Գարնանային դեպրեսիայի մեջ գտնվող «եռյակը» զարթոնք ապրելու հույսեր ունի

Գարնանային դեպրեսիայի մեջ գտնվող «եռյակը» զարթոնք ապրելու հույսեր ունի

Երբեմնի հրաշալի եռյակը, որը մասնատվեց վերջին իրադարձություններից հետո, եւ որի կենտրոնում ԲՀԿ-ն էր, այսօր՝ գարնան գալուստով կրկին վերակազմավորվելու, զարթոնք ապրելու հույսեր է փայփայում: Կլինի՞ նորից եռյակը հրաշալի, թե՞ այնքան էլ չէ, կամ ինչպիսի՞ն կլինի՝ դեռ պարզ չէ: Բայց եռյակի ուժերը՝ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», կարծես, չեն ցանկանում միայնակ գործել դաշտում, ավելին՝ նրանք կարծես թե չեն էլ ցանկանում լքել իրենց երբեմնի այլընտրանքային գործընկերոջը, որն արդեն երկու օր է՝ պաշտոնապես ընդդիմություն է ինքնահռչակվել: Թեեւ ակնհայտ է, որ ընդդիմություն դարձած ԲՀԿ-ն ավելի շատ ՕԵԿ է հիշեցնելու: Գաղտնիք չէ, որ ԲՀԿ-ի ու նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ մեծ հույսեր էր կապում հատկապես ՀԱԿ-ը, ու հիմա նրա պլանները, փաստորեն, ձախողվեցին: Դրա համար նրանց մոտ փոքր-ինչ անկումային ու նյարդային վիճակ է՝ ի տարբերություն «Ժառանգության», որի անդամների հետ զրույցներից պարզ դարձավ, որ նրանց մոտ շատ ավելի խաղաղ ու ոչ խուճապային իրավիճակ է:



Օրինակ, նման տպավորություն ստացանք, երբ երեկ փորձեցինք զրուցել ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հետ: Նա հարկ համարեց ասել, որ պատասխանել է «Ազատություն» ռադիոկայանի հարցերին, նոր բան չունի ասելու, չնայած մեր հարցերը բոլորովին այլ էին: Իսկ, ահա, ՀԱԿ շարքային անդամ Վլադիմիր Կարապետյանն էլ մեր հարցին՝ ԲՀԿ-ի ղեկավար կազմի փոփոխությունից հետո հնարավոր կլինի՞ նրա հետ համագործակցել, կտրուկ պատասխանեց՝ այո: Իսկ ի՞նչ ձեւաչափով:«Խորհրդարանական, նաեւ՝ այլ»,-հրազենից կրակելու նման ասաց պարոն Կարապետյանը: Դիտարկմանը, թե ՀԱԿ-ի մոտ կարծես այլ տրամադրություններ են համագործակցության մասով, Կարապետյանը նյարդայնացավ. «Դուք ինձ եք հարցնում, ես Ձեզ պատասխանում եմ: ՀԱԿ-ի ինչ-որ տրամադրությունները ե՞ս… Դուք հարցնում եք՝ հնարավո՞ր է, ես ասում եմ՝ այո»: Իսկ ինքն անձամբ պատրա՞ստ է մաս կազմել այդ համագործակցությանը, Վ. Կարապետյանի նյարդերը կրկին տեղի տվեցին. «Չհասկացա, Դուք հարցնում եք՝ հնարավոր համարո՞ւմ եք, թե՞ չէ, ես ասում եմ՝ հա, այո, ու ես ինձ կարող է չտեսնե՞մ: Տրամաբանությունը ո՞րն ա էդ հարցի»:



Եռյակի ձեւաչափով համագործակցություն նույնպե՞ս տեսնում եք: ՀԱԿ անդամն ասաց, որ վաղ է համարում այդ հարցին պատասխանել: Իսկ Նաիրա Զոհրաբյանին կհաջողվի՞ կառավարել ԲՀԿ-ն այնպես, որ այն կայանա որպես ընդդիմադիր քաղաքական ուժ: Վլադիմիր Կարապետյանը մեր հարցին ի պատասխան՝ որոշեց ուղղակի շնորհավորել Զոհրաբյանին. «Ես իրեն շնորհավորում եմ եւ ցանկանում եմ հաջողություններ»: Իսկ կհաջողվի՞, թե՞ ոչ: Կարապետյանը կրկին զայրացավ. «Ես պատասխանում եմ Ձեր հարցերին այնքան, ինչքան պատասխանում եմ: Խնդրում եմ՝ հարգե՛ք, էլի, իմ պատասխանները»: Նշենք, որ երեկ այս թեմայով Զուրաբյանը նաեւ քոմենթ էր տվել newsline.am կայքին, որտեղ ասել էր, որ ԲՀԿ-ի հետ համագործակցելու շատ դաշտեր կան ե՛ւ խորհրդարանում, ե՛ւ սահմանադրական փոփոխությունների՝ երրորդ ժամկետում Սերժ Սարգսյանի անձնական իշխանության վերարտադրման ծրագրերը մերժելու խնդրում:



Արմեն Մարտիրոսյանն էլ մեզ ասաց, որ «Ժառանգությունը» որեւէ խնդիր չունի որեւէ քաղաքական ուժի կամ քաղաքական գործչի հետ համագործակցելու առումով, քանի որ իրենց համար ոչ թե անուններն են եղել ուղենիշային, այլ խնդիրները եւ դրանց լուծումները, եւ եթե այդ հարցերում լինում են միանման մոտեցումներ, ապա համագործակցում են: Իսկ այս առումով խորհրդակցություններ եղե՞լ են արդեն ԲՀԿ-ի հետ կամ իրենց ներսում, Մարտիրոսյանն ասաց. «Իհարկե ոչ: Ես կարծում եմ՝ ԲՀԿ-ի մեր գործընկերներն առաջին հերթին նախ իրենց ներկուսակցական խնդիրները պետք է լուծեն, նոր հետո արդեն, ըստ քաղաքական զարգացման տրամաբանության, կընթանանք առաջ»: Կհաջողվի՞ ԲՀԿ-ն դարձնել իսկապես ընդդիմադիր կուսակցություն, պարոն Մարտիրոսյանն ասաց. «Նախ ասեմ, որ բավականին ծանր իրավիճակում է տիկին Զոհրաբյանն ստանձնել կուսակցության ղեկավարությունը, եւ ես իրեն հաջողություն եմ մաղթում այս գործում, իսկ մնացածը ժամանակը ցույց կտա»: Նա նաեւ նշեց, որ որեւէ կուսակցության ընդդիմադիր լինել-չլինելու առումով իր համար էական է ոչ թե անունը, այլ գործունեությունը:



ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն էլ մոտավորապես նույնն ասաց, ինչ իր արտախորհրդարանական գործընկերը: «Առաջինը պետք է ասել, որ ԲՀԿ-ն այսօրվա դրությամբ այն, ինչ որ հիմա կա, եռանդուն, ինչ-որ չափով նաեւ երիտասարդ կարողությունների տեր թիմ է, բացի այդ, տիկին Զոհրաբյանը մեկ անգամ չէ, որ առաջնորդի ձիրք է ցուցաբերել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հարթակներում, իսկ այն հարցերի շուրջ, որտեղ իսկապես կա համագործակցության դաշտ, որեւէ մի պրոբլեմ ես չեմ տեսնում»,-ասաց Թեւան Պողոսյանը՝ նշելով, որ քննարկումներ դեռ չեն եղել այս առումով, քանզի ԲՀԿ-ն դեռ ժամանակ է խնդրել իր դիրքորոշումն ու մոտեցումները հստակեցնելու համար: Ինչ վերաբերում է ընդդիմադիր լինելուն, ապա «գլխավորը հայտարարել են, մնացած ամեն ինչ կախված է կատարված աշխատանքից եւ մոտեցումներից… դրան կհետեւի նաեւ գործը, որից էլ պարզ կլինի ամեն ինչ»:
Ինչ վերաբերում է այն տարածված կարծիքին, որ ԲՀԿ-ին ՕԵԿ-ի ճակատագիրն է սպառնում, Թ. Պողոսյանն ասաց, որ ովքեր նման կարծիքներ են հայտնում, ճիշտ կլինի, որ հենց նրանք էլ մեկնաբանեն: