Մենք երեքով շատ դեմոկրատ ու խաղաղ ընտրություններ ենք խաղում

Մենք երեքով շատ դեմոկրատ ու խաղաղ ընտրություններ ենք խաղում

Մարտի 15-ին հանրապետության մի շարք գյուղական համայնքներում ընտրություններ են լինելու: Կոտայքի մարզի Բջնի գյուղում գյուղապետի աթոռի համար պայքարում են գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Արմեն Մաթեւոսյանը, անկուսակցականներ Սուրեն Հարությունյանը եւ Ռազմիկ Հակոբյանը: Բջնին այն բացառիկ համայնքներից է, որտեղ մարտի 15-ին նշանակված ՏԻՄ ընտրություններում երկուսից ավելի թեկնածուների միջեւ է պայքար ընթանալու:



Գործող ՀՀԿ-ական գյուղապետ Արմեն Մաթեւոսյանն առաջադրվում է արդեն 6-րդ անգամ: Քարոզարշավը մեկնարկել է, եւ Մաթեւոսյանն այն անվանեց «շատ դեմոկրատ ու խաղաղ»՝ ասելով. «Մենք երեքով շատ դեմոկրատ ու խաղաղ ընտրություններ ենք խաղում: Ով ինձ գիտի՝ գիտի, ով չի ուզում իմանալ՝ չի իմանա: Ես սաղին հարգում եմ, որեւէ մեկին վատ բան չեմ կարող ասել»: Արմեն Մաթեւոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ երեք թեկնածուների շանսերն ընտրությունում 50/50/50 է կամ, ավելի ճիշտ՝ 33/33/33:



«Պարոն Մաթեւոսյան, նախընտրական քարոզարշավի շրջանում թեկնածուները խոստումներ են տալիս: Նախորդ ընտրություններում Ձեր տված խոստումների ո՞ր մասն եք կատարել»,- հարցրի գյուղապետին: Ձայն չկա: Հարցս կրկնեցի, Արմեն Մաթեւոսյանը խորը շունչ քաշեց, ապա պատասխանեց. «Եվ կատարել ենք, եւ չենք կատարել: Ըսենց թե ընենց, հնարավոր չի, որ ասեմ՝ 100% կատարել ենք: Գործեր կան, որ չենք կատարել»:
Անկուսակցական թեկնածու Ռազմիկ Հակոբյանը 30 տարեկանից աշխատել է գյուղխորհրդի նախագահ, 1987-995 թվականները ղեկավարել է համայնքը: Այժմ նա աշխատում է Կադաստրի պետական կոմիտեի Կոտայքի, Արագածոտնի եւ Արմավիրի մարզերի միավորված ստորաբաժանումում՝ որպես ռեգիստր: Արձակուրդ է վերցրել՝ ընտրություններին մասնակցելու համար: Մեզ չհաջողվեց կապ հաստատել Ռազմիկ Հակոբյանի հետ:



Գործող գյուղապետի կառավարումից դժգոհություն հայտնեց թեկնածուներից ամենաերիտասարդը՝ 26-ամյա անկուսակցական Սուրեն Հարությունյանը: Նա համայնքի ավագանու անդամ է, իսկ մինչ այդ զբաղեցրել է գյուղապետարանի կոմունալ բաժնի գլխավոր հաշվապահի պաշտոնը: Ըստ Սուրեն Հարությունյանի, գործող գյուղապետն իր աշխատած 17 տարիների ընթացքում չնչին գործ է արել համայնքի համար: «Ճանապարհների վիճակը շատ վատ է: Գյուղի աղբահանության խնդիրը նույնպես շատ վատ է: Եկեք Բջնի՝ ձեր աչքով տեսեք: Ձմեռը չնայած ձյուն չկար, դաշտամիջյան՝ Սոլակ գյուղի հետ կապող ճանապարհը 99 տոկոսով անանցանելի էր: Սրանք հարցեր են, որ մեր գյուղապետը չի լուծել: Գիշերային լուսավորությունը քիչ է, պետք է ավելացնել: Գյուղացիների համար պետք է արարողությունների սրահ կառուցել, գյուղում կա, դա սեփական ա՝ վճարովի»,- ասաց Հարությունյանը:



- Սկսվել է նախընտրական քարոզարշավը: Դուք ինչպիսի՞ քաղաքականություն եք որդեգրել, հանդիպո՞ւմ եք գյուղացիների հետ, զրուցում:



- Անպայման, տնետուն էլ եմ շրջում, թաղամասերում էլ եմ հանդիպումներ ունենում, լսում եմ նրանց խնդիրների մասին, պատասխանում հարցերին, ներկայացնում իմ ծրագրերը: Հնարավոր է նաեւ, որ գյուղում մեծ հավաք կազմակերպեմ, ելույթ ունենամ:



- Ծանո՞թ եք գյուղապետարանի բյուջեին, ստացվող դոտացիաներին եւ ի՞նչ կարծիքի եք՝ դրանցով ինչպիսի՞ աշխատանքներ է հնարավոր անել, խնդիրներ լուծել:



- Գյուղապետարանում աշխատել եմ հաշվապահ` շուրջ 9 ամիս, հիմա էլ գյուղի ավագանու անդամ եմ, տեղյակ եմ եւ բյուջեին, եւ ծախսերին, գիտեմ, թե որտեղ ինչ է կատարվում: Բջնին ունի 61,3 մլն դրամ բյուջե, որը քիչ չէ, եւ որով հնարավոր է գյուղում շատ խնդիրներ լուծել: Եթե ընտրվեցի գյուղապետ, խնդիրներին առաջնահերթ լուծում կտամ: Կլուծեմ ճանապարհների խնդիրը, մանավանդ` դեպի գերեզմաններ եւ դեպի Սոլակ գյուղ տանող, ինչպես նաեւ դաշտամիջյան ճանապարհները, որոնք ահավոր վատ վիճակում են: Գյուղում աղբահանության խնդիրը, որովհետեւ փողոցները կեղտոտ են, անհրաժեշտ է մաքրել: Ավելացնել լուսավորությունը գիշերային ժամերին. ոչ բոլոր փողոցներն են լուսավորված:



- Նախընտրական լարվածություն կա՞ գյուղում:



- Ամեն բան նորմալ է, ոչ մի խնդիր չունենք թեկնածուներով:



- Որքա՞ն եք գնահատում Ձեր ընտրվելու հնարավորությունը:



- Գյուղի 80% երիտասարդությունն իմ կողմից ա, բարեկամներ ու ծանոթներ շատ ունեմ: Մի քանի օր հետո ամեն բան լավ կլինի:



Նելլի ԿԱՐԱՊԵՏՅԱՆ