Պաշտոնանկությունների թեման օրակարգում է

Պաշտոնանկությունների թեման օրակարգում է

Թեեւ ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու մասին լուրերը պաշտոնապես հերքվում են երկու կողմից էլ` եւ իշխանությունից, եւ Դաշնակցությունից, բայց կուլիսներում արդեն խոսում են պորտֆելները բաշխելու մասին եւ տալիս հնարավոր հեռացող պաշտոնյաների անունները: Խոսվում է, որ ՀՅԴ-ին տալու են ոչ միայն սոցիալական ոլորտը՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի, այլեւ կրթության եւ գիտության, առողջապահության, արդարադատության նախարարությունները: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի պաշտոնանկության մասին խոսակցություններ միշտ էլ եղել են, սակայն եթե նախկինում ասում էին, թե Հովհաննես Մանուկյանին աշնանը նախարարի պաշտոնից կհանեն ու կտանեն հին աշխատավայր՝ վճռաբեկ դատարանի նախագահ, ապա այժմ խոսում են, որ այդ տեղափոխությունը կարող է շատ ավելի շուտ լինել՝ գարնանը:



Այս քայլով իշխանությունները կազատվեն իրեն արդեն բավականին սպառած Արման Մկրտումյանից: Մնում է դաշնակցականների միջից արդարադատության նախարար գտնել, թեեւ մի երկրում, որտեղ չկա արդարադատություն, կարող է նախարար էլ չլինել: Մյուս հավանական հեռացողը կլինի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ում, վաղուց ի վեր շրջանառվող տեղեկությունների համաձայն, կնշանակեն Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: Այդ պաշտոնը թափուր է նախորդ տարվա ապրիլից, երբ Արթուր Բաղդասարյանն ՕԵԿ-ը հայտարարեց ընդդիմություն եւ դուրս եկավ կոալիցիայից: Դեռ այն ժամանակ՝ Տիգրան Սարգսյանի հրաժարական տալուց հետո նոր ձեւավորվող կառավարությունում Աշոտյանի նշանակումը բավական ուշ եղավ, թերեւս այդ ձգձգումը պայմանավորված էր սույն խնդրով՝ Աշոտյանին նշանակել կրթությա՞ն նախարար, թե՞ տանել ԱԱԽ: Իշխանական կուլիսներում շարունակում են պտտվել նաեւ վարչապետի փոփոխության մասին լուրերը, ավելանում են հնարավոր թեկնածուների անունները: Մեր աղբյուրները շատ հավանական են համարում Հովիկ Աբրահամյանին չենթարկվող եւ Սերժ Սարգսյանին հավատարիմ Գագիկ Խաչատրյանի թեկնածությունը: Թերեւս նրան որպես ռեալ մրցակից տեսնելու հանգամանքով էլ պայմանավորված են Հովիկ Աբրահամյանի «հակաքայլերը», օրինակ՝ Սերժ Սարգսյանի մոտ Գագիկ Խաչատրյանից բողոքելը:



Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկության համար նույնիսկ ժամկետ են նշում՝ մինչեւ աշուն: Ընդ որում, ոմանք կարծում են, որ Աբրահամյանին ոչ թե «տուն» կճանապարհեն, այլ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շտաբի պետ: Նրա մոտ ընտրություններ կեղծելու գործը միշտ էլ լավ է ստացվել: Իսկ եթե հանրաքվեն պատվով «հորով-մորով» անի, շատ հնարավոր է նորից ետ վերադարձնեն: Մի անգամ այդպես արդեն եղել է. ԱԺ նախագահի պաշտոնից նշանակվել է ընտրությունների շտաբի պետ` 2011-ի նոյեմբերին հրաժարական տալով, ապա 2012-ի մայիսին կրկին «նշանակվել» ԱԺ նախագահ:



ՀԳ. ՀՅԴ-ում մեր աղբյուրը հատկապես ընդգծեց, որ Դաշնակցությունն սկզբունքորեն դեմ չէ կոալիցիա մտնելուն, բայց միայն այն դեպքում, եթե կարեւոր ու կտրուկ փոփոխություն կատարվի կառավարման համակարգում: Նման փոփոխություն ինչը կհամարվի՝ վարչապետի փոփոխությունը կամ կառավարության կազմի, թե ԵՏՄ-ից դեպի ԵՄ շրջադարձը, առայժմ պարզ չէ:



Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ