ԲՀԿ-ին պետք է նոր առաջնո՞րդ, ինչո՞ւ

ԲՀԿ-ին պետք է նոր առաջնո՞րդ, ինչո՞ւ

Աքելլան վրիպեց… մեզ պետք է նոր առաջնորդ… Հայտնի եւ սիրված մուլտֆիլմը հիշեցիք, երեւի: Կհայտնվի՞ արդյոք ԲՀԿ-ում մի Մաուգլի, որ կասի` ոչ, Աքելլան վրիպեց Շերխանի պատճառով, եւ հենց նա կշարունակի առաջնորդել մեզ:
Եթե ԲՀԿ-ն չլիներ հավաքովի, «բոլտ ու գայկայով» իրար կպցրած կառույց, գուցեեւ գտնվեր այդ Մաուգլին: Բայց հրաշքներ չեն լինում: Եվ ինչքան էլ ասենք, որ քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է, միեւնույն է, ԲՀԿ-ի պարագայում դա չի աշխատում, որովհետեւ ԲՀԿ-ն ինքը քաղաքական երեւույթ չէ:



Սերժ Սարգսյանն ասում է` մեղավոր եմ: Եվ վե՞րջ… Մարդ կարո՞ղ է այսքան տարի մեղավոր լինել, իմանալ այդ մասին ու մեկ անգամ գոնե, միջանկյալ կարգով, չխոստովանել: Կարող էր, չէ՞, 2012-ին խոստովանել, երբ ԱԺ ընտրություններ էին: Բայց նա դա չարեց, այլ իր մարդկանցով համալրեց ԲՀԿ-ի ցուցակն ու այդ փուչիկը խցկեց խորհրդարան: Որ հիշում եմ, թե ինչպես ԲՀԿ ցուցակից դուրս թռավ թերեւս հազվագյուտ քաղաքական դեմքերից մեկը` Հմայակ Հովհաննիսյանը, ծիծաղս գալիս է քաղաքական դաշտն ապաքաղաքականներից մաքրելու այսօրվա հուժկու պահանջի վրա: Ի դեպ, ՀՀԿ-ի ցուցակն էլ մի բան չէր այդ առումով: Եվ վստահ եմ, որ եթե այսօր գտնվի մի ուժ, որ ՀՀԿ-ին դնի ԲՀԿ-ի վիճակում, առնետավազքը սոսկալի կլինի: Ո՞վ կմնա ՀՀԿ-ում` Հայկ Բաբուխանյա՞նը, Արտաշես Գեղամյա՞նը, Խոսրով Հարությունյա՞նը, գեներալնե՞րը, օլիգարխնե՞րը, շոուբիզնեսի ներկայացուցիչնե՞րը, հայ լրագրության գագաթնե՞րը: Այս բոլորի համար ՀՀԿ-ում այսօր մեղմ կլիմա կա, իսկ վաղն ի՞նչ կլինի, եթե ՀՀԿ-ի օդերը փակվեն:



Սերժ Սարգսյանը երիցս ճիշտ է` քաղաքականությամբ պետք է զբաղվեն խելացի մարդիկ եւ բնույթվ քաղաքական գործիչները: Բայց պետական լծակների գործադրմամբ պատեհապաշտներով խմբակցություն ձեւավորել ԱԺ-ում, այն էլ բացարձակ մեծամասնություն եւ դրան գումարած մի հսկա փուչիկ՝ ԲՀԿ անունով, իսկական քաղաքական գործիչն իրավունք չուներ: Ու հիմա ասել` մեղավոր եմ եւ վե՞րջ:
Չէ՞ր տեսնում, արդյոք, Լեւոն Տեր-Պետրոսյանը, թե ինչ է իրենից ներկայացնում ԲՀԿ-ն:



Բնականաբար` տեսնում էր: Բայց նա մի կեսբերան չի ասում` մեղավոր եմ: Մարդուն հասցրեց կործանման եզրին, իսկ հիմա հայտարարում է` մենք ամեն ինչ կանենք, որ ԲՀԿ-ի գլխից մազ չընկնի: Ախր, դուք իսկի ձեր շորերը չեք կարողանա ինքնուրույն հագնել, ուր մնաց ուրիշին պաշտպանեք, որ բացարձակապես ձերը չէ եւ ձեզ հետ կապված է այնքանով, որքանով ամուր է մեկ բուժուայով բուրժուադեմոկրատական հեղափոխություն իրականացնելու սնանկ գաղափարը: Իսկ ՀԱԿ-ին, պատահաբար, նոր առաջնորդ պետք չէ՞, թե՞ ՀԱԿ-ում վստահ են, որ առնետավազքը կկարողանան կանխել, եւ այն իրենց ֆրակցիային չի հասնի:



Իսկ ի՞նչ են մտածում «Ժառանգությունում»: Ի դեպ` այս կուսակցության ցուցակի վրա էլ Սերժ Սարգսյանը քիչ աշխատանք չի կատարել: Առջեւում լուրջ քննություն կա հանձնելու` սահմանադրական փոփոխությունների քննարկում, ապա` հանրաքվե, եթե Աստված հաջողի: Խորհրդարանական կառավարման համակարգի կողմնակից Րաֆֆի Հովհաննիսյանը կշարունակի՞ պայքարը բարեփոխումների դեմ, կրկնելով ՀԱԿ-ԲՀԿ «մեզի բմբուլ պետք չի» կարգախոսը, թե՞, այնուամենայնիվ, կհամակերպվի այն իրողության հետ, որ Սերժ Սարգսյանն է նախաձեռնել սահմանադրական բարեփոխումները: Ինչպես տեսնում եք` «Ժառանգությունը» նույնպես լուրջ անցման մոմենտի առջեւ է կանգնած:



Նրա մի կողմում ԱԺ-ն է, Երեւանի քաղաքապետարանը, որտեղ ինքը ներկայացված է, իսկ մյուսում` փողոցը, որտեղ կանգնած են մեր քաղաքական անցյալի կարկառուն դեմքերը` Հայրիկյանի գլխավորությամբ, ով անզգուշություն ունեցավ ԵՏՄ-ի այս խառը ժամանակներում Րաֆֆի Հովհաննիսյանին ծայրահեղ արեւմտամետ անվանելու եւ հայտարարելու` «Մեր գաղափարակից ընկերը դավաճանված է»: «Ժառանգությունը», որպես կուսակցություն, կառույց, որպես գաղափար, ունի՞ որոշում, կարո՞ղ է կուսակցության որոշում կայացնել:



Բոլորը խոսում են քաղաքական դաշտն ապաքաղաքական գործիչներից մաքրելու մասին: Հարգելիներս, դա այն գործընթացը չէ, որ հատիկ-հատիկ անվանարկես ապաքաղաքական մարդկանց, «տապոռես» ու դուրս դնես քաղաքականությունից: Իրենց հեռացնես` իրենց մարդկանց կբերեն, գուցե իրենցից մի քիչ խելացի, գուցե մի քիչ նիհար, գուցե մի քիչ վատ հագուկապով, բայց տիրոջը ծառայելու, նրա շահերը պաշտպանելու հոգեբանությամբ: Քաղաքական դաշտը մաքրելը բարդ պրոցես է: Քաղաքական դաշտը մաքուր է, երբ այդ դաշտում քաղաքական կուսակցություններ կան եւ ոչ թե փուչիկներ ու կավե ոտքերով հսկաներ:



Ես, օրինակ, ցավում եմ, որ Տեր-Պետրոսյանը թաղեց ՀՀՇ-ն: Ոչ թե որ խելքս գնում էր ՀՀՇ-ի համար, այլ որ ՀՀՇ-ն, թեեւ կոչվում էր շարժում, բայց քաղաքական կառույց էր կազմակերպական առումով: Տեր-Պետրոսյանի վերադարձն առանց ՀՀՇ-ի անհնար կլիներ, ինչպես որ հիմա անհնար է նրա նահանջն առանց ՀՀՇ-ի: Առաջին նախագահի այս պարտությունը չես համեմատի 2008-ի պարտության հետ: Եվ եթե նա կարողացավ տանել 2008-ի պարտությունը, «համակերպվել» դրա հետ, նույնիսկ ուժեղանալ այդ պարտությունից հետո, ապա միայն եւ միայն այն պատճառվ, որ մարդկանց թեկուզ ենթագիտակցական շերտում, բայց կար ՀՀՇ-ն` որպես քաղաքական հենարան:



Այսօր բոլորովին այլ կլիներ վիճակը, եթե Գագիկ Ծառուկյանը դասական իմաստով քաղաքական կուսակցություն ունենար իր թիկունքին: Բայց, ավաղ, նա ունի այն, ինչ ունի:
Կարծում եմ` ոչ ոք չի վիճի, եթե ասեմ, որ քաղաքական դաշտը մաքրում են կուսակցությունները: Ընդ որում` ոչ թե մեկը մյուսին եւ իր իմացած ձեւով, այլ ամեն մեկն իրեն: Այլապես ոչինչ չի ստացվի: Դա չի կարող անել մեկ մարդ, թեկուզ` նախագահը: Առավել եւս նման ֆունկցիա չի կարող ստանձնել պետությունը: Պրոցեսը հակառակ կողմից պետք է գա: Կուսակցությունները պետք է մաքրեն պետությունը, իսկ երբ տեղը գա` նաեւ նախագահին: