Երբ գոհ են գրեթե բոլորը՝ «քավոր Արմենը», «ուժեղ Գագիկն» ու ՀՀԿ-ի մի ստվար մասը

Երբ գոհ են գրեթե բոլորը՝ «քավոր Արմենը», «ուժեղ Գագիկն» ու ՀՀԿ-ի մի ստվար մասը

Ազգային ժողովի տարբեր կուսակցությունների պատգամավորներ երեկ այդպես էլ չկարողացան հստակ գնահատական տալ Սարգսյան-Ծառուկյան զինադադարին կամ հաշտությանը, ո՛չ էլ որեւէ մեկը հստակ հաստատեց կամ հերքեց՝ ի վերջո, Դաշնակցության «քավորությա՞մբ» է կողմերի միջեւ հաշտությունը կայացել, թե՞ ոչ:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, սովորության համաձայն, խուսափեց հստակ պատասխանից՝ ասելով, որ ինքը ծանոթ չէ Ծառուկյանի առավոտվա հայտարարությանը, որով չեղյալ է համարել հայտարարված հանրահավաքը, եւ կարող է պատասխանել միայն այն ժամանակ, երբ ծանոթանա:



ՕԵԿ-ից Մհեր Շահգելդյանն էլ ասաց, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը Հայաստանում առկա ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները կհնչեցնի փետրվարի 19-ին, կուսակցության քաղխորհրդի նիստից հետո: Մեր այն դիտարկմանը, թե զուգահեռներ են անցկացվում ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի միջեւ՝ Շահգելդյանը պատասխանեց. «Ով որ սխալ զուգահեռներ է անցկացնում, թող գնա իր մասին մտածի, որովհետեւ յուրաքանչյուր քաղաքական գործիչ իր մոտեցումներն ունի եւ իր տարբերակներով է առաջ շարժվում»:



ՀՀԿ-ից Հովհաննես Սահակյանն ասաց, որ հանդիպման մասին հստակ տեղեկություն չունի: Այդուհանդերձ, եթե իսկապես հաշտություն է եղել, հնարավո՞ր է ԲՀԿ-ի հետ հետագայում նորից համագործակցություն, Հովհաննես Սահակյանն ասաց, որ ինքը քաղաքականության մեջ ոչինչ չի բացառում: «Բայց մենք պետք է հասկանանք, թե ինչի շուրջ ենք համագործակցում, այսինքն՝ պետք է հասկանանք հետագա պարզ, հստակ անելիքներն ու պատկերացումները»,-ասաց նա՝ նշելով, որ պետք է ուղղակի հստակեցնել խնդիրները:
Այն հարցին, թե իր կարծիքով արդյոք քաղաքականությունը բարոյակա՞ն երեւույթ է, ու ջերմ շփումներից հետո փոխադարձ հայհոյանքներն ու այսօր կրկին ջերմացումն իր մեջ անբարոյական ոչինչ չի՞ պարունակում, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Քաղաքականությունը բարոյական մարդկանց համար բարոյական երեւույթ է, անբարոյականների համար ամեն ինչն էլ անբարոյական է: Կարող ենք բազմաթիվ անբարոյական քայլեր տեսնենք, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչի մասին կարելի է բարձրաձայնել»:



ԲՀԿ-ից Տիգրան Ուրիխանյանն էլ մեզ ասաց, որ ինքը տեղյակ չէ՝ Սարգսյան-Ծառուկյան հանդիպում եղել է, թե ոչ, այդ թվում՝ տեղեկություն չունի նաեւ հաշտեցման մասին: Բայց Ծառուկյանի հայտարարության մեջ նա տարօրինակ ոչինչ չի տեսնում: «Այո՛, մենք չենք գնում արյան գնով որեւէ հարց լուծելու, չենք գնացել երբեւէ, չենք գնալու, եւ դրա մասին մշտապես ասվել է: Ես զարմանում եմ, որ այսօր որեւէ մեկը զարմանում է նրա շուրջ, ինչ հայտարարվել է առնվազն մի քանի հարյուր անգամ»,-ասաց նա: Ըստ նրա՝ այս պահին մենք ունենք այլ քաղաքական իրավիճակ, բայց դա չի նշանակում, որ ԲՀԿ-ն ունենալու է այլ քաղաքական կուրս եւ այլ գործունեություն, իրենց պայքարը շարունակելու են քաղաքական ճանապարհով, եւ օրակարգային հարցերում էլ փոփոխություն չի եղել: Այսինքն՝ ՀՅԴ-ում զրպարտում են իրենց ու սուտ տեղեկությո՞ւն տարածում իրենց վերաբերյալ, Ուրիխանյանն ասաց. «Ճիշտ կլինի հարցն ուղղեք Արմեն Ռուստամյանին եւ Աղվան Վարդանյանին, որովհետեւ ես երեկ ուղիղ եթերով լսում էի Աղվան Վարդանյանի խոսքերը, ով ասաց, որ ինքը չի պնդում, ուղղակի ասում է, որ, իրենց տեղեկությամբ, նման հանդիպում եղել է»:



ՀՅԴ խմբակցության ղեկավար, այդ երկու լիդերների հանդիպման «հովանավոր» Արմեն Ռուստամյանն էլ հորդորեց չկենտրոնանալ՝ հանդիպում եղե՞լ է, թե՞ ոչ, քանզի այստեղ կարեւորն այն է, որ ինչ-որ կերպ հանգուցալուծվեց խնդիրը, կրքերը հանդարտվեցին, եւ կանխվեց այն արյունահեղությունը, որը չէր բացառվում առճակատման գնալու պարագայում: Ու եթե նույնիսկ իրենց տեղեկություններն անգամ հավաստի չեն, թեպետ պնդում է, որ հավաստի են, հոգ չէ. «Լավ, թող մենք սուտ դուրս գանք, բայց էս գործընթացը տրամաբանական ավարտին հասցվի»: Ռուստամյանը խորհուրդ տվեց հաղթողներ ու պարտվողներ չփնտրել՝ ընդգծելով, որ մեզ նոր մարտի 1 հարկավոր չէր, եւ հիմա խորը հիասթափություն կապրեն նրանք, ովքեր փորձում էին այս թեժացած կրակի վրա իրենց ձեռքերը տաքացնել ու մի բան էլ ավելի էին բորբոքում այն: Գագիկ Ծառուկյանի այս քայլը, ըստ ՀՅԴ-ական պատգամավորի, ողջունելի է ու ցույց տվեց, որ դա մեծ մարդու, ուժեղ մարդու մոտեցում էր, քանզի նա գիտակցեց, որ հնարավոր է այս հակամարտության զարգացումն աղետալի հետեւանքների հանգեցներ, ու չմտավ այդ պատասխանատվության տակ:



Իսկ մեր այն հարցին, թե իրենց այս միջնորդության համար որեւէ վարձատրության ակնկալիք ունե՞ն ինչ-որ կողմից, եւ ԲՀԿ-ում արդյոք գնահատե՞լ են իրենց ներդրած ավանդն այդ հաշտության մեջ, Ռուստամյանն ասաց, որ ոչ մի ակնկալիք Դաշնակցությունը չունի այս միջնորդության հետ կապված, եւ իրենք շատ համեստ են գնահատում իրենց արածը: Իսկ ԲՀԿ-ի կողմից գնահատանքի մասով էլ ասաց. «Թող չհայհոյեն, գնահատել պետք չի»:



Նշենք, որ երեկ ամբողջ օրը շատ դժվար էր կապ հաստատել որեւէ քաղաքական ուժի ներկայացուցչի հետ. նրանք կա՛մ հրաժարվում էին խոսել, կա՛մ հեռախոսազանգերին չէին պատասխանում: