Խոսում ենք կոդերով

Խոսում ենք կոդերով

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան նեղ է Տեր-Պետրոսյանի տեղը, որ նրան արդեն անհանգստացնում են ընդդիմադիր խաղեր տվող հասարակական կազմակերպություններն ու անհատ գործիչները: Նա իր հանրահավաքային ելույթի մի հսկա հատված էր նվիրել վերջիններիս եւ, որպեսզի անուններ չտար, կոդավորել էր ասելիքը:



ՀԱԿ-ն ընդդիմադիր դաշտում մնացել է մենակ: Տեր-Պետրոսյանի գնահատականն է, որ շատ բան է ասում առաջին հերթին հենց իր մտածողության մեջ տեղի ունեցած խոշոր փոփոխության մասին: Ես այսպես եմ հասկանում` կա իշխանություն (որտեղ բոլորն են), եւ կա ընդդիմություն, որտեղ ՀԱԿ-ը մնացել է միայնակ: Տեր-Պետրոսյանի թույլտվությամբ եկեք արձանագրենք, որ քաղաքական դաշտում «այլընտրանք» գոյություն չունի այլեւս: Սա ի՞նչ է, ջրերը զուլալվո՞ւմ են: Համենայնդեպս, Տեր-Պետրոսյանը ժամանակ խնդրեց մտածելու ԲՀԿ-ի հետ կատարվածի մասին: Նա կսպասի ԲՀԿ համագումարին: Հույսը վերջինն է մեռնում` ասում են: Տեր-Պետրոսյանը լավ է հասկանում, որ պայքարը ԲՀԿ-ի համար պայքար է Գագիկ Ծառուկյանի համար: Տեր-Պետրոսյանին, թեկուզ տասնյակներով, Նաիրա Զոհրաբյաններ, Վահան Բաբայաններ, Վահե Էնֆիաջյաններ, Ստեփան Մարգարյաններ, Միքայել Մելքումյաններ, Տիգրան Ուրիխանյաններ պետք չեն: Այդ կուսակցությունում նրան պետք է մեկ մարդ, առանց որի անողոքաբար փլուզվում է բուրժուադեմոկրատական հեղափոխության, հետեւաբար նաեւ՝ իշխանափոխության մեծ ծրագիրը:



Եվ նույնիսկ, եթե հույսի նշույլ կա, որ Գագիկ Ծառուկյանը դեռ կմասնակցի ՀԱԿ-ի որեւէ հանրահավաքի, միեւնույն է, բոլորի համար է պարզ, որ Տեր-Պետրոսյանը (խորքում) չի հավատում հրաշքների: Նախապես էլ չէր հավատում, հիմա` առավել եւս: Ուզում եմ վստահեցնել, որ առաջին նախագահը հետագայում էլ չի անդրադառնա ԲՀԿ-ի եւ Գագիկ Ծառուկյանի հետ կատարվածին: Նա իր սրտի խոսքն ասել է այդ թեմայով եւ թեման փակել: Այս հանրահավաքում Տեր-Պետրոսյանը նույնիսկ Գագիկ Ծառուկյանի անունը չտվեց, ինչը պարզ վկայությունն է այն բանի, որ կանյաչնիում Գագիկ Ծառուկյանի հետ հայտնի լուսանկարը դառնում է գեղեցիկ պատմություն այն մասին, թե ինչպես էր բուրժուան դառնում հեղափոխական:



Շատ չծանրանանք այս տխուր ապահարզանի վրա: Իշխանությունները ԲՀԿ-ին «կնության» էին տվել ընդդիմությանը, նրանք էլ քանդեցին այդ պսակը: Այլ խոսքով` սիրուն չէ, երբ տան տերն արթնանում է եւ տեսնում, որ տունը «գող» է մտել, եւ ուզում է իր հետ տանել ամենաթանկարժեք իրը: Հասկացանք` ասել էին ԲՀԿ-ն թող լինի այլընտրանք, բայց չէին ասել` թող դառնա կատաղի ընդդիմություն եւ իշխանափոխություն անի:
ՀԱԿ-ին որոշ ժամանակ է պետք ուշքի գալու` խոստովանում է Տեր-Պետրոսյանը: Բնականաբար: Նույնիսկ բռնցքամարտում է ընդունված 10 վայրկյան տալ ուժեղ հարվածից ցնցված մարզիկին: ՀԱԿ-ի պարագայում 10 օրը, ես կասեի՝ նույնիսկ 10 ամիսն է քիչ լիակատար կազդուրվելու, ինքզինքը ինվենտարիզացիա անելու, շրջապատը նորովի ճանաչելու համար: Ահա եւ Տեր-Պետրոսյանը հոգ է տանում, որ այդ ընթացքում ընդդիմադիր դաշտը չլցվի այն ուժերով, որոնք մտադիր են «Դավալուից ցախավելը հեծած, «մեկ պլյուս մեկ» քայլերգը շուրթերին եւ Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ, հասնել Ազատության հրապարակ, ինքնահռչակվել որպես նոր բեւեռ, ստորագրել քաղաքացիական պայմանագիրը եւ, շարժվելով դեպի Բաղրամյան 26, կյանքի կոչել «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսը»:



Ահա թե որն է փորձառու քաղաքական գործիչը, եւ ինչպես է նա տարբերվում հազար-հազարներից: Դժվար է այսպիսի քաղաքական գործչին մինչեւ վերջ կոդազերծելը, բայց, ամեն դեպքում, նոկդաունը զգալի է: Փորձենք իրար կապել Տեր-Պետրոսյանի ելույթի առաջին եւ վերջին մասերը: Առաջին նախագահը բացահայտ երկխոսության մեջ է իշխանությունների հետ, ինչը, միանշանակ, Գագիկ Ծառուկյանի կորստից ստացած նոկդաունի հետեւանք է: Տեր-Պետրոսյանը, նախ` հանրահավաքի միահամուռ քվեարկությամբ իշխանություններին հուշեց մարտի 1-ն ընդգրկել հիշատակի օրերի ցանկում եւ այդկերպ ձերբազատվել ժողովրդին ցավեցնող հիշողությունից: Նա բերում է նույնիսկ 1967թ. Ուջանում Անդրանիկի հուշարձանը տեղադրելու պատմությունը, թե ինչպես հետո խորհրդային իշխանությունները հաշտվեցին կատարված փաստի հետ: Իսկ վերջում իր այդ շինիչ առաջարկի դիմաց իշխանություններից պահանջում է ընդդիմադիր դաշտը չլցնել լնգուլավազներով: Ովքեր են դրանք` Տեր-Պետրոսյանը հրաշալի կոդավորել է:



Տեր-Պետրոսյանը, սակայն, չի ձերբազատվել իր ձախության մանկական հիվանդությունից: Դա իր մշտնջենական կարգախոսն է դարձել` ով ինձ հետ չէ, իմ թշնամին է, ընդդիմադիր չէ, իշխանության կամակատար է եւ այլն: Նրա հայտարարությունը, թե ՀԱԿ-ը միայնակ մնաց ընդդիմադիր դաշտում, կարող է միանգամայն հակառակ էֆեկտ ունենալ եւ տապալել անգամ խորհրդարանում սկսված ընդդիմադիր համագործակցությունը, ինչը ՀԱԿ-ին այս իրավիճակում թերեւս պետք չէ: Հուսանք` ուշքի գալուց հետո, երբ արդեն կունենա իրեն շրջապատող աշխարհի իրական պատկերը, ՀԱԿ առաջնորդը որոշակի խմբագրումներ կկատարի իր ապագա ելույթներում եւ բոլորովին այլ պրիզմայով կնայի քաղաքական անցուդարձին: Նա ուրիշ ճանապարհ չունի քաղաքական դաշտում մնալու, մանավանդ, որ իշխանությունների հետ ինչ-որ կերպ երկխոսելու նրա կոդերն այսքան վատ են թվայնացված: