Համաներման համար Կաթողիկոսը դիմել է նախագահին․ Վարդան Պետրոսյանը ազատության մե՞ջ կլինի / տեսանյութ

Համաներման համար Կաթողիկոսը դիմել է նախագահին․ Վարդան Պետրոսյանը ազատության մե՞ջ կլինի
/ տեսանյութ

Առաջին ատյանի դատարանի որոշմամբ 5 տարվա ազատազրկման դատապարտված դերասան Վարդան Պետրոսյանի գործով վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ դատարանը կքննի վճռաբեկության կարգով: Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, բողոքի քննության առաջին նիստին հայտարարեց նախագահող դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանը:



Նշենք, որ դատական նիստին այսօր ներկայացել են տուժողներ Հայկ եւ Արթուր Հակոբյանները: Տուժող Տաթեւիկ Հակոբյանը առողջական խնդիրների պատճառով չի ներկայացել:



Դատական նիստին չի մասնակցում նաեւ դերասանի ֆրանսիացի փաստաբան Մարի Լոռ Դոզեն:



Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդություն ներկայացրեց դատական նիստը 20 օրով հետաձգելու վերաբերյալ, քանի որ ֆրանսիացի պաշտպան Մարի Լոռ Դոզեն պետք է ծանոթանա տուժող կողմի բողոքին: Փաստաբանը հայերեն չգիտի, հետևաբար նրան բողոքը պետք է տրամադրվի թարգմանված:



Տուժողի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը նշեց, որ իրենք առարկություն չունեն և դատական նիստը կարող է հետաձգվել 30 օրով:



Դատարանի որոշմամբ հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 21-ին:



«Ամբաստանյալը, որը հայտնվում է նման իրավիճակում ձեռնտու է այս լուծումը: Չգիտեմ ճիշտ է, թե չէ բայց Կաթողիկոսը դիմել է հանրապետության նախագահին, որ կիրառեն համաներում»,-լրագրողների հետ զրույցում ասաց Բաղդասարյանը:



Վերջիննս մատնանշելով օրենքը փաստում է, որ Վարդան Պետրոսյանը շուտով ազատության մեջ կլինի:



Հիշեցնենք, որ 2013թ. հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենա իրար էին բախվել: Պատահարի հետեւանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, այդ թվում՝ դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել են:



Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով: Վարդան Պետրոսյանը ձերբակալվել էր: Դատաքննությունը սկսվեց 2014 թվականի մարտի 12-ին: Հայաստանի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հունվարի 29-ին մեղավոր ճանաչեց Վարդան Պետրոսյանին՝ նրան դատապարտելով 5 տարվա ազատազրկման: