Ֆիզկուլտինստիտուտի ռեկտոր. ԲՀԿ-ում եմ 97-98 թվականից

Ֆիզկուլտինստիտուտի ռեկտոր. ԲՀԿ-ում եմ  97-98 թվականից

Բարգավաճ Հայաստանը հայտնվել է ազատ անկման մեջ: Վթարային կուսակցությունում փլուզումը չի դադարում: Երեկ լրահոսը հեղեղված էր կարկառուն ԲՀԿ-ականների՝ կուսակցությունից արտագաղթելու արդարացում-հայտարարություններով: Երեկվա դրությամբ կուսակցությունը լքեցին Նոր Հաճընի, Բյուրեղավանի, Իջեւանի, Սիսիանի քաղաքապետերը, Մանկավարժական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը, Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը, վերջինիս եղբորորդի, պատգամավոր Բազմասեր Առաքելյանը, պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Գրիգորյանը ԲՀԿ-ի առանցքային ներկայացուցիչն էր երկրորդ մայրաքաղաքում: Եղեգնաձորի քաղաքապետը, ինչպես եւ հայտարարել էր նախօրեին մեզ հետ զրույցում, ԲՀԿ-ում է, երեկվա դրությամբ դեռ դուրս չէր եկել:



Այս արտագաղթի մեջ բարոյականության տեսանկյունից ուշագրավ է քաղաքապետերի հանգամանքը, ովքեր այդ պաշտոնին արժանացել են հենց ԲՀԿ-ականների քրտնաջան աշխատանքի շնորհիվ: ԲՀԿ նորընտիր ղեկավարի մարտերն ընտրատեղամասերում դեռ չեն մոռացվել: Սակայն քաղաքապետերը ԲՀԿ-ում քաղաքականության բարոյականությունն այլ տեսանկյունից են դիտարկում: Կարծում են, որ Ծառուկյանի «խաթր» են եղել կուսակցությունում, եւ իրենց հաղթանակն էլ Ծառուկյանի ներդրումներով է պայմանավորված եղել, իրենք Ծառուկյանի հետեւորդներն են, չկա Ծառուկյանը՝ չկա եւ կուսակցական տոմսը: Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, ում մի ամբողջ օր էր հարկավոր վերջնականապես կողմնորոշվելու համար, երեկ մեզ հետ զրույցում հայտնելով դուրս գալու մասին՝ հավելեց. «Ես սկսել եմ պարոն Ծառուկյանի հետ միասին կուսակցական աշխատանքները, այսպես ասած, եւ եթե ինքը դուրս ա եկել, ուրեմն անելիք չկա»: Այսինքն, իր կուսակցությունում լինելը գաղափարի՞ վրա չէր հիմնված, զուտ անձո՞վ էր պայմանավորված: «Հարցեր մի տվեք, էլի, ես արդեն ասեցի պատճառը»: Այլ կուսակցության շարքերն անդամագրվելը, ընդհուպ ՀՀԿ, քաղաքապետը բացառեց:



Հարցին՝ չէ՞ որ այդ կուսակցության շնորհիվ է քաղաքապետ դարձել, որքանո՞վ է ճիշտ այն լքել հենց ամենածանր պահին, ասաց. «Արի սահմանափակենք, ես չեմ պատասխանում Ձեր հարցերին… այսուհետ հարցերին կպատասխանեմ միայն գրավոր, ցտեսություն»: Ֆիզկուլտինստիտուտի ռեկտորը ԲՀԿ-ն լքելու հայտարարությունը տարածելուց հետո բավականին կայտառ ձայնով պատասխանեց մեր հեռախոսազանգին. «Ոչ մի խոչընդոտ չկար կուսակցությունում մնալու համար, ուղղակի ես հիմա ավելի հոգեհարազատ գործով եմ զբաղվում»: Ի՞նչն էր խանգարում կուսակցությունում մնալը համատեղել հոգեհարազատ զբաղմունքով: «Ժամանակը քիչ է, չի հերիքում, ես էլ չէի կարա էդքան բացակայեի, բան…»: Արդյոք Ծառուկյանի անձով չէ՞ր պայմանավորված, եթե չի մնում, Դուք էլ անելիք չունեք: «Չէ, ես շատ շնորհակալ եմ Ծառուկյանին, որ կար, Զոհրաբյանն էլ լավ է, որ եղավ ղեկավար: Կինը շատ լավ է, կնոջից գոնե կքաշվեն, իմ մոտ կանայք շատ եմ ընդունում, որ տղամարդիկ իրանց լուրջ պահեն, կոկիկ լինեն… գրագետ կին ա, ի՞նչ ա եղել նրան»:



Ռեկտորը կամաց-կամաց փակագծերը բացեց. հիշեցրեց, որ ինքը նաեւ Օլիմպիական կոմիտեի նախագահի տեղակալն է, եւ հիմա արդեն դժվար կլինի ամեն ինչով զբաղվել, քանի որ Ծառուկյանն էլ է ակտիվ զբաղվելու իր սիրած գործով: «Քաղաքականությունն ինձ հոգեհարազատ չի… ես Օլիմպիական կոմիտեի նախագահի տեղակալ եմ, դե հիմա դժվար կլիներ՝ էնտեղ էլ, էնտեղ էլ, ավելի ծանրաբեռնված կլինի… Ծառուկյանն արդեն ազատ ժամանակ շատ կունենա, լուրջ կզբաղվի Օլիմպիական կոմիտեով, մեզ էլ պտի աշխատացնի… համատեղ երեք ֆրոնտում ես չեմ կարող, դա է նպատակահարմար»: Մեր հարցին, թե վաղո՞ւց էր ԲՀԿ-ում, ռեկտորը զարմացրեց. «Դե հա… 97-98 թվականից, էլի»: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն հիմնադրվել է 2004 թվականին: Դիտարկմանը, թե այդքան «վաղ» լինելով կուսակցության շարքերում, ցավ չի՞ զգում քայքայումը տեսնելով: «Դե, կկայանա, կկայանա, որովհետեւ հիմքը լավ է դրված, մարդիկ կան, որ կմնան… չէ, չէ, ինձ չի թվում, որ բան կլինի, մեկ-երկու ամսից ուշքի կգան, կուսակցությունը կշարունակի գործողությունը»,-սփոփեց Վահրամ Առաքելյանը, ով կուսակցության «լավ» հիմքերը դնողներից մեկն է եղել, անգամ կուսակցության պաշտոնական հիմնադրումից 7 տարի առաջ: