Մեր զինվորը հանձնվո՜ղ չի, փորձեք վեր հանել ճշմարիտը…

Մեր զինվորը հանձնվո՜ղ չի, փորձեք վեր հանել ճշմարիտը…

Չարությամբ, ոչ էլ կեղտը ձյունով ծածկելով ոչնչի հասնել չենք կարող: Խոսքս երեկվա զինվորի՝ Անդրանիկի մասին է, ով կամավոր հանձնվել է ադրբեջանցիներին ու հանրությանը թողել տարբերակների եզրահանգման աստիճաններին:



Բնական է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մոտեցումը: «Եղնիկ է ընկել ձեռքները» / եղնիկ բառը ես պատահական չեմ օգտագործում, Անդրանիկը ինչ պատճառաբանությամբ էլ հանձնված լինի ադրբեջանցիներին, բացի դավաճանությունից, որը բացառում եմ, զոհ է, զո՜հ/, ու մենք մեր երեխուն պիտի փորձենք պաշտպանել ադրբեջանական պրովոկացիներից, որոնք, բնական է, լինելու են: Մեզ «բեսամթ հայրենասերի տեղ չդնենք» ու սկսենք, ինչպես որոշներն են անում, նրան քարկոծել: Առավել ևս, երբ դեռ պատճառները հայտնի չեն:



Նաև Անդրանիկով գնահատական չտանք բանակին: Այն ընդունենք որպես դեպք ու համբերությամբ, խոհեմությամբ փորձենք վերացնել նման դեպքերի կրկնության արմատը: Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ «մեր կեղտը ձյունով չծածկենք»: Իսկ որ յուրաքանչյուր տան մեջ էլ «կեղտ կա», գաղտնիք չէ:




Թշնամուն ինչ ուզում եք ասեք, ինչպես ուզում եք բացատրեք, բայց փորձեք ներսում ճիշտը իմանալ ու եթե զինվորին «այդ վիճակին հասցնողներ կան», արմատախիլ անել նրանց, «տակռին վերացնել»: Շարքային զինվորների բերանից դժվար է բառ պոկել, այլ եղանակներով, հնարներով փորձեք ճիշտը լույս աշխարհ բերել:



…Իսկ որ ինչ որ բան կա, որ անհասանելի է մեզ ու ձեզ, դա հաստատ այդպես է, որովհետև այդ զինվորները մեր երեխեքն են ու ինչ որ բաներ պատմում են իրենց ծնողներին, մտերիմներին:



Կասեք, որ շատ բան եք անում, ավելին արեք, ոչ մի կատարելագործված տեխնիկա արդյունք չի տա, եթե բարոյահոգեբանական զենքը ճիշտ չգործի, եթե զինվորի մտքի ծերով անգամ անցնի՝ փախչել ու հանձնվել թշնամուն: Իսկ ես մեր տղերքին «հանձնվող չեմ ընդունում», անգամ, երբ վերջացել է նրանց փամփուշտը՝ էլի չեն հանձնվել, քարով, ձեռքով են կռվել… Օրինակներ՝ որքան ուզեք: Մեր զինվորը հանձնվո՜ղ չի, փորձեք վեր հանել ճշմարիտը…




ՀԳ Հեշտ ձև չընտրեք, զինվորին հիվանդ հանել կամ մի այլ բան, դժվար է, բայց փորձեք գտնել բանալին: Կարող եք:



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ