Ղարաբաղն ավելի լավ խոպան ա, քան Ռուսաստանը, եկեք Ղարաբաղ

Ղարաբաղն ավելի լավ խոպան ա, քան Ռուսաստանը, եկեք Ղարաբաղ

«Մինակ թե լոխ կյան՝ Քաշաթաղումը ապրին: Վեշ մի պյանի կարիքը չոնենք, լոխ լավ ա». սրանք Ղարաբաղի բարբառը դեռ նոր-նոր յուրացրած Վարդանուշ Բաբայանի խոսքերն են:
8 ամիս է, ինչ Բաբայանների ընտանիքը Երեւանից տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանի Վարդաբաց գյուղ: Քաղաքից գյուղ տեղափոխված տիկինը լավաշ է թխում, հող մշակում, շուտով էլ կով կկթի, պանիր, մածուն կսարքի: «Առաջարկն ստացանք եւ հուլիսի 2-ին տեղափոխվեցինք: Մեզ տրամադրեցին տուն, մեկ ամիս էր անցել, տվեցին շինմատերիալ, որպեսզի տունը վերանորոգենք: Մենք մեր ձեռքով տունը սարքեցինք, այգին կարգի բերեցինք ու մեզ համար երջանիկ ապրում ենք»:



Սկզբնական շրջանում խնդիրներ եղել են, ինչպես տիկին Վարդանուշը տեղեկացրեց, գյուղում ջուր չի եղել, ստիպված են եղել դույլերով հարակից գյուղերից ջուր կրել, բայց այսօր այդ խնդիրն արդեն լուծված է: «Ինչպես Երեւանում էր, այնպես էլ հիմա մեր տանը ջուր կա, միակ դժվարությունը դա էր, դա էլ լուծվեց»: Տեղափոխվելու որոշում կայացրել են այն բանից հետո, երբ Երեւանում աշխատանք չեն կարողացել գտնել եւ ապրելու միջոցներ չեն ունեցել: «Որտեղ աշխատանքի ընդունվելու դիմում էինք ներկայացնում, ասում էին՝ 50-ն անց եք, մեր երեխաներն էլ դեռեւս փոքր են, նրանց պահել է հարկավոր, իսկ Ղարաբաղը մեզ դռնբաց ընդունեց ու մեզ աշխատանքով ապահովեց: Ամուսինս Վարդաբացում գլխավոր հաշվապահ է աշխատում, իսկ ես Կումայրիի դպրոցում՝ որպես դաստիարակչության գծով փոխտնօրեն: Երեխաներն էլ դպրոց են հաճախում: Միասին, մեր աշխատավարձին գումարած թոշակը՝ 170 հազար դրամ փող ենք ստանում: Այդ գումարը բավականացնում է, քանի որ ոչ լույսի գումար ենք տալիս, ոչ ջրի, ոչ հողի:



Ամեն ինչ մեզ տրված է անվճար, մեզ մնում է գյուղին կյանք տանք ու շունչ ներարկենք: Էս երկիրը մեր երկիրն ա, խիղճս հանգիստ ապրում եմ, չեմ մտածում, որ, վա՛յ, գնացել եմ Ռուսաստան, չէ, ես իմ հողում ապրում եմ, իսկական խոպանը Ղարաբաղն ա: Գնում Ռուսաստանն են շենացնում, բայց կարող ենք նույնը Ղարաբաղում անել: Կարեւորը՝ իմանում ենք, որ մեր պետության համար ենք արել: Կարող եմ վստահ ասել, որ բոլոր պայմանները կան, որ լավ ապրես Ղարաբաղում»: Գյուղում արդեն սկսել են գարնանացանը, ինչպես բոլորը, Բաբայանները եւս հող են մշակելու. «Գյուղի աշխատանքի սեզոնն սկսվեց, պետք ա ցորեն ցանենք, որ հետո այլուր ունենանք, որ հաց թխեմ, կարտոշկա ցանեմ, պտղատու ծառերը մշակեմ, որ ամռանը միրգ ուտենք: Սկզբում բոլոր գործերը մեծ դժվարությամբ էի անում: Ինքս ինձ ասում էի, որ չեմ կարա գյուղում ապրեմ, իսկ հիմա քաղաքում միլիոններ էլ տան, գյուղը, Քաշաթաղը լքողը չեմ»: Սահմանին տիրող լարվածությունը, պատերազմը վերսկսվելու խոսակցությունները նրանց ետ չեն կանգնեցրել իրենց որոշումից:



«Բոլորս պատրաստ ենք առաջին գիծ գնալու, ոչ մեկս չենք մտածում, որ պատերազմ լինելու դեպքում լքելու ենք, այ, հիմա էլ եթե մեր կարիքը լինի, կգանք մեր զինվորի կողքին կանգնելու»,-ասաց տիկին Վարդանուշը՝ ավելացնելով, որ լարվածության դեպքում գյուղը մի մարդու նման ոտքի կկանգնի եւ կգնա պատերազմելու: Գյուղում ավանդույթ ունեն, ժամանակ առ ժամանակ անասուն են մորթում, լավաշ թխում եւ ուղարկում սահմանին կանգնած զինվորներին: «Երբ իմանում ենք, որ մարդ ա գնալու առաջին գիծ, գյուղում խառնաշփոթ է սկսվում, միանգամից ով ինչ ուտելիք ունի, տնից բերում ու ուղարկում ենք զինվորներին»: Զինվորների համար ամեն օր աղոթում են, բայց տիկին Վարդանուշը ցավով նշում է, որ եկեղեցի չունեն: «Ամեն մեկիս տունը եկեղեցի է, բոլորս ունենք մեր անկյունը, որտեղ մոմ ենք վառում, աղոթում, խունկ ծխեցնում խաղաղության համար»:



Այժմ էլ գյուղում Ցեղասպանության 100-ամյակին են պատրաստվում, իրենց ձեռքով 1.5 միլիոն անմոռուկ են պատրաստել, որն ապրիլի 24-ին լցնելու են Որոտան գետը:
Նրա խոսքով, Քաշաթաղում ապրելու համար մի բան է միայն հարկավոր. «Պետք է ուղղակի կարողանաս քո ունեցածը տնօրինես ու որեւէ խնդիր այնտեղ ապրելու չես ունենա: Առանց վարանելու բոլորին հրավիրում եմ Ղարաբաղ ապրելու»: