Շրջանցիր, թե կարող ես (Մելիք-Ադամյան շոու)

Շրջանցիր, թե կարող ես (Մելիք-Ադամյան շոու)

Ըստ երեւույթին, հարկ է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին եւս մեկ անգամ հասկացնել, որ իր կուսակցության նախագահը որոշել է այսուհետ տգիտություն չհանդուրժել քաղաքական դաշտում: Այլապես բոլորը կգնան իրենց սիրած գործով, բայց ոչ քաղաքականությամբ զբաղվելու:



Արդեն բավական ժամանակ է, ինչ Էդուարդ Շարմազանովն անգիր արած մի հիմարության մասին է խոսում, որը ոչ միայն որեւէ առնչություն չունի քաղաքականության հետ, այլեւ, որպես ապաքաղաքական ֆրազ, ավելին չէ, քան Սերժ Սարգսյանի ընդգծած «ես անչափ ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ, որ այսօր ձեզ հետ եմ…» արտահայտությունը:
Խոսքը «Բոլոր ճանապարհներն անցնում են Մելիք-Ադամյան փողոցով» արտահայտության մասին է, որ Շարմազանովը սիրում է կրկնել: Թե ինչ է ուզում ասել դրանով, ինքնին հասկանալի է, բայց հասկանալի է նաեւ, որ դա հակաժողովրդավարական պնդում եւ միեւնույն ժամանակ ապաքաղաքական խոսք է, որ չի պատշաճում ինքզինքը քաղաքական պայքարի մարտիկ հռչակած ՀՀԿ-ին: Այսինքն ի՞նչ, որպեսզի այս երկրում որեւէ ուժ լինի ընդդիմություն, պետք է անցնի Մելիք-Ադամյան փողոցո՞վ, որպեսզի որեւէ գործիչ կարողանա իր նպաստը բերել երկրի զարգացման գործին, պետք է անցնի Մելիք-Ադամյան փողոցո՞վ:



Տպավորություն է ստեղծվում, որ բավականին հաճախ Մելիք-Ադամյան այցելող նախագահը, վարչապետը, ՀՀԿ-ական նախարարներն ու մյուս երեւելիներն ուղղակի հրաշքներ են գործում, իսկ ահա նրանք, ովքեր չեն այցելում այդ մռայլ շենքը, ոչ մի ներդրում չունեն մեր կյանքում:



Առավել զավեշտալի է, որ Շարմազանովը Մելիք-Ադամյան փողոցի մասին տափակաբանությունը թարմացնում է ԲՀԿ-ի հետ տեղի ունեցածի ֆոնին` ցանկանալով ընդգծել ՀՀԿ-ի առավելությունները: Շարմազանովի փոխարեն մի շատ ավելի խելացի ՀՀԿ-ական գործիչ գուցե մտածեր, թե ինչո՞ւ հանկարծ իր կուսակցապետն այդպես վրդովվեց ու անցավ ուժային մեթոդների: Բայց Շարմազանովին դա ամենաքիչն է հետաքրքրում, որովհետեւ նա, թեեւ համարվում է ՀՀԿ խոսնակ, ոչնչով չի տարբերվում ՀՀԿ-ի «քինդեր» թեւի մյուս ներկայացուցիչներից, ովքեր երեւույթները վերլուծելու փոխարեն հորթերի պես տրտինգ էին տալիս` ոգեւորված ԲՀԿ-ի ու նրա լիդերի հասցեին նախագահի արած մի քանի արտահայտությունից:



Մենք քանիցս ասել ենք, որ երկու ձեռքով կողմ ենք քաղաքական դաշտը մաքրելուն ուղղված յուրաքանչյուր քայլի, բայց դա ամենեւին չի նշանակում, որ այդ նպատակին ուղղված բոլոր մեթոդներն ու միջոցներն են արդարացված: Երբ քաղաքական դաշտը մաքրելու անվան տակ նաեւ քաղաքական հաշվեհարդարն է համարվում միջոց, դա արդեն ընդունելի լինել չի կարող, երբ քաղաքական դաշտը մաքրելու համար հայտարարում ես, որ բոլորը Մելիք-Ադամյանից պետք է կյանքի ուղեգիր ստանան, պարզապես խայտառակություն է եւ ավելի մեծ մեղք քաղաքական դաշտի համար: Նույն հաջողությամբ կարելի է հայտարարել` նա, ով չի անցնի Մելիք-Ադամյանով, կանցնի ֆիննախով կամ Վլադիմիր Գասպարյանի աշխատասենյակով: Սա, արդյոք, շա՞տ խելացի է քաղաքական առումով: Հետեւություններ անելու իրավունքը սիրով թողնում եմ ՀՀԿ խոսնակին:



Կուզենայի Էդուարդ Շարմազանովին հիշեցնել Մելիք-Ադամյանի ձեռագիրը հիշեցնող մի անցած-գնացած պատմություն եւս: ԲՀԿ-ի հետ տեղի ունեցածը մեզ հեռավոր կերպով հիշեցնում է ՍԻՄ (Սահմանադրական իրավունք միություն) կուսակցության գլխին եկածը: Տարբերությունը, թերեւս, ՍԻՄ-ի եւ ԲՀԿ-ի չափերն են, մեկ էլ` Հրանտ Խաչատրյանի եւ Գագիկ Ծառուկյանի որոշում կայացնելու արագությունը: Հրանտ Խաչատրյանը պայքարում էր, իսկ Գագիկ Ծառուկյանը որոշեց գլուխ չդնել: Մնացած առումներով սա ՀՀԿ-ի կողմից նույն խաղն է` կառավարելի դարձնել ընդդիմադիր ուժը` այդ ուժի ներսում իշխանափոխություն իրականացնելու եւ այնտեղից անցանկալիներին դուրս մղելու եղանակով: ԲՀԿ-2-ը, ինչպես Շարմազանովն արդեն կնքել է Նաիրա Զոհրաբյանի ԲՀԿ-ն, եւ որի առաջին հայտարարություններից մեկն էլ իշխանափոխությունը ժամանակավրեպ հռչակելը եղավ, ամենայն հավանականությամբ, կդառնա կառավարելի եւ ուղղորդվող ընդդիմություն` ոչ պակաս, քան բարոյական ՕԵԿ-ը, եւ ավելի օգտակար, քան ՍԻՄ նախկին փոխնախագահ Բաբուխանյանը, որ այսօր, ինչ է թե անցել է Մելիք-Ադամյանով, պարապ հացակերի կարգավիճակով թառած է խորհրդարանում: Եվ, ուրեմն, վերջին հարցը Շարմազանովին` մարդկանց Մելիք-Ադամյանով անցկացնելը, արդյոք, պետությա՞ն, թե՞ ՀՀԿ-ի շահից է բխում:



Օգտվելով առիթից` կցանկանայի անդրադառնալ նաեւ ԲՀԿ համագումարից հետո ՀՀԿ-ական քաջերի վարքագծում ի հայտ եկած մեծ փոփոխությանը: Նրանք շատ արագ վերադարձան «պարոն Ծառուկյան» դիմելաձեւին եւ, ինչպես հասցրին հայտարարել, մեծ հարգանքով են վերաբերվում քաղաքականությունից հեռանալու պարոն Ծառուկյանի որոշմանը: Կդժվարանամ ասել` դա նո՞ւյնպես Սերժ Սարգսյանի հրահանգով է, թե՞ ինքնաբուխ մի բան, սակայն հստակ է, որ Մելիք-Ադամյանում մշտական գրանցում ունեցող այդ արծվաճտերն սկսել են վախենալ Գագիկ Ծառուկյանից, որովհետեւ նա քաղաքականությունից դուրս բոլորովին այլ հարաբերություններ ունի «արծվաթխսի» հետ, ու վայն էկել, իրենց տարել է, եթե «թուխսը» մի օր բնում չլինի: