2015թ. կավելանա սուբսիդավորման ծավալը

2015թ. կավելանա սուբսիդավորման ծավալը

ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված է գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծավալի ավելացում: ՀՀ 2015թ. պետբյուջեով գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորման նպատակով հատկացվել է ավելի քանի 290 մլն դրամով ավելի գումար, քան նախորդ տարի, ինչը հնարավորություն է տալիս տարբերակված 4 և 6 տոկոսի փոխարեն երկրի բոլոր համայնքների համար կիրառել վարկերի տոկոսադրույքների 6 տոկոսային կետի սուբսիդավորում: Տնտեսվարողների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու կառավարության որդեգրած քաղաքականության իրագործման գործիքներից մեկը գյուղացիական տնտեսություններին ցուցաբերվող պետական աջակցության ծավալի ավելացումն է, այդ թվում՝ տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ավելացումը:
Կառավարությունը հավանություն է տվել հատուկ կացության կարգավիճակ ստանալու դիմումի քննարկման կարգը և ժամկետները, դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը հաստատելու վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին՝ դրանով իսկ սահմանափակելով դիմումի քննարկման ընթացքում լիազորությունների հնարավոր սահմանազանցումը և կոռուպցիոն ռիսկերը, ինչպես նաև ապահովելով ՀՀ-ում հատուկ կարգավիճակ հայցող անձանց իրավունքների անխոչընդոտ իրացումը:
Կառավարությունը հավանություն է տվել «Հայփոստ» ՓԲԸ «Հայփոստ հյուսիս» հանրապետական փոստային հանգույցի ստեղծման ներդրումային ծրագրին: Նախատեսվում է նոր խոշոր փոստային կապի հանգույց հիմնել Սպիտակ քաղաքում: Այն ապահովված կլինի տեսակավորման, ընդհանուր գրասենյակային և մեքենաների կառավարման տարածքներով: Ծրագրով նախատեսվում է նաև Սպիտակում կառուցել երկու նոր փոստային բաժանմունք: Ամբողջ ծրագրի համար ներդրվելու է մոտավորապես 500 մլն դրամ: Հաջորդ որոշմամբ գործադիրը համաձայնություն է տվել, որպեսզի ծրագրի համար անհրաժեշտ քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարվեն «Հայփոստ» ՓԲԸ-ին: