Եթե ընդդիմության մեջ դեռ ապրելու ցանկություն է մնացել

Եթե ընդդիմության մեջ դեռ ապրելու ցանկություն է մնացել

Հնարավոր է, հարցը ժամանակավրեպ հնչի, բայց կցանկանայի, այնուամենայնիվ, տալ. արդյոք եռյակի ուժերից յուրաքանչյուրի մտածողության օրգանին հասա՞վ, որ նման բան, ինչ կատարվեց իրենց հետ, տեղի չէր ունենա խորհրդարանական կառավարմամբ երկրում: Իսկ տեղի չէր ունենա, որովհետեւ դրա մեխանիզմները չկան: Աշխարհի ոչ մի խորհրդարան դեռ իր երկրի վարչապետին կամ նախագահին չի լիազորել ընդդիմության հետ վարվել այնպես, ինչպես վարվեց նախագահ Սարգսյանը Հայաստանի եռանդամ ընդդիմության հետ:



Վերցնենք Վրաստանը եւ այդ երկրի արեւմտամետ (խիստ արեւմտամետ) նախագահ Սահակաշվիլու օրինակը: Վերջինս Վրաստանում արել է այն, ինչ երեւի մի քանի ասիացի բռնապետ միասին չեն արել իրենց երկրներում: Նրա օրոք բանտերում էին հայտնվում ընդդիմադիր գործիչներ, ենթարկվում կտտանքների, նրա սափրագլուխները խառն էին ընդդիմության ցույցերն ամենաստոր ձեւով ցրելու, մարդասպանությունների եւ զանազան այլ հակաօրինական պատմություններում: Անձամբ Սահակաշվիլուն մեղադրել են անգամ բյուջեն մսխելու մեջ:



Վրաստանը դարձավ խորհրդարանական երկիր: Կա մեծամասնության ընտրած վարչապետ, նախագահ, կան իրավապահ մարմիններ, բանակ, բայց այդ ամենին զուգահեռ գործող Սահակաշվիլու կուսակցությունը շարունակում է ապրել ու գոյատեւել որպես ընդդիմություն: Մինչեւ Վրաստանի իշխանությունները հասնում են Սահակաշվիլու այս կամ այն հանցագործ նախարարի, մերձավորի, բարեկամի ձերբակալության սանկցիային, հոգիները դուրս է գալիս: Եվ հենց այդպես, դժվար, բայց քայլ առ քայլ երկիր են կառուցում:
Ընդդիմությունը, որ երկրում էլ լինի, թերեւս ավելի տարօրինակ բան, քան սահմանադրական բարեփոխումների դեմ դուրս գալն է, չի կարող անել: Մեզ մոտ այդպիսիք միանգամից երեքն էին, որ պայքարում էին, այսպես ասենք, հանուն ընդդիմության դեմ բռնությունների շարունակման: Իսկ որ պետք էր նստել ու քննարկել առաջարկվող փոփոխությունները, երեքից ոչ մեկի մտքով իսկ չէր անցնում:



Ես հասկանում եմ, երբ Ռոբերտ Քոչարյանն է խոսում սահմանադրական բարեփոխումների անթույլատրելիությունից, բայց չեմ հասկանում, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը նրանից ավելի բարձր է խոսում այդ բարեփոխումների դեմ: Ենթադրենք` Գագիկ Ծառուկյանը, ով սեփական գնահատմամբ դասական քաղաքական գործիչ չէ, ցանկանում է այդքան հարստություն ունենալուց հետո մի հատ էլ ուժեղ նախագահ դառնալ: Տեր- Պետրոսյանն ասում է` ամբիցիաներ ունենալն ամոթ բան չէ: Համաձայն ենք: Բայց ամբիցիաներ ունենալուց առաջ նա պետք է իմանար նաեւ, թե ինչ կարող է անել ուժեղ նախագահը, եթե ինքն սկսի փողոցում իշխանափոխություն (այն էլ՝ արտահերթ) պահանջել:



Ամենադժվարը Լեւոն Տեր-Պետրոսյանի վիճակն է: Ինչո՞ւ ես դեմ խորհրդարանական համակարգին, մարդ Աստծո: Մի՞թե վերջին 7 տարիները քեզ չապացուցեցին, որ նախագահ Սարգսյանը, այո, հենց այս սահմանադրության շրջանակներում քթից բռնած ման է ածում ուզածդ, թեկուզ ամենաթունդ, ընդդիմությանը` երկխոսացնում, գցում զուգարանային պատմությունների մեջ, տալիս օլիգարխների ձեռքը, փչացնում:
Չեմ կարող ասել, թե եռյակից մնացած միավորներն ինչպիսի դիրք կբռնեն առաջիկայում մեկնարկելիք սահմանադրական բարեփոխումների գործընթացի հանդեպ:



Գուցե շարունակեն առանձին-առանձին պայքարել բարեփոխումների դեմ, ամեն մեկը յուրովի, գուցե ընդհակառակը` քաղաքական պրոցեսից դուրս չընկնելու համար հավաքվեն՝ քննարկելու հայեցակարգը: Ի վերջո, ինչքան էլ պնդեն, որ սա վերարտադրության համար արվող բարեփոխում է, միեւնույն է, ոչ մի վերարտադրվող ուժ հավերժ չէ: Փոխարենը` նախագահի այսօրվա իրավունքներով օժտված մարդը կկարողանա թե վերարտադրվել, թե իշխանության բերել իր կլոնին եւ թե, երբ տեղը գա, ընդդիմության ականջները կտրել ու դարձնել չոբանի շուն:



Ոչ ձեզ վրա վերցրեք, ոչ էլ նեղացեք: Սա ասացինք օրինակի համար: Բայց մի խնդրանք` ուշադիր կարդացեք հազարավոր մարդկանց արձագանքն այն ամենին, ինչ տեղի ունեցավ այս օրերին: Աշխարհի ոչ մի ժողովուրդ, իշխանություններից մինչեւ կոկորդը զզված, ընդդիմությանն այնպես չի անիծում, ինչպես հայ ժողովուրդը: Խորհուրդս հետեւյալն է. իշխանության վերարտադրության հոգսով տառապելու փոխարեն մտածեք սեփական վերածննդի մասին: