Բագրատյան VS Ջավադյան

Բագրատյան VS Ջավադյան

Երեկ մամուլը գրել էր, թե ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հանդիպել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, ով նրան խոստացել է Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում նշանակել, եթե, իհարկե, հիմնավորվի, որ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը չի համապատասխանում այդ պաշտոնին: Այս առնչությամբ Հրանտ Բագրատյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ մասին տեղեկացել է երեկ՝ մամուլից: Իսկ հարցին, թե վարչապետի հետ հանդիպում եղե՞լ է, Բագրատյանն ասաց, որ վերջին շրջանում՝ ոչ. «Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպումներ եղել են, օրինակ, երեք ամիս առաջ»: Նկատենք, որ Բագրատյանը հաճախ է հանդես գալիս Արթուր Ջավադյանի դեմ քննադատական հայտարարություններով՝ ամեն անգամ պնդելով, որ Ջավադյանն իր տեղում չէ, եւ ԿԲ-ն սխալ դրամավարկային քաղաքականություն է վարում: Վերջերս անգամ ԿԲ-ն հայտարարություն տարածեց՝ անդրադառնալով Բագրատյանի մեղադրանքներին եւ նրան մեղադրելով «մասնագիտական տերմիններով» հանրությանն ապակողմնորոշելու մեջ: Չի բացառվում, որ Ջավադյանը մտավախություն ունի, որ Բագրատյանի քննադատությունն ուղղված է իր աթոռը գրավելուն, եւ նրա անհանգստությունն է փոխանցվել մամուլին: