Յուրաքանչյուր հայ դերասան է՝ ցեղասպանության ֆիլմի մեջ նկարահանվելու համար

Յուրաքանչյուր հայ դերասան է՝ ցեղասպանության ֆիլմի մեջ նկարահանվելու համար

Նախկին պատգամավոր ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) «Հիշողություն» ֆիլմն արդեն քանի օր է, ինչ մեծ իրարանցում է առաջացրել հանրության շրջանում: Ֆեյսբուքում նույնիսկ առաջարկություններ են արվում ֆիլմի դեմ ստորագրահավաք կազմակերպելու վերաբերյալ, որպեսզի այն չցուցադրվի արտասահմանում: Եվ չնայած մենք շաբաթ օրվա մեր համարում անդրադարձել էինք ֆիլմին, Հակոբ Հակոբյանը ցանկացավ, այնուամենայնիվ, «վերլուծել» ֆիլմն անձամբ: Այսպիսով, ֆիլմի հեղինակը՝ ֆիլմի մասին:



- Ինչպե՞ս ծնվեց ֆիլմի սցենար գրելու միտքը:



- Ցեղասպանության 90-ամյակի հետ կապված՝ խաչքար տեղադրեցի եւ այսպես էլ մտածեցի, որ չմեռնենք՝ սաղ մնանք, 100-ամյակի հետ կապված մի այնպիսի բան անենք, որ մնայուն արժեք լինի: Եվ որոշեցի, որ ֆիլմ նկարենք: Այս 10 տարիների ընթացքում կարծես մեր հասարակությունը մասնակից է եղել, դարձել է սցենարի հեղինակի խորհրդականները: Մոտավոր կարող եմ ասել՝ 10 հազար մարդու հետ ես խոսացել եմ այդ մասին: Ականատեսների, պատմվածքների, գրքերից եւ բոլոր այն լրագրողական հետազոտություններից, որոնք արվել են ժամանակին, Ցեղասպանության թանգարանում գտնվող նյութերից 10 տարիների ընթացքում հավաքվելուց հետո սկսեցինք մտածել սցենարի մասին: Այս սցենարը ժողովրդի մասնակցությամբ ստեղծված սցենար է, դա մի մարդու երեւակայություն չի:



- Բայց ասում են՝ ամեն մարդ իր մասնագիտությամբ պետք է զբաղվի: Որքանով որ մենք ենք տեղյակ, Դուք սցենարիստի մասնագիտություն չունեք:



- Ես արդեն ասացի, որ սա ոչ թե իմ սցենարն է, այլ թվով 10 հազար մարդկանց սցենար է, որոնց հետ ես խորհրդակցել եմ 10 տարվա ընթացքում:



- Մարդիկ հետաքրքրված են, թե որքա՞ն գումար եք ծախսել ֆիլմի վրա:



- Ֆիլմի բյուջեն բաղկացած է այնքան գումարից, որքան անհրաժեշտ է եղել ցեղասպանության մասին ֆիլմը նկարահանելու համար: Ես ֆիլմի բյուջեի մասին կխոսեմ մեկ տարի հետո, երբ որ ֆիլմն ամբողջովին կայացած լինի: Քանի որ ֆիլմն էլ ցեղասպանության մասին է, ես չէի ցանկանա այն դարձնել կամերչեսկի առարկա եւ քննարկել:



- Իսկ Դուք մասնակցե՞լ եք ֆիլմի նկարահանումներին, դերասանական կազմի ընտրությանը:



- Այո, չի եղել նկարահանում, որ ես չմասնակցեմ, որովհետեւ սցենարը մի բան է, ռեժիսորը՝ մի բան: Մենք շատ տարաձայնություններ էինք ունենում ռեժիսորների հետ, ես բացատրում էի, որ այս ձեւ եմ պատկերացնում, իրանք էլ, որպես ռեժիսոր, ուրիշ ձեւ էին պատկերացնում: Սկսում էինք քննարկել, վիճել, խռովում էինք իրարից: Բայց, վերջիվերջո, այդ քննարկումների հետեւանքով ծնվում էր ամենախելոք տարբերակը: Եթե հիմա էլ ինչ-որ բան են ասում, մենք դնում ենք քննարկման:



- Իսկ քննարկման կդնե՞ք «Հիշողությունն» արտասահմանում չցուցադրվելու հարցը:



- Որեւիցե մեկը չի կարող ասել, որ մեր տեսարանները դաժան են կամ իրականությանը չեն համապատասխանում: Մարդիկ, դերասաններն ասում էին, որ մենք ընդամենը 10 տոկոսն ենք ներկայացրել նրանց վայրագության: Մենք կարող էինք ավելի շատ բաներ անել: Այնպես որ, եթե ինչ-որ մեկն ուզենա կամ չուզենա, դա իրենց անձնական խնդիրն է: Ինքը գեղարվեստական ֆիլմ է, մարդկանց համար եմ դա ասում, որ եթե նրանք չեն ուսումնասիրել, թե ինչ է գեղարվեստական ֆիլմը… գեղարվեստական ֆիլմը կարող է լինել ե՛ւ սուտ, ե՛ւ չափազանցություն, ե՛ւ հորինված, ֆիլմի վերջում այլմոլորակայինները գան-գնան: Կա աշխարհում գնահատական տվող հանդիսատես: Հանդիսատեսը չի ասում՝ լավ է կամ վատ է, եթե կինոդահլիճներում այցելություններ լինում են, ուրեմն ինքը լավն է, եթե չեն գնում, ստացվում է, որ վատն է: Եվ պետք չի, որ որեւիցե մեկը գնահատական տա, մարդն ունի հնարավորություն՝ գնա կամ չգնա:



- Ինչո՞ւ են ֆիլմում բոլոր թուրք կերպարները տեղին-անտեղին քրքջում:

- Այդ քրքջոցները, ցինիզմը, որ ես մտածել եմ եւ ֆիլմի մեխն եմ դարձրել, դրանով աշխարհին ցույց եմ տալիս, որ այսօրվա Թուրքիայում, գործող Էրդողանից սկսած, քաղաքական մեծամասնությունն այդպիսի հրճվանք է ապրում: Քանի որ 100 տարվա ընթացքում նրանք իրենց մեջ չկարողացան ուժ գտնել եւ ներողություն խնդրել մեր ժողովրդից: Նրանք հիմա ավելի տգետ ու վատ վիճակի մեջ են գտնվում: Ես այդքան չեմ մեղադրում այդ ժամանակ ոճրագործություն կատարած թուրքերին, ինչքան այսօր մեղադրում եմ այսօրվա վարած քաղաքականության համար:



- Պրն Հակոբյան, հնարավո՞ր է, որ էլի ֆիլմեր նկարահանեք:



- Իմ դուրը շատ եկավ այս աշխատանքը, շատ հետաքրքիր էր: Տեսնենք ինչ հաջողություն կունենանք, եթե կստացվի, որ մարդիկ հավանեն այս երեւակայությունները, ի՞նչ է պատահել՝ կարող ենք զբաղվել նաեւ այս աշխատանքով: Ես կֆինանսավորեմ, որ պրոֆեսիոնալներն զբաղվեն: Պարբերաբար ես կօգնեմ իրենց իմ երեւակայություններով: Կոնկրետ ես չեմ նկարել այս ֆիլմը, ես մասնագետ չեմ:



- Իսկ ինչո՞ւ չեք նկարահանվել Ձեր ֆիլմում:



- Երեւի այդ համարձակությունը չունեցա ես, չգիտեմ, թե ինչու: Ցանկալի էր, շատ լավ կլիներ, որ ես ներկայացված լինեի ֆիլմում: Յուրաքանչյուր հայ, անկախ այն բանից՝ կլինի դերասան կամ չի լինի, նա պատրաստի դերասան է ցեղասպանության ֆիլմի մեջ նկարահանվելու համար: Մարդիկ կային, որ դերասաններ չէին, մասսովկաների մեջ լացում էին, բայց մենք չէինք ասել դա նրանց:



- Իսկ ինչպե՞ս եք ընտրել ռեժիսորներին:



- Շատ հանդիպումներ եմ ունեցել: 22 ռեժիսորների հետ եմ հանդիպել, քննարկումներ ենք ունեցել: Բայց ես ընտրել եմ նրանց, քանի որ զգացի, որ իրենք ավելի ռիսկով են:



- Եվ, վերջապես, ինչո՞ւ է Լուիզա Ղամբարյանը քարով ինքնասպան լինում, որքանո՞վ է դա իրական (ովքեր չեն դիտել, տեղեկացնենք, որ դերասանուհին «յուրօրինակ» ինքնասպանություն է գործում՝ քարով հարվածում է ինքն իրեն):



- Ինքը չցանկացավ թուրք ասկյարից իր կյանքն աղերսել եւ նպատակահարմար գտավ ինքնասպան լինել: Ավելի դաժան բաներ էլ են եղել, երբ երեխաները, բռնաբարությունից փախչելով, ինքնասպան են եղել՝ ժայռից իրենց նետելով:
Յուրաքանչյուր դրվագի տակ կա խոր իմաստ: Այդ դրվագների համար մենք նույնիսկ մրցույթ ենք հայտարարել: 24 տեղ, լավագույն ֆիլմը դիտողը, ով կմեկնաբանի, թե ինչ ենք մենք այնտեղ դրել: Չորսական 500 դոլար, տասական 300 դոլար, տասական 200 դոլար: Նրանց աշխատություններն էլ կտանենք կտանք Ցեղասպանության թանգարանին, որ յուրաքանչյուրի մոտեցումը պահենք:



ՀԳ. «Հիշողություն» ֆիլմի վրա, բացի Հակոբ Հակոբյանից, աշխատել են նաեւ ռեժիսորներ Քաջարի Հակոբյանն ու Սեյրան Հակոբյանը: Ֆիլմը դեռ փակ դիտումների շրջանում է: «Սցենարիստի» խոսքերով, պրեմիերան բավականին համեստ է լինելու, եւ առանձնապես պաշտոնավոր մարդիկ չեն հրավիրվելու. «Հրավիրելու եմ այն մասնակիցներին, ովքեր իրենց լուման են դրել եւ անհանգստացած էին ֆիլմի համար: Այն մարդիկ, ովքեր անտարբեր են եղել ֆիլմի նկատմամբ, ես չեմ ուզում հրավիրել, անուններ էլ չեմ ուզում տամ»: