Թուրքիայում հայկական եկեղեցին թմրամոլների ու հարբեցողների հավաքատեղի է դարձել

Թուրքիայում հայկական եկեղեցին թմրամոլների ու հարբեցողների հավաքատեղի է դարձել

Իզմիրի Մենեմեն շրջանում գտնվող հայկական եկեղեցին ախոռի է վերածվել: Մինչև 1922 թվականը գործած եկեղեցին այժմ բախտի քմահաճույքին է հանձնվել, ասվում է CNNTurk հեռուստաընկերության ռեպորտաժում:

Հարակից տարածքների բնակիչները պահանջում են կարգի բերել եկեղեցին, քանի որ այն նաև իրենց անվտանգությանն է սպառնում: Պարզվում է՝ հաճախ որպես ախոռ օգտագործվող եկեղեցին, որի ներսն ամբողջությամբ թալանվել ու աղբով է լցվել, հարմար վայր է դարձել թմրամոլների և հարբեցողների համար:

«Որ ժամին կգան, որ ժամին կգնան՝ հայտնի չէ»,- պատմել է տեղացիներից մեկը:

Մեկ այլ բնակչուհի էլ հիշեցրել է, որ Մենեմենի իշխանությունները խոստացել էին վերակառուցել լքված եկեղեցին, սակայն խոստումն այդպես էլ իրականություն չի դարձել:

Հայերի հեռանալուց հետո եկեղեցին որոշ ժամանակ զինապահեստ է եղել, սակայն հետո իշխանությունները տարածքն անուշադրության են մատնել, որպեսզի շենքն «ինքն իրեն» փլվի: