Վարդան Նադարյանից դժգոհությունները շատ էին

Վարդան Նադարյանից դժգոհությունները շատ էին

Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանի պաշտոնանկության պատճառն օրեցօր ավելացող դժգոհություններն էին նրա աշխատանքից: Տարեսկզբից Գյումրին ուշքի չի գալիս, մեկը մյուսի հետեւից աղմկահարույց միջադեպեր՝ կրակոցներ, դանակահարություններ, սպանություններ: Սկզբում Ավետիսյանների սպանությունը, երբ Հայաստանի իրավապահ համակարգը, կենտրոնանալով Գյումրիում, չկարողացավ բռնել Պերմյակովին, այնուհետեւ դրան հաջորդած ակցիաները, բախումները:



Այս ամենին զուգահեռ էլ Գյումրիում գործող տարբեր խմբեր շարունակում էին իրենց «ռազբորկաները», որի արդյունքում մարդիկ են զոհվում: Գյումրիի մեր աղբյուրները փոխանցում են, որ կրակոցների դեպքերի հետ կապված խուզարկությունների արդյունքում զենք, զինամթերք են հայտնաբերել տարբեր անձանց տներից, եւ ստացվում է, որ մարզում բոլորը զենք ունեն, իսկ ոստիկանությունը տեղյակ չէ: Այս դեպքերին հաջորդեցին Հիմնադիր խորհրդարանի ավտոերթը, հանրահավաքը, որի ժամանակ դանակահարեցին ՀԽ անդամ Հրաչիկ Միրզոյանին, եւ երկու միջոցառումների ժամանակ էլ ոստիկանությունը չկարողացավ ապահովել խաղաղ ընթացքը: Նկատենք, որ Վարդան Նադարյանի պաշտոնանկությանը նախորդել է Շիրակի մարզում ոստիկանության տարածքային բաժանմունքի պետերի պաշտոնանկությունը, դրանից հետո միայն աշխատանքից ազատվել է մոտ 1 տարի 2 ամիս պաշտոնավարած Նադարյանը:



Ի դեպ, Վարդան Նադարյանը ոստիկանապետի մտերիմներից է, եւ վերջինս միշտ «ատամներով» պահել է նրան, սակայն այս անգամ արդեն անհնար էր, դժգոհությունները միայն ոստիկանական համակարգում չէին: Հնարավոր է, որ ոստիկանապետն իր մտերիմ ընկերոջն անպաշտոն չթողնի, եւ որոշ ժամանակ անց նրան այլ պաշտոն տան: Գյումրեցիներն առանձնապես ոգեւորված չեն նաեւ Վարդան Նադարյանի փոխարեն Շիրակի մարզային ոստիկանապետ նշանակված Գրիշա Ամիրխանյանով, ով Արաբկիրի նախկին ոստիկանապետն է: Հանրությանը նա հայտնի է «Գեբելս» մականունով, ամենաթարմ սկանդալը, որում հայտնվել է, թերեւս Կոմիտաս 5-ում տեղի ունեցած բախումներն էին, երբ ակտիվիստներին ապօրինաբար բերման էին ենթարկում, բռնություն կիրառում: Նա լավ «շրջագայել» է ոստիկանական համակարգով, ավելի վաղ աշխատել է Կոտայքի, Նոր Նորքի ոստիկանապետ, Կենտրոնի փոխոստիկանապետ, այժմ հանգրվանել է Գյումրիում: Տեսնենք, թե որքան կդիմակայի նա, չէ՞ որ ըմբոստ եւ կրիմինալ Շիրակի մարզի վրա «ոչ ոստիկանապետ է գալիս, ոչ մարզպետ»:



Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ