Ժիրայրի ըմբոստ տեսակը մեզ ազատության մեջ է պետք

Ժիրայրի ըմբոստ տեսակը մեզ ազատության մեջ է պետք

Ժամանակը չէ՞, արդյոք, Ժիրայր Սեֆիլյանին եւ մյուսներին ազատելու: Կարծում ենք` ժամանակն է, մանավանդ, որ նրանք քրեորեն դատապարտելի որեւէ բան չեն արել, իսկ անհիմն կերպով նրանց փակի տակ պահելն օրեցօր ավելի ու ավելի է քաղաքականացվում, ինչը ոչ իշխանություններին, ոչ ժողովրդին եւ ոչ էլ Հայաստանով զբաղվող կազմակերպություններին է պետք: Առանց այն էլ 2015 թվականի ընթացքում Հայաստանը մանրադիտակի տակ է լինելու, իսկ եվրոպական կառույցներում, ի դեմս մեր որոշ պատգամավորների, Հայաստանին մարդու իրավունքների գծով մրոտողների պակաս չունենք: Լեւոն Զուրաբյանը, օրինակ, հասցրել է դրսերում զեկուցել, որ Հայաստանում լիքը քաղբանտարկյալ կա: Ախր, ինչի՞ համար, եթե ինքդ էլ համոզված ես, որ Սեֆիլյանին ու նրա մի քանի ընկերներին փակել են ոչ թե քաղաքական հայացքների, այլ բոլորովին այլ պատճառներով: Չմանրամասնենք:



Մենք վստահ ենք, որ մինչեւ եվրապաշտոնյաները հասնեն Հայաստան՝ Սեֆիլյանին ճաղերի հետեւում տեսնելու համար, նա ազատության մեջ կլինի: Բայց չէինք ցանկանա, նույնիսկ, որ բանը դրան հասներ: Տղաներին կարելի է ազատ արձակել ավելի շուտ: Մայիսի 9-ը, մանավանդ, սարերի հետեւում չէ, իսկ եթե այդ օրը Սեֆիլյանը դրսում չլինի, ամեն ինչ վերջնականապես կփչանա: Նկատի չունեմ տոնակատարությունը, այլ այն, որ Լեւոն Զուրաբյանը ճիշտ դուրս կգա, ու Հայաստանը քաղբանտարկյալների գծով կկանգնի Ադրբեջանի կողքին:



Իսկ ինչ վերաբերում է Հիմնադիր խորհրդարանին, որպես շարժման, ապա նրանից զգուշանալը, ավելին` վախենալը, բոլորովին անտեղի է: Մեր կյանքը շոկոլադ չէ, եւ բոլորս էլ հուզմունքի պահեր ունենում ենք: Այսօր ՀՀ իշխանություններին չեն հայհոյում միայն ամենաալարկոտները: Հիմնադիր խորհրդարանն էլ բացառություն չէր: Եկան, իրենց ցույց տվեցին` վերջացավ-գնաց: Էլ ի՞նչ կարիք կա չեղած տեղը քաղաքական սկանդալ հրահրելու:



Եթե բանտարկելով հարց կլուծվի, ուրեմն ՀՀԿ-ին թողեք, մնացածին բանտարկեք: Հուսամ` այդքան պառկելատեղ կունենաք քրեակատարողական հյուրանոցներում: Ի դեպ, ինչպե՞ս է կարգը, առաջվա նմա՞ն` առավոտյան ֆիզկուլտուրա, նախաճաշ, թեթեւ զբոսանք, ճաշ, ինքնակրթության ժամ, երեկոյան զբոսանք, ընթրիք, քուն, շաբաթը երկու օր բաղնիք: Ավելի լավ չէ՞, քան նաիրիտցիների նման ամեն օր, անձրեւի տակ Հովիկ Աբրահամյանին սպասեն, որ մեկ ամսվա աշխատավարձ տա, այն էլ՝ չիմանան ինչ անել:
Իմ կարծիքով, իշխանությունները պետք է մի բան էլ շնորհակալություն հայտնեն Հիմնադիր խորհրդարանին, որ ժողովրդի աչքերը բացեց, որպեսզի ժողովուրդն ինքն իր ներսն ավելի լավ տեսնի, հասկանա, որ ինքը դեռ պատրաստ չէ մեծ-մեծ գործերի, որոնցից մեկն էլ իշխանափոխությունն է: Ժողովուրդը հասկացավ, որ 5 հազար վերցնելուց եւ ընտրելուց հետո այլեւս ոչ մի ուժով չի կարող գնալ իր «ընտրած» իշխանության դեմ:



Հիմնադիր խորհրդարանի վերջին հավաքներից հետո հազարավոր մարդիկ հասկացան, որ իրենք նույնիսկ իրավունք չունեն պատերի տակ իշխանություններից բողոքելու: Սեֆիլյանի ձերբակալությունը պետք է ալիք առաջացներ օր առաջ այս իշխանություններից ազատվել տենչացող մարդկանց մեջ, բայց եղավ հակառակը: Երբ բանը հասավ գործին, փախան, մտան տուն: Սրանից հետո էլ ի՞նչ երեսով են իշխանափոխություն ու նման բաներ պահանջելու: Սա այն եզակի դեպքերից է, երբ առաջնորդողը կա (ուժ կամ անհատ), իսկ ժողովուրդը նրան լքում է վճռական պահին: Բայց սա նաեւ այն դեպքն էր, որ մեկ անգամ եւս ապացուցեց, որ հեղափոխությունների համար (իհարկե, շատ ուռճացված է Հիմնադիր խորհրդարանի պայքարը հեղափոխական անվանելը) միայն առաջնորդող ուժի (անհատի) առկայությունը բավարար պայման չէ:



ՀԽ-ի տեսաբանները, համոզված ենք, հետագայում գրքեր կգրեն իրենց պայքարի մասին, կվերլուծեն, կփորձեն հասկանալ, թե հատկապես որտեղ իրենք սխալվեցին, որ ժողովուրդը չեկավ: Իսկ այսօր նրանք նույնիսկ իրենց հաջորդ քայլի մասին պատկերացում չունեն եւ, ով զարմանք, խրոխտ-խրոխտ հայտարարում են այդ մասին: Բա չհարցնե՞ս, հարգելի ՀԽ պատգամավոր, եթե դու հաջորդ քայլդ չգիտես, ի՞նչ էիր անելու, եթե վիճակը մի քիչ ավելի բարդ լիներ, ռեժիմն էլ` փախած: Բեղերը ոլորած ու այծի մորուքով ամեն բան հո հեղափոխական չէ՞, այ ձեր ցավը տանեմ: Հեղափոխությունը մի քիչ լուրջ բան է: Ախր, ո՞վ է 90 տոկոսով միատարր ժողովուրդ ունեցող երկրում ազգային-ազատագրական շարժում հռչակում, որ դուք եք հռչակել: Ծիծաղելի չէ՞: Բացատրեք, մի հատ հասկանանք` հային ո՞նց եք հայից ազատագրելու, Սերժին ո՞նց եք Ժիրոյից, իսկ Ժիրոյին Սերժից ազատագրելու: Բանտո՞վ, աքսորո՞վ, կախելո՞վ, ԵԽ-ում միմյանցից բամբասելո՞վ:
Մի խոսքով` ազատեք Ժիրայր Սեֆիլյանին, Շանթ Հարությունյանին ու մյուսներին: Նրանց ըմբոստ տեսակը մեր ժողովրդին պետք է ազատության մեջ:
Մայիսի 9-ը` առանց «քաղբանտարկյալների»: