Որ ուժն է ՀՀԿ-ի ընդդիմության իդեալը

Որ ուժն է ՀՀԿ-ի ընդդիմության իդեալը

Բարգավաճ Հայաստանը այլընտրանքային դեգերումներից հետո թեեւ այսօր հայտարարեց ընդդիմություն լինելու մասին, բայց ընդդիմության դաշտում առաջացած վակումը չցրվեց այդ հայտարարությությամբ։ Որովհետեւ որքան էլ զարմանալի է, բայց այլընտրանքի կարգավիճակում ԲՀԿ-ն ավելի ընդդիմադիր էր, քան ընդդիմության կարգավիճակում։



Վերջին վայրիվերումներից հետո զրոյական մակարդակում հայտնված ընդդիմադիր դաշտում ապագայում թեժ մրցակցություն է սպասվում, ընդդիմադիր ուժերը ստիպված են վերանայել իրենց մոտեցումներն ու դիրքորոշումները՝ դաշտում իրենց կայուն տեղն ունենալու եւ միեւնույն ժամանակ իշխանության մահակի տակ չընկնելու համար։ Այդ մրցակցությունն արդեն իսկ դրսեւորվում է նախկին դաշնակիցների մեջ, ՀԱԿ ու ԲՀԿ-ի ներկայացուցիչներն էին երեկ միմյանց մեղադրում այլեւս «նախկինը չլինելու մեջ»։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի այն հայտարարությանը, որ այսօրվա ԲՀԿ-ն եւ մի քանի ամիս առաջվա ԲՀԿ-ն իրարից շատ տարբեր են՝ ռեսուրսների և վճռականության առումով, Միքայել Մելքումյանը հարցադրում արեց. «ՀԱԿ-ն ա՞յն է, ինչ էր ԲՀԿ ռեսուրսների առկայության պայմաններում: Այսինքն՝ ինքն էլ այն չի, չէ՞, ինչ-որ կա»:



Անհերքելի է, որ ընդդիմության կայացման գործում վճռական խոսքը լինելու է ՀՀԿ-ինը։Հանրապետական պատգամավորները ընդդիմության իրենց իդեալն ունեն, իսկ գործողներից ո՞վ է փոքրիշատե համընկնում նրանց պատկերացումներին, պարզեցինք իրենցից։



ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ակնակրելով ընդդիմության դաշտի անշարժ վիճակը չի կարողանում կողմնորոշվել, թե ներկա պահին որ ուժին են իրենց ընդդիմադիր համարում․«Դեռ սպասում ենք կայանան»,- ասում է նա, ապա առանձնացնում Դաշնակցությանը․«Մենք իրենց ընդունում ենք որպես կառուցողական ընդդիմություն, կցանկանանք, որպեսզի բոլոր քաղաքական ուժերն էլ հասկանան, որ կարեւորը ոչ թե հայհոյելն է, անհարկի քննադատելը, այլ առողջ քննադատությունները։ Միայն այդպես կարող են պարտադրել իշխանությանը հաշվի նստել իրենց հետ»»։ Բաղդասարյանի խոսքով՝ մի քանի ժամվա ընդդիմության մասին դեռ վաղ է կարծիք հայտնել․«Կսպասենք ԲՀԿ-ի գործողություններին, հետո կարծիք կհայտնենք իրենց մասին»։



Ազգային ժողովի Պետաիրավական հանձնաժողովի ղեկավար Հովհաննես Սահակյանը ողջունում է ԲՀԿ-ի ընդդիմություն դառնալու որոշումը․ «Ինձ համար այդ ուժն այսօր ավելի ընկալելի ու հասկանալի է, որովհետեւ այլընտրանքի կարգավիճակում ավելի ընդդիմադիր կեցվածք ուներ, իսկ հիմա ընդդիմություն է եւ կհասկանանք իրենց պահվածքը»։ Սահակյանն էլ է ընդգծում, որ իրենք չեն ընդունում հայհոյախառն քննադատող ընդդիմադիրներին, ծայրահեղականներին․«ՀՀԿ-ին ընդդիմադիրները պետք է լինեն ավելի բովանդակային, մենք պետք է ունենանք կառուցողական, բովանդակային քննադատություն եւ ցանկացած բան քննադատելիս պետք է հիմնավորումներ ու լուծումներ առաջադրեն»։ Սահակյանը այսպիսի ընդդիմություն տեսել է ի դեմս Եռյակի՝ ՀԱԿ, Ժառանգություն, ԲՀԿ միավորման, որը հետամուտ էր մի շարք հարցերի եւ համագործակցում էր իշխանության հետ, օրինակ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի եւ այլ հարցերում։ «Այդ ժամանակ թեկուզ հանձնաժողովում ունեինք ավելի քրիստոնեական տեսքի նախագծեր, որոնք հրապարակային շատ ավելի քիչ էին քննադատվում, բայց արդյունքներն էր դրական ժողովրդի, պետության համար»։ Պետաիրավականի ղեկավարն ասում է, որ եկել է մի ժամանակ, որ այլեւս «քանակը չի կարող որակի չափանիշ դառնալ եւ հարկավոր է բովանդակային ընդդիմություն. «Օրինակ ինձ համար այս պահին այսպիսի գործընկերներ են Արծիկ Մինասյանը, Թեւան Պողոսյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Հրանտ Բագրատյանը, Մհեր Շահգելդյանը, Հովհաննես Մարգարյանը, մարդիկ, որոնք աշխատում են, բայց նրանց կողքին ունենք գործընկերներ, որոնք քաղաքական հայտարարություն անելու համար կարող են մի բան հորինել, նախագիծ դարձնել եւ շատ արագ մտցնել նիստերի օրակարգ»։



ԲՀԿ-ՈՒՄ ԷԼԻ ՕԼԻԳԱՐԽՆԵՐ ԿԱՐՈՂ Է ԾՆՎԵՆ



ՀՀԿ-ական Վրեժ Մարկոսյանը մեր հարցին անմիջապես պատասխանեց, որ ոչ մեկին էլ ՀՀԿ-ի ընդդիմություն չի պատերակցնում։
Բայց պետք է ընդդիմություն լինի չէ՞, ուժեղ իշխանությունն է ուժեղ ընդդիմություն ունենում։ «Այո, այո, դե երեւի կծնվի»։ Մի քիչ երկար մտածելուց հետո Մարկոսյանն, այնուամենայնիվ, գտավ իրենց ընդդիմությանը. «Դաշնակցությունն է»,- բացահայտեց նա․ «Դաշնակցությունը լավն է, որովհետեւ լավ պատմություն ունի»։ Իսկ օլիգարխաթափված ԲՀԿ-ն․ «ԲՀԿ-ն չէէէ, որովհետեւ կարող է նորից ծնվեն ԲՀԿ-ում նոր բաներ»։ Օլիգարխ-ղեկավարնե՞ր․ «Կարող ա, ինչ կա որ։ Հա զտվեցին, բայց կարող է դա սովորական դառնալ ու նորից ծնվեն, ուրիշ տեղից կտեղափոխվեն այնտեղ»։



ՀՀԿ-ական Ռուզաննա Մուրադյանը նորմալ է ընդունել ԲՀԿ-ի ընդդիմադիր դիրքորոշումը, Մուրադյանն իր թիմի համար ընդդիմություն է ընդունում բոլոր նրանց, ովքեր իրենց ընդդիմություն են հայտարարել․«Ընդդիմության շարքերը համալրվեց եւ ապագայում կտեսնենք, թե ով ինչ դերակատարում է ստանձնում»։ Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի ընդդիմադիր ուժը, որն իշխանությանը չդրդի իր դեմ կոշտ մեխանիզմների, ինչպիսին եղավ ԲՀԿ-ի դեպքում․ «Ընդդիմությունը պետք է լինի կառուցողական, երկխոսությանը պատրաստ, իշխանության հետ գաղափարների հակադրության պայքարի մեջ, որովհետեւ հակադրություններն են ծնում շարժիչ ուժ»։ Կոնկրետ ուժի Մուրադյանն այս պահին չի կարողանում առանձնացնել․«Որովհետեւ ընդդիմադիր դաշտում վերաձեւակորպումներ են։ Այո բոլորն իրենց տեղերում են, բայց ամեն մեկն իր տեղում լինելով հանդերձ, եթե փոփոխված ձեւաչափով նոր ընդդիմադիր ուժ է հայտնվել, ապա միմյանց մեջ էլ է լինելու հարաբերությունների պարզաբանում, նոր մոտեցումներ։ Առջեւում կտեսնենք եւ հընթացս կվերլուծենք։