Ինչպե՞ս են դպրոցներն ապահովում իրենց գործունեությունը հրապարակային դարձնելու մասին օրենքի պահանջը

Ինչպե՞ս են դպրոցներն ապահովում իրենց գործունեությունը հրապարակային դարձնելու մասին օրենքի պահանջը

Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին դիմել է հարցումով, որով հետաքրքրվել է, թե ինչպե՞ս են դպրոցներն ապահովում իրենց գործունեությունը հրապարակային դարձնելու մասին օրենքի պահանջը:



Ստորև ներկայացված է հարցումը.



««Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի պահանջով տարեկան մեկ անգամ, մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը, դպրոցները պետք է իրականացնեն ներքին գնահատում, որը ուսումնական հաստատության կողմից իր գործունեության վերլուծությունն է: Սույն գնահատմանը մասնակից պետք է դառնան նաև ծնողներն ու աշակերտները: Այն մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 5-ը պետք է ներկայացվի ուսումնական հաստատության կառավարման, մանկավարժական, ծնողական և աշակերտական խորհուրդներին: Դպրոցը պետք է ապահովի դրա հրապարակումը:



Օրենքի սույն պահանջը բխում է ուսումնական հաստատության ժողովրդավար կառավարման սկզբունքից, որն ամրագրված է 5-րդ՝ «Հանրակրթության նպատակները և պետական քաղաքականության սկզբունքները» հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետում:



Կարծում եմ, որ Yerevan.am կայքում դպրոցի հասցեից, հեռախոսահամարից ու ֆինանսական փաստաթղթերից բացի պետք է դրվի յուրաքանչյուր դպրոցի կայքէջը, որտեղից շահագրգիռ հասարակությունը կստանա դպրոցի առօրյայի մասին տեղեկություններ, ինչպես նաև այնտեղ կտեղադրվի օրենքի պահանջով իրականացված դպրոցի ներքին գնահատման հաշվետվությունը և նրա գործունեությունը թափանցիկ կլինի հասարակությանը:



Խնդրում եմ տեղեկացնել, թե օրենքի վերոնշյալ պահանջը՝ հրապարակել դպրոցի ներքին գնահատման հաշվետվությունը, ինչպե՞ս է իրականացվում, ո՞րտեղ գտնել դրանք: Այս հարցումն ուղղված է պետական այն բոլոր մարմիններին, որոնց ենթակայության տակ կան հանրակրթական ուսումնական հաստատություններ»: