Բայրոնի ծոռը շնորհավորել է բոլոր հայերին

Բայրոնի ծոռը շնորհավորել է բոլոր հայերին

«Իսկ հետո այնտեղ ինձ ինչ պատահեց, այդ ես չգիտեմ ու չեմ իմացել». 19-րդ դարի կարկառուն ռոմանտիկի խոսքերն են, եւ չնայած այս խոսքերը գրվել են տխուր իրադարձության առիթով, փորձենք դրական մասը ներկայացնել: Մենք նրան ճանաչում ենք որպես հայազգի լավագույն բարեկամ, հայագետ՝ լորդ Ջորջ Գորդոն Բայրոն, ում ծննդյան 227-րդ տարեդարձին հայերը նվեր են պատրաստել: Երեկ Բայրոնի 1 հասցեում բանաստեղծի կիսանդրու բացումն էր: Սպիտակ մարմարի վրա աշխատել է Հայկ Թոքմաջյանը, բանաստեղծին եւս մեկ անգամ անմահացնելու միտքն էլ պատկանում է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի ղեկավարությանը: «Այսօրվա միջոցառումը միգուցե մի քիչ ուշացած, բայց երկար սպասված միջոցառում է: Փողոցի վրա Բայրոնի որեւիցե հուշարձան կամ հուշաքար չկար, եւ մենք որոշեցինք, որ այդ բացթողումը պետք է լրացնել:



Գիտեք Բայրոնն ինչ դեր է խաղացել հայ ժողովրդի պատմության մեջ, հայ ժողովրդի ճակատագրում: Երեւի հայ ժողովրդի օտարազգի այն մեծ բարեկամներից է, որոնց կարելի է մատների վրա հաշվել այն ժամանակաշրջանի համար, երբ ապրել է Բայրոնը: Կարծում եմ, որ իրոք, եթե վերցնենք մեր պատմությունը, մեր այդ ժամանակաշրջանի իրականությունը, Բայրոնը մեծ դեր է խաղացել մեր ժողովրդի համար: Հուշաքարը, կարծում եմ, բոլորի դուրը կգա: Փոքր է, բայց կարծում եմ, որ կդառնա Երեւանի այցեքարտերից մեկը»,- նշեց բանկի գործադիր գլխավոր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:



Բացման արարողությանը ներկա էր նաեւ հեղինակը՝ Հայկ Թոքմաջյանը, ում խոսքերով, այս աշխատանքն իրեն ջերմացրել է. «Ես երկար եմ աշխատել այս գործի վրա: Գեղեցիկ կերպար է, սպիտակ մարմարի վրա: Շատ հաճույքով եմ արել, արել եմ անցյալ տարվա այս օրերին, սառնամանիքի օրերին, բայց ես երբեք չեմ զգացել այդ սառնությունը: Ուղղակի այդ զգացողությունը պոետի, ստեղծագործության, էության, ոճի, այդ ներքին ջերմությունը մղում էր ինձ այդ գործն իրականացնելու»: Իսկ ամենավերջում Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի արվեստի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը կարդաց Ջորջ Բայրոնի ծոռան՝ լորդ Ռոբին Բայրոնի նամակը՝ ուղղված հայ ժողովրդին. «Ես առաջին անգամ լորդ Բայրոնի հանդեպ հայերի խորին ակնածանքի մասին տեղեկացել եմ այն ժամանակ, երբ որոշվել էր 1988 թվականի երկրաշարժից տուժած Գյումրիի դպրոցը բրիտանական օժանդակությամբ վերակառուցելուց հետո անվանակոչել լորդ Բայրոնի անվան դպրոց: Լավագույն մաղթանքներս եմ հղում բոլոր հայերին: Անհամբերությամբ ակնկալում եմ տեսնել կիսանդրին Երեւան իմ հաջորդ այցելության ժամանակ»: Բայրոնագետ Անահիտ Բեկարյանն էլ նախընտրեց այդ խորհրդանշական օրը մի հատված կարդալ հայերի մասին Բայրոնի մտքերից:



ՀԳ. Բայրոնն իր հուշերում գրել է. «Աստված աշխարհի հետ հայերեն է խոսել»: Մնում է հուսալ, որ երկար ժամանակ հայոց լեզուն չօգտագործելու հետեւանքով աստված չի մոռացել մեր լեզուն: