ԵԿՄ-ից պարգևներ՝ Ասալա-ի անդամներին

ԵԿՄ-ից պարգևներ՝ Ասալա-ի անդամներին

Երեկ ֆիլհարմոնիկի մեծ դահլիճում նշվեց ԱՍԱԼԱ-ի՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի կազմավորման 40-ամյակը: Դալիճը լեփ-լեցուն էր: Ու լեփ-լեցուն էր հատկապես ԵԿՄ-ականներով, սակայն առանց ԵԿՄ առաջնորդի:
Հիմների ներքո հոտնկայս մի քանի րոպե մնալուց եւ ԱՍԱԼԱ-ի զոհված մարտիկների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելուց հետո ներկաները նստեցին, ու սկսվեց բուն միջոցառումը: Մեկնարկը տրվեց ԵԿՄ վարչության նախագահ, ինչպես իրենք ներկայացրին՝ Արցախի հերոս, զորավար, գումարած նաեւ ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի շնորհավորական ուղերձով: Բայց, քանի որ նա չէր եկել, նրա փոխարեն ուղերձը կարդաց ԵԿՄ անդամ Հակոբ Հակոբյանը: Հետո եկավ ԵԿՄ-ի կողմից շքանշաններ շնորհելու պահը:



«ԵԿՄ պարգեւներ են շնորհվում ԱՍԱԼԱ-ի 7 անդամների»,-հայտարարեց հանդիսավարն ու թվարկեց նրանց անունները:
Հետո ԵԿՄ-ից էլի ինչ-որ մեկը ողջույնի խոսք ասաց, ինչին հաջորդեցին բուռն ծափեր: Դրանից հետո բեմ դուրս եկավ աշուղ Ռազմար Սասունցին՝ ռազմահայրենասիրական մի երգ կատարելու: Մինչ երգելը, նա շնորհավորեց ներկաներին ու խնդրեց, որ իր երգը լավ հիշենք, եւ այսուհետ թող աղոթք դառնա այն մեր ողջ կյանքի ընթացքում:
Երգին հաջորդեց ԵԿՄ-ից պարգեւ ստացած 7 անդամներից մեկի ողջույնի խոսքը: Վերջինս, սակայն, մինչ իր ելույթը, նախ մի հանդիսավոր արարողություն կատարեց սեփական նախաձեռնությամբ: Նա ԵԿՄ-ից ստացած իր շքանշանը որոշեց փակցնել ԱՍԱԼԱ-ի դրոշին: Դա որպես մեծ պատիվ ընդունվեց ներկաների կողմից եւ ողջունվեց կրքոտ ծափերով ու «բռավո»-ներով:



Ձեւական մի քանի ողջույններից հետո հատկապես հետաքրքիր էր պատմաբան Գեւորգ Յազիճյանի ելույթը: Նա խոսեց ԱՍԱԼԱ-ի սկզբնավորումից, թե ինչպես ծնվեց Հայաստանի ազատագրության համար պայքարող այդ գաղտնի ջոկատը, հիշեցրեց, որ դա 1975 թվականին էր, պատմական ակնարկներ արեց ԱՍԱԼԱ-ի գործունեությունից, արած-չարածից ու հիշեցրեց ԱՍԱԼԱ-ի գլխավոր նպատակի մասին, որը հաճախ խեղաթյուրված է ներկայացվում:
«Մենք վրիժառուներ չենք, մենք մեր հողերն ենք պահանջում, մեր գլխավոր նպատակը դա է, ու կարծում եմ՝ բոլորիս նպատակը պիտի դա լինի: Մենք Ցեղասպանության ճանաչում չենք պահանջում, մենք նախ մեր հողերն ենք պահանջում, խնդրում եմ ճիշտ ներկայացրեք մեր նպատակը»,-ասաց պատմաբանը: Նա, ի պատիվ իգական սեռի, հիշեցրեց, որ ԱՍԱԼԱ-ում կռվել են նաեւ աղջիկներ:
Ամփոփելով իր խոսքը, պատմաբանն ընդգծեց մի կարեւոր միտք եւս՝ որպես պատգամ. «Հայրենիքի ազատության համար արժե ե՛ւ մեռնել, ե՛ւ մեռցնել. դա փառք է»: