որ, ինչքան էլ տարօրինակ է, զուգահեռները պատահական չեն. «Պատկերացրեք սովետական Սումգայիթում եւ ավելի քան 300 այլ բնակավայրերում ապրող հայերին, որոնց վրա են հասնում այնպիսի դեպքեր, ինչը տեղի ունեցավ Գյումրիում, բայց օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ, իրավապահ մարմինների ոչ միայն չմիջամտությամբ, այլեւ ուղղակի խրախուսման պայմաններում»:



Ըստ նրա, Բաքվի հայության ջարդերը քաղաքական առումով ավելի զարհուրելի են, քանի որ այդ դեպքերն ուղղակի մոռացության են տրվում, եւ այդ անձանց ոչ միայն պատասխանատվության չեն կանչել, այլեւ փակվել է այդ էջը. «Օրինակ, Մադրիդյան սկզբունքների մեջ ադրբեջանահայության ավելի քան 360 հազար փախստականների մասին որեւէ կետ չկա: Այդ ջարդերը չեն գտել արտացոլում որեւէ պաշտոնական փաստաթղթում կամ որեւէ միջազգային հաստատություններում, լինի դա ՄԱԿ, ԵԱՀԿ թե ԵՄ: Բաքվում եւ ավելի քան 300 բնակավայրերում տեղի ունեցած ջարդերի հարցը պետք է տանել ոչ միայն իրավական դաշտ, այլ նաեւ բոլոր այն քաղաքական հարթակները, որտեղ Հայաստանը եւ Ադրբեջանը ներկայացված են: Ոչ մի ատյանում, որպես քաղաքական օրակարգի հարց, չեն դրվել այս հարցերը: Երբ մենք չունեինք անկախ, ինքնուրույն պետություն, դա հասկանալի է, բայց ինձ համար անհասկանալի է այսօր, երբ Ադրբեջանին ամբողջ պահանջատիրությամբ ներկայացված չեն այն բոլոր խնդիրներն ու հարցերը, որոնք մնում են անպատասխան: Անպատժելիությունը մեր պասիվության հետեւանքն է: Շատերը չեն հասկանում, որ այդ ամենը տեղի է ունեցել Սովետական Միությունում, որտեղ ոչինչ չէր կարող տեղի ունենալ առանց իշխանությունների իմացության, թողտվության կամ կազմակերպության»:



«Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանի գնահատմամբ էլ, Բաքվի ջարդերը մնում են տարածաշրջանի ամենամութ, ամենաչհետազոտված, ամենաանհայտ էջերից մեկը, որովհետեւ շատ քիչ են փաստաթղթերը, լուսանկարները, իսկ տեսագրություններ ընդհանրապես չկան, ուստի էլ ավելի կարեւոր են այն մարդկանց հուշերը, որոնք այդ ամենը տեսել են իրենց աչքերով: Այդ նպատակով գտել են ԱՄՆ-ում ապրող շուրջ 55 հազար Բաքվի փախստականներից 50 հոգու, հանդիպել նրանց հետ, որոնց մեծ մասի պատմություններն ու հիշողությունները ներկայացված են ֆիլմում: Նա նշեց. իրենց զրույցներում մարդիկ պատմում էին, որ չէին կարծում, թե 1915-ից հետո պատմությունը կարող է կրկնվել, բայց ժամանակը ցույց տվեց, որ պատմությունը ոչ միայն կրկնվում է, այլ նաեւ շարունակվում մինչ օրս. «Այդ իրադարձությունները մնում են դեռեւս անհայտ, չլուսաբանված, չպատժված, հակառակ Սումգայիթի դեպքերի, Բաքվի ջարդերը չեն քննվել, որեւէ դատական գործ չի հարուցվել, որեւէ մեկը չի պատժվել մինչ օրս»:



Տիկին Ալավերդյանի հետ զրույցում նկատեցինք, որ, ինչպես 25 տարի առաջ՝ Բաքվի ջարդերի ժամանակ, այնպես էլ այսօր՝ Գյումրու սպանդի դեպքում, մեղավոր կողմի անունը հայտնի է, բայց պատիժը՝ անհայտ, եւ այս դեպքում ի՞նչ ենք սպասում միջազգային հանրությունից, եթե սեփական երկրի ներսում այս օրերին իշխանությունները պահպանում են քար լռություն. «Հասարակության զայրույթը, որին միանում եմ նաեւ ես, այն է, որ մեր իշխանությունները ոչ իրավաչափ են գործում եղած իրողությունների հետ, Գյումրիում 3 օր շարունակ մարդիկ մոլորության մեջ էին՝ լինի դա ռուսական բազայի, թե Հայաստանի պատկան ղեկավար մարմինների կողմից: Հետո, եթե առաջին իսկ օրը մեր բարձր իշխանավորները գնային Գյումրի, կիսեին այդ վիշտը, ես համոզված եմ, որ ինչքան էլ հակասական գնահատականների արժանանա իշխանությունը, այդ օրը կլիներ գոնե վշտի մեջ միասնություն:



Դրանից հետո պետք է հետեւեին գործողություններ, որոնք համապատասխանում են միջազգային պայմանագրերին, տվյալ դեպքում՝ այն պայմանագրերին, որոնք վերաբերում են բազային: Ի՞նչ իրավունքով է Ռուսաստանը գործ հարուցում իր Քրեական օրենսգրքի 105-րդ կետով Հայաստանի տարածքում առանձնակի դաժանությամբ տեղի ունեցած սպանության վերաբերյալ: Ոչ մեկը չի կարող ինձ ասել, որ բերված փաստարկները բավարար են ասելու, որ դա հենց այդ նույն Վալերի Պերմյակովն է, որի շորերը հայտնաբերվել են այնտեղ, եւ հենց ինքը միայնակ, միաժամանակ սպանել է բոլորին, որովհետեւ բոլորը բնականոն եղել են այն դիրքով, որ քնել են, առնվազն առաջին կրակոցից հետո մնացածը պետք է լինեին այլ դիրքով: Եվ պետք է վերջապես հասկանանք. ինչո՞ւ պիտի մեր գլխավոր դատախազը խնդրանքով դիմի Ռուսաստանի դատախազին, այլ ոչ հակառակը: Այս տնավարի եւ մեր ազգային արժանապատվությունը նսեմացնող ձեւն է, որ գյումրեցիներին հանել է դուրս:



Մեր իշխանությունների հանդեպ է իմ պահանջատիրությունը, կա օրենք, եւ այդ օրենքով շարժվեք: Իսկ այն շփոթը, որ ասում են՝ ստեղծվում է մեր եւ Ռուսաստանի օրենսդրական դաշտում, չկա: Ես համոզված եմ, որ ոչ միայն հայկական կողմի, այլ նաեւ ռուսական կողմի անշնորհք եւ ոչ իրավաչափ պահվածքն է, որին ներողամտությամբ է վերաբերվում իմ իշխանությունը: Ասենք թե այստեղ լիներ ոչ թե ռուսական, այլ եվրոպական որեւէ պետության կամ Ամերիկայի բազան, արդյոք նույն վախվորած ձեւով իրեն չէ՞ր պահելու… մենք խնդիր ունենք մեր իշխանությունների հետ: Իշխանություններն ունեին հրաշալի շանս՝ հայտնվելու ժողովրդի կողքին ամենադժվար պահերին, եւ դա չարվեց: Հետո, ինչո՞ւ մեր երկրի նախագահը ցավակցությունը պիտի հայտնի այլ երկրի նախագահի ցավակցությունից հետո… իսկ դրանք արդեն մանրուքներ չեն»: