Երբ առյուծներին ղեկավարում է ոչխարը՝ ողբամ զքեզ, Գյումրի քաղաք

Երբ առյուծներին ղեկավարում է ոչխարը՝ ողբամ զքեզ, Գյումրի քաղաք

Թեպետ ՀՀԿ-ում «Բարգավաճի» անփառունակ վախճանից «թուլացել ու հաճույք» են ստանում, բայց կա մեկը, ով «մեռած ու թաղած» չէ, քանի որ ԲՀԿ-ի դժբախտությունը կարող է սեփական դժբախտության համար հող նախապատրաստել: Խոսքը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասին է, ով երբեւէ չի թաքցրել իր ամբիցիաները՝ Գյումրին նորից ղեկավարելու: Մինչդեռ նրա «օդերը» կարծես բոլորովին փակվեցին: Փաստորեն, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը համարեց, որ իր ճակատին դեռ ՀՀԿ-ի գրության համար տեղ է մնացել, եւ երեկ հրաժարվեց խորտակվող ԲՀԿ-ից, ու չի բացառվում, որ ապագայում ապահով ապաստան գտնի՝ համալրելով ՀՀԿ-ի շարքերը: Ղուկասյանի ճանապարհները կարծես փակվում են բոլոր կողմերից, ԲՀԿ-ն լքել պատրաստվող Մարտուն Գրիգորյանի մասին շրջանառվող լուրերը նույնն են ասում, որ մեծ ցանկություն ունի մասնակցելու հաջորդ տարի սպասվող Գյումրու քաղաքապետի ընտրություններին:



Թեեւ հերոսական նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը երեկ վստահեցնում էր, որ ինքը բոլորովին անտարբեր է ԲՀԿ-ի վայրիվերումներին: «Առավել եւս նման մարդը ո՞նց կարող է խոչընդոտ դառնալ իմ ճանապարհին»,- Բալասանյանի մասին մեր հարցից վրդովվում է Վարդան Ղուկասյանն ու ասում, թե ինքը չի ուզում «նմանատիպ» մարդուն անդրադառնալ. «Որովհետեւ ես մեղկում եմ նրան»:
Վարդան Ղուկասյանն ասում է, որ պաշտոնի ու փողի կորուստն իրեն չի կարող հուսահատեցնել, ինքն ապրում է «վերին Երուսաղեմի» համար. «Իմ ամենակարեւոր նպատակը նա է, որ այս կյանքում կարողանանք փրկվել, հավիտենական կյանքում տեղ ունենալ, թե չէ նմանատիպ բաները, պաշտոնից զրկվելն այն մարդկանց համար է վախի ու հուսալքության պատճառ հանդիսանում, որոնք կարող են, եթե, ասենք, թուրքը գա, ասեն՝ ունեցվածքդ կկորցնես, թուրք դարձի, իրենք րոպեական թուրք կդառնան»:



Վարդան Ղուկասյանը հանուն պաշտոնի չի՞ փոխի կուսակցությունը: «Ամեն մարդ կարող է երկնքից ինչ-որ բաներ թելադրի, որ ես էս եմ, էն եմ, բայց իմ ապրած կյանքը ցույց է տվել, ամեն մարդու ապրած կյանքով կարելի է էդ մարդուն գնահատական տալ»:
Իսկ Բալասանյանի գնահատականը, ըստ Ղուկասյանի, հետեւյալն է. «Նման մարդիկ միայն «փոխխոսնակ» են դառնում». Բալասանյանն ՕԵԿ եղած տարիներին որոշ ժամանակահատված զբաղեցրել է ԱԺ փոխխոսնակի պաշտոնը: «Ալեքսանդր Մակեդոնացին ասել է, որ երբ որ ոչխարներին ղեկավարում է առյուծը, դա օրինաչափ երեւույթ է, բայց երբ որ առյուծներին ղեկավարում է ոչխարը, ողբամ զքեզ, Գյումրի քաղաք»,- ասում է Վարդան Ղուկասյանը: Մարտուն Գրիգորյանի Գյումրիում ունեցած հեղինակության եւ քաղաքապետ դառնալու ցանկությունների մասին մեր հարցին Վարդան Ղուկասյանը կրկին չի ցանկանում ուղիղ պատասխան տալ: «Կյանքն ամեն ինչ ցույց կտա»,- ասում է նա ու նորից դիմում բազմանշանակ ակնարկների. «Պետք է ժողովրդի անունից ու հարգանքից խոսա այն մարդը, որը ոչ ընտրակեղծիք է բաժանել, ոչ էլ կեղծիք արել: Եվ հետո էլ՝ կապրենք-կտեսնենք. ով ինչքան քաշ ունի, ինչքան հարգանք ունի ժողովրդի առաջ»:



Իսկ եթե Մարտուն Գրիգորյանն ու Սամվել Բալասանյանը համալրեն ՀՀԿ-ի շարքերը, ինչ կանի՞ Վարդան Ղուկասյանը: «Մեր գյումրեցիներն ասում են, որ եկել է մի ժամանակ, որ կատուն շապիկ է հագել, շունն էլ՝ վարտիք, հիմա շատ սարսափելի բաներ են կատարվում, ես չեմ ուզում գուշակությամբ զբաղվել...»:
ԲՀԿ-ի հետ կատարվածից Ղուկասյանը ոչ հուսահատվում, ոչ էլ ոգեւորվում է, ինքը գիտեր ու սպասում էր նման զարգացումների. «Բացի Եվրոպայի դեմոկրատական զարգացած երկրներից, սովետական հատվածներում օլիգարխ ընդդիմություն չի լինում: Ասելու բան չունեմ, Ծառուկյանն իր պահվածքով ասեց, թե ով ով է, ինքն էլ ով է, ես նմանատիպ մարդկանցից չեմ, որ եզն ընկնում է, դանակավորները շատանում են: Մի բան կարող եմ ասել, որ եթե քաղաքական դաշտի 60-70 տոկոսը մաքրվի, լավ կլինի. եւ ՀՀԿ-ականների մեջ, եւ բոլոր տեղերում պետք է մաքրվեն, այ, էդ առնետավազքից, էն մարդկանցից, որոնք կուսակցություն են մտնում, որ պաշտոն ու գումար ունենան, այլ ոչ թե գաղափարի հետեւից են գնում, նրանք որ մաքրվեն, ժողովուրդը լավ վիճակի մեջ կլինի»: