Լեհաստանում Հայաստանի դեսպանը հանդիպել է Վարշավայի քաղաքապետին

Լեհաստանում Հայաստանի դեսպանը հանդիպել է Վարշավայի քաղաքապետին

Այսօր Լեհաստանում Հայաստանի դեսպան Էդգար Ղազարյանը հանդիպել է Վարշավայի քաղաքապետ Հաննա Գրոնկիվիչ-Վալցի հետ:



Հայաստանի արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում Ղազարյանը շնորհակալություն է հայտնել Վարշավայի քաղաքապետին` Վարշավայում հայկական դպրոցի աշխատանքների կազմակերպման հարցում քաղաքային իշխանությունների կողմից ցուցաբերվող մշտական և կանոնավոր աջակցության համար, ինչպես նաև Վարշավայի քաղաքային իշխանությունների կողմից մի քանի տարի առաջ «Սադիբա» թաղամասում հայկական խաչքար տեղադրելու արտոնության և այդ պուրակը «Հայկական» անվանակոչելու համար:



Գոհունակություն հայտնելով՝ Երևանի և Վարշավայի միջև գոյություն ունեցող, երկու ժողովուրդների բարեկամության ոգուն ամբողջությամբ համահունչ համագործակցության կապակցությամբ` զրուցակիցները մտքեր փոխանակեցին այդ հարաբերությունների առավել խորացման շուրջ:



Ղազարյանը Վարշավայի քաղաքապետին փոխանցեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնական հրավերը` 2015 թվականին Երևան այցելելու և համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով, ինչը սիրով ընդունվեց Վարշավայի քաղաքապետի կողմից: