Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովն ընդունել է 6 փաստաթուղթ, որոնցից մեկը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովն ընդունել է 6 փաստաթուղթ, որոնցից մեկը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ

Մարտի 17-ին Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը (ԽՎ) Երևանում ընթացող չորրորդ լիագումար նիստին ընդունել է չորս փաստաթուղթ և երկու հրատապ բանաձև, որոնցից մեկը վերաբերում է Հայոց ցեղասպանությանը: Փաստաթղթերը վերաբերում են տնտեսական ինտեգրմանը, քաղաքական հարցերին, էներգետիկ անվտանգությանը և սոցիալական հարցերին՝ առաջ քաշելով մի քանի առաջարկ` «2014-2020 թվականի Եվրոպական հարևանության գործիքի միջոցով ներգրավվածություն ապահովել ԵՄ-ի և Արևելյան գործընկերության երկրների միջև ամուր գործընկերության նպատակով», «Ենթակառուցվածքային համագործակցություն ԵՄ-ի և Արևելյան գործընկերության երկրների միջև՝ ճանապարհային, երկաթուղային և օդային տրանսպորտի համատեղ ծրագրերով» և «Մշակութային և միջմշակութային երկխոսություն՝ Արևելյան գործընկերության համատեքստում»:

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (www.eufoa.am ) կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան մեկնաբանում է կատարված աշխատանքը. «Եվրանեսթն արդեն երկրորդ անգամ հյուրընկալվում է Հայաստանում, ինչը վկայում է այս կարևոր վեհաժովողին հայաստանյան պատվիրակության ակտիվության մասին: Այն նաև դրական ազդանշան է Հայաստան-ԵՄ հետագա համագործակության համար: Ավելին, այսօր ընդունված փաստաթղթերը կնպաստեն Հայաստան-ԵՄ հարաբերությունների գործնական հարթության ամրապնդմանը՝ դուրս գալով սոսկ հռչակագրերի շրջանակից»:

Ընդունված փաստաթղթերում Եվրանեսթ ԽՎ-ն կոչ է անում Եվրամիությանը այսուհետ ևս խթանել իր անմիջական սահմանակից երկրների միջև սահմանների բացմանը: Ավելին, քաղաքական և սոցիալական տեսանկյունից, ընդունված փաստաթղթերը կոչ են անում առնվազն որոշ դեպքերում առաջնորդվել մուտքի արտոնագրերի ազատ ռեժիմով: Ռուսաստանի դաշնությանն ուղղված կոչում նշվում է զերծ մնալ Ուկրաինա ցանկացած ներխուժումից: Էներգետիկայի վերաբերյալ Խորհրդարանական վերահաժողովը ընդգծում է ԵՄ ծրագրերի կարևորությունը Արևելյան գործընկերության երկրների համար:

Եվրանեսթ ԽՎ-ի`Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված բանաձևը արժանացել է հատուկ ուշադրության: Պարոն Լորենցո Օչոան մեկնաբանում է. «Այս հրատապ բանաձևը որոշ կարևոր և նոր ասպեկտներ է ներառում Եվրոպական կառույցների ընդունած նախորդ բանաձևերի համեմատ: Մենք հպարտ ենք, որ մեր ներդրումն ունեցանք այն ընդունելու գործում: Սա հատկապես արդիական է, որովհետև Եվրանեսթի անդամ Արևելյան գործընկերության երկրներից ոչ մեկը դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Մենք հույս ունենք, որ այս բանաձևը նրանց առաջին քայլը կլինի՝ դատապարտելու Հայոց ցեղասպանությունը՝ միացնելով իրենց ձայնը Եվրամիությանը և անմասն չմնալով Եվրոպական համերաշխությունից»:

Մասնավորապես, բանաձևը «դատապարտում է մարդկության դեմ հանցագործության բոլոր տեսակներն ու ցեղասպանությունը և խստորեն դատապարտում է դրանց ժխտման փորձերը» և «աջակցում է միջազգային պայքարին ցեղասպանությունների կանխարգելման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման և պատմական արդարության հաստատման համար»: