Եզակի դեպք Ազգային ժողովում․ երբ բոլորը կողմ են նախագծին

Եզակի դեպք Ազգային ժողովում․ երբ բոլորը կողմ են նախագծին

ՀՀ Ազգային ժողովը միաձայն ընդունեց Օսմանյան Թուրքիայում հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունը:



Հայտարարությունում ասվում է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը, առաջնորդվելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 1946 թվականի դեկտեմբերի 11-ի 96(1) բանաձեւի, 1948 թվականի դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին», 1968 թվականի նոյեմբերի 26-ի «Պատերազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիաների, ինչպես նաեւ մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր այլ միջազգային ակտերի համապատասխան սկզբունքներով եւ դրույթներով, արձանագրելով հայ, հույն եւ ասորի ժողովուրդների դարերի խորքից եկող բարեկամական հարաբերությունները, հայտարարում է որ դատապարտում է Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թվականներին իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը:



Որպես հիմնավորում նշվում է այն հանգամանքը, որ 1948թ. ՄԱԿ-ը ընդունել է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան», որում հստակ նշված են այն չափանիշները, որոնց համաձայն իրականացված քաղաքականությունը որակվում է որպես ցեղասպանություն: «Հիմնվելով այդ փաստարկների վրա՝ 2007թ. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը Օսմանյան Թուրքիայում 1915-1923թթ. քրիստոնյա ազգաբնակչության, այսինքն՝ հայերի, ասորիների, փոքրասիական և Պոնտոսի հույների դեմ իրականացված բռնությունները որակում է որպես ցեղասպանություն: 2010թ. մարտին Շվեդիայի խորհրդարանը հատուկ բանաձևով դատապարտեց Օսմանյան Թուրքիայում քրիստոնյա ժողովուրդների՝ հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը: Հույների ցեղասպանությոունը դատապարտել են Կիպրոսի և Հունաստանի խորհրդարանները:



Հայտարարությանը կողմ քվեարկեց 117 պատգամավոր, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան: Սա Ազգային ժողովի պատմության մեջ եզակի դեպքերից է, երբ որևէ նախագծի կողմ են լինում բոլորը՝ անկախ քաղաքական հայացքներից։ Հենց այս փաստն էլ առիթ տվեց, որ քվեարկության արդյունքները տեսնելուց հետո պատգամավորները ոտքի կանգնեն ու ծափահարություններով ողջունեն իրենց կատարած միաձայն քվեարկությունը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ