Սգո պսակներ դնելու քաղաքական ավանդույթ

Սգո պսակներ դնելու քաղաքական ավանդույթ

Այն օրերին, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հետապնդում էին, երբ ՀՀԿ-ականները մրցավազքի մեջ էին մտել Ծառուկյանին վիրավորելու եւ անվանարկելու համար, առանձնակի փայլեց ՀՀԿ փոխնախագահ, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ով ավելի ուժեղ կհայհոյի Ծառուկյանին «մրցույթում» անվերապահ առաջատար Աշոտյանը չբավարարվեց ՀՀԿ ճակատագրական նիստի ժամանակ ելույթով, դրանից հետո տված հարցազրույցներով, գագաթնակետը «Ռ-Էվոլյուցիա» հաղորդմանը տված հարցազրույցն էր: ԲՀԿ-ական շրջանակներից հայտնի դարձավ, որ Ծառուկյանը խիստ բարկացել էր Աշոտյանի ելույթից եւ խոստացել հիշեցնել դա: Պատահական չէ, որ հենց այդ օրերին լուրեր տարածվեցին, որ ոստիկանության ղեկավարությունն Արմեն Աշոտյանին առաջարկել է թիկնազոր տրամադրել եւ ապահովել նրա անվտանգությունը, սակայն նա հրաժարվել էր: Այս հաղորդումից քիչ անց, մեր տեղեկություններով, Աշոտյանի տան մոտ ծաղկեպսակ էին դրել: Տեղեկությունը, սակայն, ԿԳ նախարարը հերքեց՝ համարելով «հերթական հիմարությունը»: Նկատենք միայն, որ հայ իրականության մեջ քաղաքական գործչին սգո ծաղկեպսակ ուղարկելու նախադեպ կա. 2008թ. ընտրություններից անմիջապես հետո մի խումբ կանայք ծաղկեպսակ էին տարել ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի տան մոտ, ինչի մասին հետագայում մարտի 1-ի գործով անցնող վկաներից մեկը՝ ոմն Բեգլարյան, պատմել էր, որ իրեն ասել էին՝ «թաղում ենք գնում», եւ 2008-ի փետրվարի 21-29-ը իրենք շրջափակել էին Լեւոն Տեր-Պետրոսյանի տունը: Իսկ 2005-ի մարտին՝ կոալիցիան քանդվելու առիթով, Հմայակ Հովհաննիսյանն էր սգո ծաղկեպսակ տարել ԱԺ՝ «ի հիշատակ կոալիցիայի»: