Հայաստանում չկան կուսակցություններ, այլ կան խմբավորումներ

Հայաստանում չկան կուսակցություններ, այլ կան խմբավորումներ

ԲՀԿ-ի վախճանից հետո արդյոք Հայաստանի քաղաքական դաշտում նոր իրավիճա՞կ է ստեղծվել, թե՞ կայուն ընդդիմադիր ուժ ունենալու հույսը երկար ժամանակով կորավ: Այս մասին խոսեցինք քաղաքական վերլուծաբան, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանի հետ, ով կարծում է, որ Հայաստանում կուսակցությունները երբեք էլ չեն կայացել, եւ դրանք անվանում է «խմբավորումներ»:



- Տեր-Պետրոսյանը մարտի 1-ին հայտարարեց, որ ՀԱԿ-ը միակ ընդդիմադիր ուժն է, սակայն մինչեւ ապրիլի 24-ը միտինգ չի անելու: Քաղաքական պարապուրդում են նաեւ մյուսները: Հանրությունը հիասթափված է, բայց հնարավո՞ր է, որ սա նոր, մեկնարկային իրավիճակ լինի ընդդիմադիր ուժերի համար:



- Կուսակցական գործունեությունը, որն այս 24 տարիներին եղել է, եւ այս նոր վիճակը՝ փուչիկների պայթելը, նույն որակի մեջ են ընկալվում հանրության կողմից: Օրինակ, 13 թվին, մինչ նախագահական ընտրությունները, մոտավորապես այսպիսի վիճակ էր, բայց այն ժամանակ ընկալումն այսպիսին էր: Հիմա մարդիկ ավելի լավ են հասկանում, որ անէական բաներ են սրանք՝ թե ով իրեն ինչպես է կոչում, ինչ կուսակցություն է, ինչ դեր է վերցնում, եւ սպասելիքները ուժերի վերադասավորումից այնքան էլ մեծ չեն: Ինչ-որ անդուր վիճակ է: Ինչ-որ տարբեր խմբավորումներ իրար մեջ դերեր են բաժանում: Ի՞նչ է նշանակում «միակ»: Մինչեւ հիմա էլ է եղել այդ միակ ընդդիմության գաղափարը, հետո փլուզվել է, հետո ինչ-որ կոալիցիաներ ստեղծելու անհաջող փորձեր են եղել: Հիմա նորից միակ ընդդիմության դրույթն է առաջ քաշվում: Անընդհատ կրկնվում են այս երեւույթները, բայց իրականության մեջ նշանակություն չունի, թե ով որտեղ կլինի եւ ինչ կանի:



- Ձեր կարծիքով, ո՞ր ընդդիմադիր ուժն այսօր կարող է հավակնել մարդկանց վստահությանը: Ժողովուրդը դեպրեսիայի մեջ է ԲՀԿ-ի պայթելուց հետո:



- Պարզ չէ՞ր, որ դա փուչիկ էր, ինֆորմացիոն փուչիկ, որն իրականության հետ ոչ մի կապ չուներ, եւ բնական է, որ ամեն անգամ, երբ այդպիսի փուչիկներ են պայթում, մարդիկ հիասթափվում են: Դրանք ոչ մի պոտենցիալ չունեցող խմբավորումներ են: Կուսակցական գործունեությունը Հայաստանում շատ վատ վիճակում է, որովհետեւ գոյություն չունի ազատ ընտրությունների մեխանիզմ: Կուսակցությունները կայանում են, եթե ընտրություններ կան ազատ: Եթե չկան, ամեն մեկն իր գոյությունն արդարացնելու մի ձեւ է գտնում, եւ նրա գործունեությունն ինքնանպատակ մի բան է դառնում: Իզուր չէ, որ ոչ իշխանական ուժերը, ինչպես իրենք են իրենց կոչում, հենց իրենց մեջ են կռվում, դաշտեր կիսում, այլ ոչ գործող ռեժիմի հետ:



- Ստացվում է, որ իշխանություննե՞րն են խանգարում, որպեսզի Հայաստանում ընդդիմադիր ուժերը կայանան:



- Իհարկե: Եթե ընտրական մեխանիզմը երկրում պարալիզացված է, նրանք կարող են չխառնվել այդ կուսակցությունների գործունեությանը: Ինչով ուզում են, թող զբաղվեն: Իշխանությունների խնդիրն այն է, որ պարբերաբար նորից վերարտադրվեն իրենց կազմակերպած ընտրություններում ու անցնեն առաջ: Իրենց չի հետաքրքրում, թե տվյալ պահին ով է իրենց դեմ լինելու:



- Այսօր ԲՀԿ-ի դերը գնահատելու, վերջնագիծ քաշելու ժամանակն է: Ի՞նչ դեր ունեցավ այն ՀՀ քաղաքական դաշտում:



- Իր գոյության 7 տարիներից այդ փուչիկը՝ «Բարգավաճ Հայաստանը», 5 տարի, երեւի, իրեն ներկայացնում էր որպես ընդդիմադիր եւ զբաղվում էր քաղաքական կյանքը ոչնչացնելով: 12 թվականին օգնեցին, որ հանրապետականները վերցնեն մեծամասնություն, սուսուփուս գնացին տուն: 13 թվականին՝ նախագահական ընտրություններին, բոլորին խաբեցին, թողեցին Սերժ Սարգսյանին առանց լուրջ դիմադրության: Դրանից հետո, էլի 13 թվականին, քաղաքապետի ընտրություններին մեջտեղ մտան, ճնշեցին եւ մի կողմ քաշեցին «Ժառանգությանը»: Անընդհատ դա էր կատարվում, եւ ոչինչ չէր փոխվում: ԲՀԿ-ի միջոցով ուղղակի մեջտեղից հանում էին նրանց, ով պետք չէր:



- Փաստորեն, ԲՀԿ-ն պայթեց, Դուք սա դրակա՞ն եք գնահատում:



- Ես շատ անտարբեր եմ դրա նկատմամբ, որովհետեւ ԲՀԿ-ի պայթելով՝ որակի մեջ փոփոխություն չի լինի: Չի կարելի ասել, որ դրանով ստեղծվել է մի նոր վիճակ, եւ լուրջ սպասելիքներ ունենալ: Նույն որակի մեջ են բոլոր խմբավորումները եւ նույն ձեւով են իրենց պահում՝ թե ռեժիմի հետ սիլիբիլի են անում, թե իրար մեջ: Չեմ տեսնում նոր երեւույթ: Նման վիճակ Հայաստանում 24 տարվա մեջ 10 անգամ եղել է, բայց դա չի նշանակում, որ մի բան է փոխվել: Ինչ-որ անուններ են փոխվում, գործելաոճը, մոտեցումը մնում է նույնը: Եթե այս ամենն ամբողջությամբ վերաիմաստավորվի ինչ-որ խմբի կողմից, այն ժամանակ կարելի է նկատել ու ցույց տալ, բայց ես ոչ մի նոր բան չեմ տեսնում:



- Հիմա ժողովուրդը ո՞ր ուժի հետ կարող է կապել փոփոխությունների հույսը:



- Նրա հետ, ում ասածը համոզիչ է: Ամեն կուսակցություն ինչ-որ քանակի իր կողմնակիցներն ունի, եւ ով ավելի համոզիչ է խոսում, նրան էլ լսում են: Ժողովուրդը միշտ էլ ակտիվ է, միշտ էլ գնում է ինչ-որ մեկի հետեւից: Մարդիկ միշտ էլ հույս ունեն ընտրություններով մի բան փոխել ու երբեք տանը նստած չեն:



- Ձեզ համար ո՞վ է համոզիչ:



- Իհարկե, ոչ ոք: Որովհետեւ սրանք կուսակցություններ չեն եւ չեն կարող լինել: Կուսակցությունները Հայաստանում կկայանան այն ժամանակ, երբ երաշխիքներ լինեն, որ գոյություն ունի ընտրություն: 24 տարի այդպիսի բախտ չի ունեցել Հայաստանը: Հենց իրենք, կուսակցությունները խնդիր չեն դնում, թե ոնց անես, որ ազատ ընտրությունների երաշխիք ստեղծես Հայաստանում: Ոչ ոք սրանով չի զբաղվում: Առնվազն 95-96 թվականից մի լոզունգ են նետել օդ՝ իշխանափոխություն: Սա աբստրակտ գաղափար է, որն ամեն մեկն իր ուզածով է հասկանում, եւ ոչ մի գաղափարական շարժ չի եղել: Եթե 10 կուսակցություն դուրս է գալիս փողոց, ու տասն էլ մարդկանց ասում են՝ իշխանափոխություն, տարբերությունը ո՞րն է կուսակցությունների մեջ: Խոսք պետք է ասեն, չէ՞, բայց բոլորն էլ նույնն են ասում: Տարբերությունը ո՞րն է:



- Ձեր կարծիքով, ԲՀԿ-ն ավարտվե՞ց սրանով:



- Քաղաքական ինչ-որ նկար էր: Այդ նկարի մեջ կարող է վաղը մի ուրիշ նկար նկարեն, մի ուրիշ կերպար ստեղծեն: