Ստեղծվող հաջորդ ընդդիմությունը նույնպես կլինի իմիտացիոն

Ստեղծվող հաջորդ ընդդիմությունը նույնպես կլինի իմիտացիոն

Հարցազրույց Միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, «Ազատություն» ռադիոկայանի նախկին տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանի հետ՝ ներքաղաքական արդի հարցերի շուրջ:



- Ինչպե՞ս կբնորոշեք Հայաստանի քաղաքական դաշտը եւ հատկապես այն, ինչ ունենք ընդդիմադիր բեւեռում:



- Ընդդիմադիր դաշտում շատ բան չի փոխվել: Ինչպես եւ անցած 2-3 տարիներին, այն գոյություն չունի: Նրանից, որ քառյակը, եռյակը, հետո ուրիշ տարբեր ֆորմատներն իրենց ընդդիմություն էին կոչում, շատ բան չէր փոխվում: Իրականում այս խմբերը միայն պահանջում էին, որ Սերժ Սարգսյանն իշխանությունը զիջի իրենցից մեկին, սակայն որեւէ էական փոփոխություն չէին առաջարկում Հայաստանի համար: Եռյակ-Սերժ Սարգսյան պայքարն իրականում ներկուլիսային ինտրիգների մի շարք էր, որը Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի ելույթներից ու Տեր-Պետրոսյանի նամակներից հետո հանրայնացավ: Խորհրդանշական էր, որ եռյակի պահանջագիրն առ իշխանություններ, չարաբաստիկ «12 կետերը» մամուլն անվանեց «ԺԵԿ-ի թուղթ», որովհետեւ այնտեղ հիմնականում իշխանական կերակրատաշտը բաժանելու պահանջներ էին, ոչ քաղաքական պահանջներ: Եթե այն, ինչ կոչվում է ընդդիմություն, չդնի երկրի ռադիկալ լիբերալացման ու ժողովրդավարացման, դրանով իսկ ժամանակակից քաղաքակրթական արժեքներին վերադառնալու պահանջ, ապա չի կարողանա դուրս գալ կերակրատաշտի շուրջ տեղի մասին ակնհայտ կամ ավելի սքողված պահանջներից:



- Այսօր հանրության ուշադրությունը ԲՀԿ-ին է սեւեռված: Ի՞նչ կատարվեց այս կուսակցության հետ:



- Հիշենք, որ ԲՀԿ-ն ստեղծվել է 2004 թվականին, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կողմից՝ զուտ այն նպատակով, որ խորհրդարանը չլինի միակուսակցական, լինի եւս մեկ խոշոր իշխանական կուսակցություն: Վերջին ընտրություններից հետո հայտարարվեց. «Տղեք, էս կողմն անցեք»: Այսինքն որոշվեց, որ հիմա էլ ԲՀԿ-ն ընդդիմություն է: Կարծում եմ, ինչ-որ պահի կամ ԲՀԿ-ն իրապես հավատաց այդ դերին, կամ էլ նրա իսկական տերը՝ Ռոբերտ Քոչարյանը, որոշեց, որ հասել է վճռական գործողությունների ժամանակը: Դրա համար էլ Սերժ Սարգսյանը որոշեց վերջ դնել արդեն տարիներ տեւող ֆարսին:



- Արդյոք սա ԲՀԿ-ի վե՞րջն է: Ի՞նչ կանխատեսում ունեք: Արդյոք ԲՀԿ-ն ունի՞ ապագա, որպես կուսակցություն:



- Կարծում եմ, որ սա այս կուսակցության վերջն է: Ինքներդ եք տեսնում, որ մի շարք նշանային գործիչներ արդեն դուրս են գալիս կուսակցությունից, նրանցից հետ են վերցվում լրատվամիջոցները: Պարզ չէ, թե ով եւ ինչու պետք է շարունակի ֆինանսավորել այդ կուսակցությունը: Նույնպես մեծ հարց է, որ եթե այսքանից հետո կուսակցությունն ինչ-որ մեկին պետք լինի, արդյոք նա կգնա՞ ծայրահեղ ռիսկի եւ առանց Սերժ Սարգսյանի «դաբրոյի» ռիսկ կանի՞ ֆինանսավորել այն: Իհարկե, իրավականորեն այս կուսակցությունը կշարունակի գոյատեւել, թեեւ չի բացառվում, որ այն բաժանվի մի քանի մասի: Սակայն Հայաստանի քաղաքական կյանքում այն որեւէ դեր չի ունենա:



- ՀԱԿ-ը մինչեւ ապրիլի 24-ը հանրահավաք չի անելու, «թայմ-աութ» է վերցրել, նաեւ մտորումների եւ իրավիճակը վերլուծելու ժամանակ: Ի՞նչ եք կարծում, կկարողանա՞ն արդյոք մյուս ընդդիմադիրները գրավել ՀԱԿ-ի տեղը դաշտում:



- Պարզ է, որ ոչ ոք չի օգտվի Տեր-Պետրոսյանի կողմից «մեծահոգաբար» զիջած հարթակից: Մեկուկես ամսում ընդդիմության ձեւավորումը չափազանց դժվար է: Ավելին, Հայաստանի քաղաքական դաշտն այնքան է ամայացած, որ լուրջ աշխատանք է պետք կատարել փոքր-ինչ արժանահավատ ընդդիմություն ստեղծելու համար: Կարծում եմ, որ ստեղծվող հաջորդ ընդդիմությունը նույնպես նշանակալիորեն կլինի իմիտացիոն եւ իշխանության կողմից մանիպուլացվող:



- Շատ հոռետեսական է հնչում։ Իսկ այդ դեպքում քան՞ի տարի է մեզ պետք իրական ընդդիմություն ունենալու համար։



-Իրական ընդդիմության առաջացման նախապայման է քաղաքական ուժերի կողմից այն հանգամանքի գիտակցումը, որ Հայաստանի ապագան կերտվում է ոչ թե Ռուսաստանում, այլ հենց Հայաստանում։ Իսկ ներկա պահին, ցավոք, դա կախված է նաև Ռուսաստանում ընթացող պրոցեսներից։ Չեմ կարծում, թե կանխատեսումս շատ հոռետեսական է։ Ռուսաստանը 1-1,5 տարի հետո կլինի այնպիսին, որ ոչ ոք էլ նրա հետ հույս չի կապի։ Հենց ընտրություններից առաջ էլ ընդդիմությունը կհասցնի։



- Ո՞ւմ եք տեսնում որպես իրական ընդդիմադիր ուժ, եւ ի՞նչ է պետք, որպեսզի մենք չունենանք իմիտացիոն ընդդիմություն:



- Քանի դեռ Հայաստանում քաղաքական ուժերի կողմից չի ընկալվում ժողովրդավարական եւ ազատական արժեքների կարեւորությունը եւ դրանով իսկ երկրի քաղաքական վեկտորի փոփոխությունը Ռուսաստանից այլ կողմ, նացիոնալիստական-սոցիալիստական պոպուլիստական օրակարգը չի դուրս գա մեր քաղաքականությունից: Ով էլ լինի նրա կրողը՝ Հանրապետականը, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, թե մեկ այլ ուժ: