Հիմա էլ ընդդիմություն՝ իշխանության ներսում

Հիմա էլ ընդդիմություն՝ իշխանության ներսում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը վերջապես հայտարարեց ընդդիմություն լինելու մասին: Սակայն այն հայտարարությունը, որին տարիներ շարունակ սպասել էր ԲՀԿ էլեկտորատը, այլեւս ուրախություն չպարգեւեց մարդկանց: Հասկանալի է, որ «այլընտրանք» ԲՀԿ-ն ավելի ընդդիմադիր էր, քան լինելու է «ընդդիմություն» ԲՀԿ-ն: Բայց, այնուամենայնիվ, եկեք լավատես լինենք ու սպասենք ԲՀԿ նոր ուժի քայլերին: Դրանք ավելի խոսուն կլինեն, քան մեր բոլոր վերլուծություններն ու ենթադրությունները: Ընդդիմադիր լինելն ասեղ չէ, որ թաքցնես պարկի մեջ, ու ոչ ոք չնկատի կեղծիքը: Եթե անգամ այնքան հմտորեն դերասանություն անեն, որ դա չզգանք, ամենավճռական պահերին ակնհայտ կդառնա, թե որ ուժը որ դաշտում է: Իսկ մինչ այդ, երեկ ԱԺ-ում արված հայտարարությունը՝ ԲՀԿ-ի ընդդիմություն լինելու մասին, ոչ միայն ծաղրի, այլեւ դժգոհությունների տեղիք է տվել: Հատկապես դժգոհ են նրանք, ովքեր Գագիկ Ծառուկյանի ետեւից դուրս են եկել կուսակցությունից, բայց ստիպված են մնալ ԱԺ ԲՀԿ խմբակցությունում, քանի որ կանոնակարգ-օրենքը պահանջում է, որ խմբակցությունից դուրս եկողները վայր դնեն նաեւ պատգամավորի մանդատը: Իսկ մանդատը քաղցր բան է, եւ այն պահպանելու համար ոմանք պատրաստ են ցանկացած քայլի, անգամ «ընդդիմություն» դարձած ԲՀԿ խմբակցությանն անդամակցելուն: Հատկապես դժգոհ է «արտագաղթողների» խումբը, որին դուր չի եկել այն, որ հատուկ չի հիշատակվել, որ կուսակցությունը լքողները չեն միանում խմբակցության դիրքորոշմանը: Երեկ նրանք նույնիսկ մտածում էին այս առիթով համատեղ հայտարարությամբ հանդես գալու մասին: Թեեւ նրանց հանգստացնում էին, որ սա այն «ընդդիմությունը» չէ, մի անհանգստացեք, այս հայտարարությունը կատարվել է իշխանության հավանությամբ, ուստի ձեզ ոչինչ չի սպառնում: